Բերդաշենի պեղումները

Ամրոցի ստորոտի և 2019 թ. հնագիտական հետազոտությունը

Արցախի հնագիտական արշավախմբի մի ջոկատը 2019 թ.  հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է կատարել Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի ամրոցի ստորոտում և Պիծի նահատակ մատուռի շրջակայքում: Գյուղն այժմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Պեղումների նպատակն էր սկիզբ դնել գյուղի Բերդի (Պյորթ) և շրջակայքի կանոնավոր հնագիտական հետազոտությանը, նկատի ունենալով համայնքի առանձնահատուկ վերաբերմունքը դեպի մշակութային ժառանգությունը և հնությունները հետազոտելու նրա նախաձեռնողականությունը:

Գյուղի նախկին և ներկա անվանումները (Բերդաշեն, Ղզղալա, Կալաքենդ-Կարաքենդ-Աղջկաբերդ) սերտորեն կապված են գյուղի հյուսիսային ծայրամասում գտնվող միջնադարյան բերդի հետ, որի գագաթային հատվածում պահպանվել են պարիսպների, ջրամբարի և բնակելի-տնտեսական համալիրների հետքեր, և որի՝ տասնամյակներ տևած «պեղումներով» ստեղծվել էր գյուղի թանգարանը: Քանի որ առկա միջոցները հնարավորություն էին տալիս միայն ստուգողական աշխատանքներ իրականացնել, հնագիտական տեղազննումից հետո որոշվեց ստուգողական պեղումներ իրականացնել Բերդի հարավ-աևևմտյան ստորոտում և Հայրենական պատերազմի հուշարձանի տարածքում, ուր գտնվել են վաղքրիստոնեական կոթողներ, որոնց մի մասի օգտագործումով էլ մոտ 30 տարի առաջ՝ հուշարձանին կից՝ Պիծի նահատակ կոչվող սրբավայրի տեղում  կառուցվել է մատուռ:

Պեղումները ֆինանսավորվել են Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Բերդաշեն բարեգործական հիմնադրամի կողմից:

Բերդի ստորոտ:

Պայմանականորեն մեր կողմից Բերդի ստորոտ անվանված թաղամասի հարավ արևմտյան հատվածում (նկ. 1), ուր խորհրդային տարիների փորվածքների արդյունքում առաջացած հողի կտրվածքներում դիտելի են մինչև երկու մետր խորությամբ մշակութային շերտեր (նկ. 2), առանձնացվել են 5*5 մետր չափսերի 9 քառակուսիներ, որոնցից հետախուզական պեղումներ են անցկացվել 6 քառակուսիներում (A1, A2, B1, B2, C1, C2):

Նկ. 1. Բերդի ստորին թաղամասի ընդհանուր տեսքն ըստ Google Earth-ի , լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Նկ. 2 Մշակութային շերտի կտրվածքը Բերդի ստորոտի թաղամասում , լուս՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Արդյունքում բացվել են բեկոտվող քարից կավաշաղախով շարված պատերով, անկանոն հատկագծումով, կիսագետնափոր բնակելի-տնտեսական երեք համալիրների առանձին մասերը (նկ. 3): Յուրաքանչյուր համալիրի պարտադիր մաս է կազմում թոնիրը: Առաջին համալիրում գտնվել է երկանքի վերին քարը (նկ. 4):

Նկ. 3 Պեղված հատվածի տեսքը վերևից, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Նկ. 4 Երկանքի վերին քարը, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը հիմնականում 11-13-րդ դարերի խեցանոթներ բեկորներ էին, որոնց մեջ որոշակի թիվ են կազմում դրոշմազարդ կարասի մի բեկորները (նկ. 5), կաղապարանախշ և ջնարակապատ խեցանոթների մասերը (նկ. 6): Պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաև ապակե ապարանջանների բեկորներ, մեկ պղնձե մետաղադրամ և այլն: Նմանատիպ հնագիտական նյութերը որպես կանոն քաղաքային մշակույթի բաղկացուցիչներ են և ցուցում են բնակավայրի ներգրավվածությունը տարածաշրջանի տնտեսա-մշակութային զարգացումներին, ինչը բնորոշ է աոևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղաքաղաքներին: Ցավոք, Բերդի մասին միջնադարյան գրավոր աղբյուրներում ուղղակի տեղեկություններ չկան, այստեղից ծագող վաղքրիստոնեական (նախնական թվագրությունն է  6-9-րդ դարեր) քանդակազարդ սալի երկու բեկորների արձանագրական հատվածներն էլ, ցավոք, որևէ անձնանուն կամ տեղանուն չեն պարունակում:

Հայտնաբերված նյութը մեջ կան նաև 9-10-րդ և 17-18-րդ դարերին վերաբերող խեցանոթներ բեկորներ: Ինչպես պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի, այնպես և շրջակայքում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում վերգետնյա նյութի մեջ առկա են սև մակերեսով խեցանոթների բեկորները, որոնք կարող են թվագրվել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբից մինչև անտիկ ժամանակաշրջանով:

Բերդի ստորոտի պեղումների և շրջակայքի հետաոտության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ կարծես թե գործ ունենք Բերդի հարավային ստորոտի մի թաղամասի հետ, որը սփռվել է ստորոտի ողջ հարավային տափարակում՝ զբաղեցնելով մոտավորապես 1,5 հա տարածք: Դատելով հայտնաբերված նյութերից կարելի է եզրակացնել, որ այն ակտիվ բնակեցված է եղել 11-13-րդ դարերում, որը շարունակվել է մինչև 17-18-րդ դարեր:

Նկ. 5 Դրոշմազարդ կարասի բեկորները, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Նկ. 6 Ջնարակապատ խեցեղենի բեկորներ, 11-13-րդ դարեր, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Պիծի նահատակ

Հետազոտական աշխատանքները ներառել են Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված համալիրի հուշարձանին կից գտնվող փոքրիկ մատուռի շրջակայքը (նկ. 7):

Դեռևս խորհրդային տարիներին հուշահամալիրի շինարարական աշխատանքների ժամանակ այս տարածքում հայտնաբերվել էին սրբատաշ կրաքարից կառուցված հաստ պատերի մնացորդներ, վաղքրիստոնեական կառույցների և կոթողների մի շարք մանրամասներ. խարիսխներ, խոյակներ, խաչակալներ (Պետրոսյան 2008, 34, 64-65): Մատուռի ներսում գտնվում են նաև 12-13-րդ դարերի երկու խաչքար, մատուռին հյուսիսից կից դրված են նաև 16-17-րդ դարերի երկու տապանաքարեր, որոնց ծագում են տարբեր վայրերից:

Նկ. 7 Մատուռը և շրջակայքը մինչև պեղումները, տեսքը հյուսիս-արևմուտքից , լուս՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Պեղումներին զուգահեռ տափարակի վերնամասում անցկացվեց նաև մագնիսական սկանավորում (շնորհակալություն ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արշալույս Մկրտչյանին, ով իրականացրեց ինչպես այս սկանավորումը,  այնպես էլ պեղումների հատվածի և Բերդի ստորոտի դրոնային լուսնակարահանումը): Այն հուշարձանի անմիջապես թիկունքում, ջրավազանի մոտ վավերացրեց լայնակի ձգվող պատի, իսկ մատուռին կից՝ քարակույտերի մնացորդներ: Պատի պեղումները, որ մեծ ծավալ են ենթադրում, թողնվեց ապագային, իսկ մատուռին կից քարակույտերը (նկ. 8), ինչպես պարզեցին պեղումները՝ մերօրյա մատոռի կառուցման շինարարական մնացոդներն էին:

Նկ. 8 Մատուռի հյուսիսային բակի սկանավորման սխեման, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Պեղումների ընթացքում մատուռին կից տարածքը մաքրվել է բուսածածկույթից,  մեծ քանակությամբ շինարարական և կենցաղային աղբից: Նոր մատուռի հարավային և արևմտյան պատերին կից 0,60 մետր խորության վրա բացվել է կիսակոպտատաշ մեծածավալ քարերով կառուցված մի հարթակ (նկ. 9, 10): Այն բաղկացած է երկու շար քարերից, որոնցից ներքևինները մեծ են, կոպտատաշ, իսկ վերևինները համեմատաբար ավելի փոքր: Այս պատի երկարությունը կազմում է 4,20 մետր, ամենալայն հատվածի չափերն են 1,50 մետր, ամենանեղինը՝ 1,20 մետր: Առջևի հատվածի քարերը ձգվում են մատուռին գրեթե զուգահեռ, իսկ կեսից՝ շեղում են տալիս:

Հարթակի քարերը առկա են նաև մատուռի մուտքի առջև, բայց դեպի հյուսիս չեն շարունակվում: Պեղումները ցույց տվեցին, որ մնացած բոլոր կողմերից մատուռը նստած է հիմնահողի և կրաքարե ժայռի վրա, որը բացվում էր նրա բոլոր կողմերից:

Մատուռի կառուցման ժամանակ շինարարության տարածքը բետոնապատվել է, այդ թվում և հարթակը և դրա վրա շարվել են մեծ ու փոքր քարերից բաղկացած մատուռի պատերը: Ըստ տեղացիների՝շինարարության ժամանակ հարթակը չի երևացել: Որոշ տեղերում հարթակի քարերը հանվել են և այդ տեղերում բետոն է լցվել: Մատուռի ներսում իրականացված պեղումները ցույց տվեցին, որ նրա հատակը բաղկացած է  տոփանված , իսկ հարավային պատը անմիջապես դրված է հարթակի վրա: Մնացած հատվածներում այն չի դիտարկվում: Պեղումների ընթացքում հիմնահողը և քարաժայռերը բացվել է 0,40-0,60 մ խորության վրա:

Կարելի եզրակացնել, որ ի դեմս այս հարթակի մենք գործ ունենք բուն Պիծի նահատակի նախնական հարթակի հետ, և որ խորհրդային տարիների հարթեցման և նոր մատուռի կառուցման արդյունքում նախկին կառույցից միայն սա է մնացել: Փաստորեն անհնար է պարզել, թե ինչ վաղքրիստոնեական կառույցներ են եղել այստեղ և ինչ հարաբերոոթյան մեջ են դրանց հետ մեզ հասած քանդակազարդ քարերը: Հնագիտական նյութը գրեթե բացակայում է. գտնվել են միջնադարյան  հասարակ խեցեղենի սակավաթիվ բեկորներ, կղմինդրի երկու խոշոր բեկոր:

Հետախուզական աշխատանքները ցույց են տալիս, որ Բերդի ավելի հանգամանալից հետազոտությունը պահանջում է լուրջ ֆինանսական նեդրում և կազմակերպական ջանք: Հուսով ենք, որ պարբերական պեղումները հնարավորություն կընձեռեն ոչ միայն վերականգնել բնակավայրի միջնադարյան կերպարը, այլև մշակութային ժառանգության հետազոտությունը, հարնայանացումն ու թանգարանացումը կդառնան համայնքի մշակութային կյանքի բաղկացուցիչը:

Նկ. 9 Նորաբաց հարթակը,ը, տեսքը՝ վերևից, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Նկ. 10 մատուռին կից տարածքը պեղումներից հետո, տեսքը հարավ-արևմուտքից, լուս.՝ Արցախի հնագիտական արշավախմբի:

Գրականություն

  1. Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Ֆրինթինֆո:
Բերդաշենի պեղումները
Բերդաշենի պեղումները
Բերդաշեն
Արցախ