Ասկերան քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի շրջկենտրոն Ասկերան քաղաքի տարածքում՝ (նկ. 1, 2):
Պատմական ակնարկ
Ասկերանի քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 2002 թվականին Բարսեղ Բեգլարյանի բարերարությամբ: Եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ որպես Ասկերան քաղաքին նվեր, քանի որ բնակավայրը եկեղեցի չի ունեցել: Եկեղեցին կառուցվել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի նախագծով: Եկեղեցու պաշտոնական օծումը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 9-ին (անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015, Ասկերանի Սբ․ Աստվածածին եկեղեցին 17 տարեկան է https://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27822-17 ):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Ասկերանի Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտ քարով: Կրող կոնստրուկցիաները, կամարները, թաղերը երկաթբետոնից են:
Եկեղեցին ունի խաչաձև հատակագծային լուծում, կենտրոնագմբեթ է: Եկեղեցու գմբեթը նիստավոր է, պսակվում է հովհարաձև վեղարով (նկ. 3, 4): Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է կամարակապ բացվածքով նախասրահը, որի կենտրոնում տեղադրված է եկեղեցու միակ մուտքը, որից վերև գտնվում է շրջանաձև մեծ պատուհանը (նկ. 5): Նախասրահի արևմտյան ճակատի երկու կողմերում կան եռանկյունի խորշեր, որտեղ յուրաքանչյուրում տեղադրված է մեկական խաչքար (նկ. 6, 7, 8):
Եկեղեցու անմիջապես կողքին է գտնվում հովվատունը: Եկեղեցական համալիրի տարածքում է գտնվում Վանքասարի եկեղեցու մոտից դեռևս 1980-ական թվականներին ադրբեջանցիների կողմից Աղդամի թանգարան տարված 13-րդ դարի խաչքարը, որը հետագայում՝ տարածքների ազատագրումից հետո բերվեց և տեղադրվեց Սբ․ Աստվածածին եկեղեցու մոտ (նկ. 9):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին ռազմական գործողություններից չի տուժել: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով Ասկերան քաղաքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և եկեղեցու ներկայիս ճակատագիրն անհայտ է:
Գրականություն
- Անկախությունւից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, https://hetq.am/hy/article/64015։
- Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցին 17 տարեկան է, https://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27822-17։
Ասկերան քաղաքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ