Ավդուռ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում (նկ․ 1, 2)։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, 2022, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 2 Եկեղեցին հյուսիս-արևելքից, 2022, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1814 թվականին․ «1814 ամի/ շնորհ[ա]մբ եւ/ ողորմութեամբ ամենազորին Ա[ստուծո]յ կառուց[ա]ք/ Ս[ուր]բ եկեղեցիս յանուն Ս[ուր]բ Ա[ստուած]ածնին/ արդեամբ արդար վաստակոց մերոց/. մեք՝ երկոքեան հարազատ եղբարք՝ Սարգիս բէկ ե[ւ]/ Յարութի[ւն] բէկ Ղազիեանքս ի Հացի գէղջ, յիշատակ/ մեզ եւ մեր ննջեցելոցն: Եւ որք ընթեռնուք/՝ յաղօթս ձեր յիշեցէք ի Քրիստոս. Ամէն/ (նկ․ 3):

Նկ. 3 Եկեղեցու մուտքի բարավորը, 2022, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Եկեղեցին միանավ ուղղանկյուն սրահ է, արևելյան կողմում ուղղանկյուն խորանով և զույգ ավանդատներով։ Ունի 12,7 մետր երկարություն, 6,45 մետր լայնություն, 5,7 մետր բարձրություն: Թաղը հենված է երկու զույգ որմնասյուներից բարձրացող թաղակիր կամարների վրա (նկ․ 4)։ Տանիքը երկթեք է, ծածկված ասբեստե շիֆերով։ Շքամուտքը բացվում է հարավային կողմից, լուսավորությունը ստանում տարբեր ուրվագիծ ունեցող թվով երեք լուսամուտներից։ Շքամուտքը կառույցի միակ գեղարվեստական կատարում ունեցող հանգույցն է (նկ. 5): Այն կառուցված է համակ սրբատաշ քարերով և ունի 17-19-րդ դարերի համար դասական ծավալային և քանդակային լուծում. զանգվածեղ խարիսխների վրա բարձրացող ուղղանկյուն տրամատավորումով եզրասյուներ, սալիկատեսք խոյակներ, որոնք հարդարված են կոնատեսք քանդակաշարով:

Նկ. 4 Եկեղեցին ներսից, 2022, լուս․ Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Շքամուտքի ընդհանուր տեսքը, 2022, լուս․ Հ. Պետրոսյանի:

Բարավորը ներառող կրկնակի եզրագոտին պարանահյուս է, բուն բարավորը երիզում է նույն կոնատեսք քանդակաշարը, շինարարական արձանագրությունը ներառված է եկեղեցական կառույցի ուրվագիծ հիշեցնող շրջանակի մեջ, որի կենտրոնական հատվածը պսակում է զարդարուն խաչաքանդակը (նկ. 6): Շինարարական արձանագրությունից ներքև փորագրված են Մատթեոսի ավետարանի հետևյալ խոսքերը. «Հայցեցէք եւ գտջիք, բաղխեցէք եւ բացցի ձեզ» (Մատթէոս, 7։7)։

Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով, հենց այդ ժամանակ էլ եկեղեցու հարավային ճակատին կից կառուցվել է լրացուցիչ շինություն։

Նկ. 6 Շքամուտքի բարավորը, 2022, լուս. Հ. Պետրոսյանի

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում։ 2020 և 2023 թվակաների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Ավդուռ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ավդուռ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ավդուռ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ