Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները

Գանձասարի վանքի կարևոր՝ երկրորդ կառույցը գավիթն է, որը ծառայել է որպես տոհմական տապանատուն (նկ․ 1, 2)։ Այն, ինչպես կցակառուցված բոլոր գավիթները, եկեղեցուն հարում  է  արևմտյան կողմից։

Նկ. 1 Գանձասարի վանքի գավիթը, տեսքը հյուսիս-արևմուտքից, լուսանկարը՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 2 Գանձասարի վանքի գավիթը, տեսքը հարավ-արևմուտքից, լուսանկարը՝ Հ. Պետրոսյանի:

1261 թվականը կրող շինարարական արձանագրության (նկ. 3) առաջին մասը գրված է  Հասան Ջալալի անունից, երկրորդ մասը՝ նրա որդի Աթաբակի (ԴՀՎ 5, 40-41): Կարելի է հավանական համարել, որ շինարարությունն  ավարտվել է Հասան Ջալալի եղերական մահվանից (1261 թ.) անմիջապես հետո, երբ Խաչենի իշխանությունն  անցել էր Աթաբակին:

Նկ․ 3 Գավթի շինարարական արձանագրությունը, լուսանկարը՝ Հ. Պետրոսյանի:

Հայ միջնադարյան շինարվեստին հատուկ գավիթների այս հորինվածքը հայկական ճարտարապետության մեջ տարածված էր հատկապես 12-13-րդ դարերում։ Գանձասարի գավիթը, սակայն, իր հատակագծա-ծավալային հորինվածքում ունի մի առանձնահատկություն՝ խաչվող կամարներով ծածկված հիմնական ծավալը արևմուտքից ունի հավելյալ տարածություն, որը կենտրոնական հատվածից բաժանված է զույգ, 16 նիստանի միակտոր սյուներով։ Այսպես են լուծված նաև Հաղբատի ժամատունը և Մշկավանքի գավիթը (Мнацаканян 1952, 76-93)։ Վերջինս, ինչպես նկատել է Յակոբսոնը, կարծես Գանձասարի գավթի կրկնօրինակը լինի։ Այս նմանությունը հիմք է տվել ենթադրելու, որ դրանք կառուցել է միևնույն ճարտարապետը (Якобсон 1960, 154)։

Գավթի ներքին հարդարանքը համեստ է։ Որմնամույթերն ու սյուներն ունեն պարզ խոյակներ ու խարիսխներ (նկ․ 4)։ Գավթից դեպի եկեղեցին տանող մուտքը երիզված է կիսաշրջանաձև կամարով, որի երեսակալը մշակված է մանր հյուսվածքով, իսկ քանդակազարդ կամարը՝ աստղերով և շեղանկյունիներով (նկ․ 5)։

Նկ. 4 Գավթի ինտերիերը, լուսանկարը՝ Լ․Կիրակոսյանի։

Նկ. 5 Գավթից դեպի եկեղեցին տանող մուտքի բարավորը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Ծածկն իրականացված է փոխադարձաբար հատող կամարների համակարգով, կամարների համար հենարան են ծառայում արևմտյան կողմում առանձնակի տեղադրված զույգ սյուները և մնացյալ պատերի որմնասյուները։

Հարուստ է հարդարված գավթի առաստաղը։ Կենտրոնական հատվածն ունի շթաքարային լուծում և ավարտվում է երդիկով (նկ․ 6), արևմտյան հատվածները զարդարված են քանդակներով, իսկ արևելյան միջին հատվածը՝ մեծ խաչով (նկ․ 7)։

Նկ․ 6 Գավթի առաստաղի կենտրոնական հատվածը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 7 Գավթի առաստաղի արևելյան հատվածը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Այստեղ՝ սրահի արևելյան մասում, պահպանվել են 15-րդ դարում ապրած Հասան-Ջալալ Գ իշխանի, մի շարք կաթողիկոսների, Բաղդասար միտրոպոլիտի, մի քանի աշխարհիկ անձանց տապանաքարերը (նկ․ 8)։ Հատկապես նշելի է Ջալալ Գ իշխանի (Ուլուբաբյան 1975, 305-307) մարմարե, եզակի քանդակներով տապանաքարը (նկ. 9, արձանագրությունը՝ «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431 թ.)»), որի հորինվածքը և հատկապես Աստղն առավոտին խորհրդանշող վեցաթև աստղաքանդակը տարաբանույթ, երբեմն էլ ֆանտասատիկ մեկնություններ են ստացել: Այստեղ, ի դեմս երեք վարդյակների, ներկայացված են Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը) խորհդանշող արևը, լուսինը և աստղն առավոտին (Պետրոսյան, Երանյան 2022,  51): Երեք լուսատուներից բաղկացած այս հորինվածքը տարակերպ մանրամասներով լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը, 12-13-րդ դարերից սկսած՝ ի հայտ են գալիս տապանաքարերի վրա և կիրառվում ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը:

Նկ․ 8 Գանձասարի գավթում գտնվող Ջալալյան տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը և խաչքարերը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 9 Հասան Գ-ի տապանաքարը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի

Գավթի արտաքին ճակատները, բացառյալ արևմտյանը, զուսպ են։ Հարավային ճակատը աշխուժանում է միայն լուսամուտների բացվածքներով (նկ. 10)։ Գավիթն ունի երկու մուտք՝ հյուսիսից ու արևմուտքից: Հյուսիսային ճակատի խիստ հարթությունը զարդարվում է դռան համեստ շքամուտքով և վերջինիս վրա բացվող պարզ երեսակալով։ Բայց այս մուտքը շատ ազդեցիկ է դառնում երկու կողմերում ոճավորված հովազների պահպանիչ քանդակներով (նկ. 11):

Գավթի առավել հարուստ մշակված ճակատը արևմտյանն է, որտեղ գտնվում է ճարտարապետորեն խոր տրամատավորված և ճոխ քանդակներով զարդարված շքամուտքը (նկ. 12)։ Դռան ուղղանկյուն բացվածքի երկու կողմերում կան կիսասյուների փնջեր, որոնք ունեն խարիսխներ և խոյակներ, որոնց վրա հենվում է սլաքաձև կամարը։ Մուտքի ճակտոնի հարդարանքն իրականացված է բազմագույն ընդելուզման (ինկրուստացիայի) միջոցով։ Այստեղ կարմրավուն քարի հիմքի վրա ընելուզված է դեղնա-կարմրավուն քարե շրջան, որն իր հերթին հատվում է հինգ  նմանատիպ ներդիր և իրար հյուսված կիսաշրջաններով (նկ. 13): Ճակտոնը հաջորդաբար ներգծված է աստիճանաձև և ապա ուղղանկյուն շրջանակների մեջ, որոնք զարդարված են նուրբ, հյուսածո քանդակներով։ Կամարակապ շքամուտքի վերևում կա քառանկյուն լուսամուտ, իսկ անկյուններում քանդակված են սիրամարգեր։

Նկ․ 10 Գավթի հրավային պատի լուսամուտները, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 12 Գավթի հարավային շքամուտքը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 11 Գավթի հյուսիսային շքամուտքը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 13 Գավթի հարավային շքամուտքի բարավորը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Գավիթն ունի քառալանջ, քարե սալերով ծածկված տանիք, գագաթին տեղադրված է վեցասյուն ռոտոնդա-զանգակատունը:  Վերջինս նախնականը չէ և 1907 թվականի վերանորոգման արդյունք է (Հասրաթյան 1992, 42)։

Գավթի պատերին արատաքուստ փորագրված են ավելի քան քառասուն արձանագրություններ (նկ. 14): Դրանք շինարարական, նվիրատավական և հիշատակային բնույթի արձանագրություններ են և ներկայացնում են վանքի գործունության և ուխտավորների վերաբերմունքի մանրամասներն ընդհուպ մինչև 19-րդ դարը: Ընդհանրապես Գանձասարի վանքի արձանագրությունների թիվն անցնում է 150-ից (չհաշված վանքի պատերից դուրս տարածվող գերեզմանոցի արձանագրությունները), դրանք վերաբերում են 12-19-րդ դարերին, գրված են դասական հայերենով՝ գրաբարով, պարունակում են նաև բարբառային մի շարք դրևորումներ: Կան ռուսերեն երեք տապանագրեր, որոնք վերաբերում են 19-րդ դարին:

Գանձասարի վանքի աշխարհիկ շինությունների հուշարձանախումբը ներկայացնում են հոգևորականների խցերը, սեղանատունը, առաջնորդարանը, դպրոցի երկհարկ շենքը, պարիսպները։ Համալիրից հարավ ընկած է հին գերեզմանատունը, որտեղ թաղված են Խաչենի հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ, ուշ միջնադարում՝ Արցախի մելիքները։ Այստեղ առկա են բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր։

Հոգևորականի խցերը կից են հյուսիսային պարսպին։ Դրանք գրեթե  քառակուսի հատակագծով պարզունակ, փոքր չափերի սենյակներ են։ Հարավահայաց ճակատի կողմից են բացված միակ դռները, որոնց վերնամասը եզերված է իմպոստային խոյակների վրա բարձրացող կամարով։ Պատերի մեջ կան փոքրիկ լուսամուտներ։

Գանձասարի խցերին արևելքից կից է վանքի սեղանատունը (նկ․ 15)։ Այն ձգված հատակագծով, կից մթերանոցով և օջախով թաղածածկ շինություն է։ Ինտերիերը զույգ թաղակիր կամարներով բաժանված է երեք մասի։ Կոշտացնող կամարները ընդհատվում են հատակից կես մետր բարձրության վրա։ Այս ընդհատման մեջ ժամանակին՝ երկայնական պատերի պարագծով փայտից նստարաններ են տեղադրված եղել, որոնք չեն պահպանվել։ Այսպիսի հորինվածքը բնորոշ է Հայաստանի 17-18-րդ դարերի նմանատիպ կառույցներին (Տաթևի վանք, Տաթևի Մեծ անապատ, Գնդեվանք, Խոր վիրապ)։ Այս հորինվածքն իր նախատիպն ունի 12-13-րդ դարերի հայ ճարտարապետության մեջ (Քոբայրի, Կիրանց վանքի, Թեղենյաց վանքի սեղանատներ, Халпахчьян 1971, 153-183)։ Գանձասարի սեղանատան դեպի բակ նայող ճակատի միակ հարդարված հատվածը շքամուտքն է, որն ունի գալարաձև կիսասյուներ, իսկ օժանդակ սենյակի լուսամուտի երկու կողմերում թռչուններ են քանդակված։

Գանձասարի վանքի առաջնորդարանը տեղադրված է համալիրի հյուսիսարևելյան անկյունում։ Այն կիսամշակ քարերով կառուցված թաղածածկ շինություն է և մուտք ունի ոչ միայն ներքին բակից, այլև՝ դրսից։

Համալիրի արևելյան կողմում է գտնվում դպրոցի փայտածածկ երկհարկ շենքը։ Այն ունի դեպի Խաչենի ձորը նայող նույնպես փայտածածկ պատշգամբ (նկ․ 16)։

Վանքի պարիսպները կառուցված են տեղական կիսամշակ կրաքարով և ավազաքարով: Գանձասարի պարսպապատերը ի տարբերություն հայկական շատ վանքերի, չունեն աշտարակներ։

Դարպասից ոչ շատ հեռու՝ դեպի հարավ-արևելք գտնվում է վանքի ուխտավորների կացարանը, որն ունի քառակուսի հատակագիծ և գնդաձև ծածկ։

Նկ․ 14 Գավթի արևմտյան ճակատի արձանագրությունները, հատված, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 15 Գանձասարի վանքի դեպի խցեր և սեղանատուն նայող բակի այսօրվա տեսքը, լուսանկարը՝ Լ․ Կիրակոսյանի։

Նկ․ 16 Գանձասարի վանքի տեսքն արևելքից, լուսանկարը՝ Լ․ Կիրակոսյանի։

Գրականություն

  1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։
  2. Հասրաթյան 1992- Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան։
  3. Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Անտարես, Երևան:
  4. Ուլուբաբյան 1975 – Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
  5. Мнацаканян 1952 - Мнацаканян С., Архитектура армянских притворов, Ереван.
  6. Халпахчьян 1971 - Халпахчьян О., Гражданское зодчество Армении, М.
  7. Якобсон 1950 - Якобсон А., Из истории армянского средневекового зодчества. Армянские монастыри XIII в. Хоракерт и Мшкаванк, «Советская археология», XIV.
Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները
Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները
Արցախի հանրապետության Մարտակերտի շրջան
Արցախ