Բերքնիի եկեղեցին

Տեղադրություն

Կովսական (Զանգելան) բնակավայրի կազմի մեջ մտնող Բերքնի գյուղատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 110 կմ հարավ՝ ՀՀ սահմանից 1 կմ հեռավորությամբ։ Ծավ գետի ձախակողմյան հատվածում գտնվող գյուղատեղիից 0,9 կմ հեռավորությամբ է գտնվում միանավ բազիլիկ տիպի եկեղեցին (նկ․ 1, 2)։

Նկ․ 1 Բերքնիի եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, լուս. Զ․ Ըռքոյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկություններ և արձանագրություններ հայտնի չեն։ Հիմք ընդունելով  ճարտարապետական-հորինվածքային լուծումները և առկա խաչապատկերների ոճավորումները եկեղեցին թվագրվում է 17-րդ դարով։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Բերքնիի եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Այն ներքուստ եղել է ծեփապատ։ Կառույցը արևելյան կողմում կամարաձև ներգծված խորանով և զույգ, ուղղանկյուն ավանդատներով միանավ, թաղածածկ բազիլիկ է, արտաքին 14,50x9,10 մետր չափերով (Կարապետյան 1999, 208, նկ․ 3)։ Կիսագլան թաղը նստած է պատերին կից երկթռիչք կամարների վրա և ամրացվել է հյուսիսային և հարավային պատերին կցված որմնասյուների վրա բարձրացող կամարով (նկ․ 4)։ Միակ մուտքը հարավային կողմից է: Եկեղեցին ունի հինգ պատուհան, որոնցից երեքը բացված են արևելյան պատի վրա (մեկը ավագ խորանի և երկուսը ավանդատների հատվածներում), մեկը հարավային և մեկն էլ արևմտյան պատերի վրա: Խորանի աջ ու ձախ կողմերում առկա են պատրհաններ։ Մկրտության ավազանը տեղադրված է հյուսիսային պատի խորշի մեջ։ Պատերում ագուցված են խաչքարեր (նկ․ 5)։ Կառույցի մոտակայքում գտնվում է բնակավայրի գերեզմանատունը։ Այստեղ առկա են հասարակ տապանաքարեր, որոնցից մի քանիսը խաչապատկերներով են։ Գերեզմանատան կենտրոնում նկատվում է փոքրիկ կառույցի մնացորդներ (Ըռքոյան 2015)։ Խաչքարերից մեկը թվագրվում է 11-րդ դարով (նկ․ 6)։

Նկ․ 4 Բերքնիի եկեղեցու արևմտյան կողմը, լուս. Զ․ Ըռքոյանի։

Նկ․ 6 11-րդ դարի խաչքար Բերքնիի գերեզմանատան տարածքից, լուս. Զ․ Ըռքոյանի։

Նկ․ 2 Բերքնիի եկեղեցու արևելյան կողմը, լուս. Artsakh Monuments ֆեյսբուքյան էջից։

Նկ․ 3 Բերքնիի եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 208։

Նկ․ 5 Բերքնիի եկեղեցու պատի մեջ ագուցված խաչքար, լուս. Զ․ Ըռքոյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Բերքնիի եկեղեցին պատերազմից առաջ և հետո փոփոխությունների չի ենթարկվել։

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացնում է գյուղն ու եկեղեցին, բայց չի հիշատակում գերեզմանատան մասին (Կարապետյան 1999, 208)։

 

Գրականություն

  1. 1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Ըռքոյան 2015 – Ըռքոյան Զ․, Բերքնիում, Մերան ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ, https://www.facebook.com/844532158912432/posts/945267162172264/ (31.10.2021-20:12)։
Բերքնիի եկեղեցին
Բերքնիի եկեղեցի
Բերքնիի եկեղեցի
Արցախ