Բերձորի սբ. Համբարձման եկեղեցին

Տեղադրությունը

Սուրբ Համբարձման եկեղեցին գտնվում է Բերձորի հարավարևմտյան ծայրամասում, Մ-12 մայրուղու հարևանությամբ՝ Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին, գետի հոսանքից 150 մետր վերև, ծովի մակերևույթից 960 մետր բարձրության վրա (նկ. 1, 2)։

Նկ. 1 Սուրբ Համբարձման եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ Զ․ Ըռքոյանի։

Նկ. 2 Սուրբ Համբարձման եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ Զ․ Ըռքոյանի։

Պատմական ակնարկ

Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Շինարարությունը ղեկավարել է Գեորգի Առաքելյանը։  Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի հեղինակներն են անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, նկարիչ Կարո Մկրտչյանը, փայտագործ վարպետ Վանո Դադոյանը և ուրիշներ: Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

 

Նկ. 3 Եկեղեցու բարավորը, քանդակագործ`Արտաշես Հովսեփյան, լուս․՝ Զ․ Ըռքոյանի:

Նկ. 4 Եկեղեցու արևելյան պատի յաթաղան կոտրող արծվի քանդակը, քանդակագործ` Արտաշես Հովսեփյան, լուս․՝ Զ․ Ըռքոյանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է, խորանի երկու կողմերում ունի ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող գմբեթն ունի 12 նիստանի թմբուկ։ Արևմտյան ճակատի տանիքին կա փոքրիկ զանգաշտարակ։  Եկեղեցին ներսից զարդարված է որմնանակարներով, իսկ դրսից՝ բարձրաքանդակներով։  Հատկապես նշանակալից են մուտքի բարավորի՝ Աստվածածինը մանկան հետ  և, կառույցի արևելյան ճակատի յաթաղան կոտրող արծիվը  Գ․ Նարեկացու «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք» արձանագրությամբ քանդակային հորինվածքները, որոնց հեղինակն է Արտաշես Հովսեփյանը (նկ. 3, 4)։

Նրան են պատկանում նաև  գմբեթի թմբուկի 12 նիստերի վրա տեղադրված վարդյակներից երեքը և այլ քանդակներ։ Կառույցի արտաքին հարդարանքի մաս են կազմում նաև  հարավային պատին տեղադրված 4 նվիրատվական խաչքարերը և արևի ժամացույցը։  Եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում փորագրված  է 6 տողանոց հետևյալ արձանագրությունը.   «Յուսովն Աստուծոյ՝ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք զՍուրբ Համբարձման եկեղեցիս (ի յիշատակ վասն Հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց։ Հիմնարկեցաւ տաճարս Սուրբ) Համբարձում անուն յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի ՌՋՂԸ ըչ(1998) յաւուր Սուրբ Հոգոյ (Գալստեան ի հայրապետութեանն Տէր Տէր Գարեգին Ա կաթողիկոսին ամենայն Հայոց, յառաջնորդութեանն) Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ եպիսկոպոսին եւ ի հովւութեանն գաւառիս Տէր Աթանաս վարդապետին։ Եղեւ ի թուին Հայոց ՌՆԽԷ (1447 = 1998)-ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յաւիտեանս. ամէն»։  Երկրորդ ընդարձակ արձանագրությունը փորագրված է հարավային պատի արևելյան վերին հատվածում և ներկայացնում է երեք տասնյակ շինարարների անունները՝ ճարտարապետից մինչև բանվորներ։ Եկեղեցու զարդաքանդակների հեղինակներից է նաև քանդակագործ Հովհաննես Մկրտչյանը։  Սուրբ սեղանի Տիրամոր առաջին սրբապատկերը նկարել է Կարո Մկրտչյանը։ Մուտքի և ավանդատների դռների հեղինակն է փայտագործ վարպետ Վանո Դոդոյանը։  Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի վրա աշխատել են այլ արվեստագետներ ևս:

Եկեղեցու բակում կանգուն էին քանդակագործ Հ․ Մկրտչյանի հեղինակած 2 խաչքար։ Հարավային կողմում հայոց Մեծ Եղեռնի 90 ամյակին նվիրված խաչքարն էր (նկ. 5), իսկ հյուսիսային կողմում՝ Սպիտակի երկրաշարժի նահատակների հիշատակին նվիրված խաչքարը (նկ. 6)։ Արևելյան կողմում կար փոքր խաչքար՝ աղբյուրով։

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցու երկու զանգերը նվիրաբերված են  Լիբանանի հայ համայնքի կողմից։

Նկ. 5 Մեծ Եղեռնի 90 ամյակին նվիրված խաչքար, լուս.՝ Ա. Գրիգորյանի:

Նկ. 6 Սպիտակի երկրաշարժի նահատակների հիշատակին նվիրված խաչքար, լուս.՝ Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Մինչև 2022 թվականի օգոստոսի 25-ը եկեղեցին գտնվում էր բարվոք վիճակում։ Թշնամուն հանձնելուց հետո եկեղեցու ճակատագիրն անհայտ է։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձորից տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ (https://monumentwatch.org/hy/2022/08/26/%d5%a2%d5%a5%d6%80%d5%b1%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b2%d5%a1%d5%be%d5%b6%d5%b8%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%b6%d5%a5%d6%80%d6%84%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82/)։ Հնարավոր է եղել մասնակիորեն տարհանել Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցու առանձին տարրեր:

Գրականություն

1․ Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 177։

2․ «Երկրապահ» շաբաթաթերթ, 1998թ․ 4-10 հունվար, էջ 4։

Բերձորի սբ. Համբարձման եկեղեցին
Բերձորի սբ. Համբարձման եկեղեցին
Բերձորի սբ. Համբարձման եկեղեցին
Արցախ