Արևշատ գյուղի Հանգած եղցին
Տեղադրությունը
Հանգած եղցին գտնվում է Հադրութի շրջանի Արևշատ գյուղից մոտ 2 կիլոմետր արևմուտք (նկ․ 1, 2)։
Պատմական ակնարկ
Արևշատ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից դեպի հարավ 62 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է Դոլանլար։ 1991 թվականին «Օղակ» օպերացիայի արդյունքում գյուղը հայաթափվել է, այնուհետև ամբողջությամբ հրկիզվել։ Ազատագրվել է 1993 թվականին։ Ազատագրումից հետո վերանվանվել է Արևշատ։
2020 թվականի նոյեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Միանավ թաղակապ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով (նկ․ 3)։ Բեմը չի պահպանվել։ Կառուցված է տեղական խոշոր կոպտամշակ քարերով և կրաշաղախով։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից (նկ․ 4), ուր որպես բարավոր վերօգտագործված է հորիզոնական դիրքով դրված 9-10-րդ դարերի մի խաչքար։ Կառույցը լուսավորվել է արևելյան և արևմտյան պատերում բացված երկու փոքր լուսամուտներով։ Եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատին և խորանի վերնամասում շարքով ագուցված են մի քանի պարզ հորինվածքով խաչքարեր (նկ․ 5)։ Խաչքարերի նման գոտի է ստեղծված և արևմտյան ճակատին։ Դրանք ոչ միայն զարդարել են պատերի կոպիտ ու միապաղաղ մակերեսները, այլև կազմել են շենքն ամրակայող հորիզոնական գոտիներ։ Արևմտյան ճակատի խաչքարերից երկուսն արձանագիր են։ Դրանցից մեկը հայտնում է. «Տ[է]ր Ա[ստուա]ծ ողորմեայ/ Ոհանայ, Գենոյ» (նկ․ 6)։ Հաջորդ խաչքարի արձանագրությունը հայտնում է նաև թվականը. « Յիշէ Ք[րիստո]ս Ա[ստուա]ծ….. զԹ/անկազիզն. թվ. ։ՉԿԸ։ (1319 թ.)», (նկ․ 7)։
Եկեղեցու շուրջը գտնվում է հին գերեզմանատունը, տապանաքարերը հիմնականում գտնվում են հողի մեջ։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակում, ամբողջովին փլված էր թաղը (նկ․ 8)։ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում և ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Արևշատ գյուղի Հանգած եղցին
Արցախ