Գտչավանքի վանական համալիրը
Տեղադրությունը
Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի վարչական տարածքում՝ գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք, Տողասար կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում։ Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի կազմի մեջ։ Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից (նկ. 1):
Նկ. 1 Գտչավանքի համալիրի ընդհանուր տեսքը, լուս․ Հ․Պետրոսյանի։
Պատմական ակնարկ
Վանքի մասին պատմական տեղեկություններ հայտնի են դեռևս վաղ միջնադարից։ Ըստ Հայոց կաթողիկոս Եղիա Արճիշեցու թղթի՝ 704 թվականին Պարտավում գումարած եկեղեցական ժողովին մասնակցել է նաև Գտչավանքի վանահայրը («Գտայ վանաց վանական», Հակոբյան 1981, 150, Կաղանկատվացի 1969, 233)։ Վանքը նաև եպիսկոպոսանիստ էր։ Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում Եսայի Աբու-Մուսեի նստավայրն էր, 10-րդ դարում՝ Դիզակում հիմնված նոր թագավորության թագավորանիստ կենտրոնը (Մկրտչյան 1985, 84)։
Վանքն իր ծաղկումն է ապրում Դիզակի մելիքների, հատկապես Մելիք Եգանի (17-րդ դարի առաջին կես) իշխանության ժամանակ։ Համալիրի կառույցների պատերին պահպանված՝ 13-17-րդ դարերին վերաբերող արձանագրությունները արժեքավոր տվյալներ են հաղորդում գավառի հարուստ միջնադարյան պատմության մասին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի արձանագրությունը մատնանշում է, որ վանքի գլխավոր եկեղեցին կառուցել Ամարասի Սարգիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները 1241-1246 թթ․ (Հակոբյան 2009, 91-92)։
15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն, որտեղ հավաքված էին բազմաթիվ նշանավոր գրչագրեր: 1717 թվականին Գտչավանքի գլխավոր եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը։ 1723 թվականին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գտչավանքի վանահայր։ 19-րդ դարում Գտչավանքի վանահայրն էր Առաքել վարդապետ Կոստանդյանցը, որը գրել է պատմագիտական և ազգագրական մի աշխատություն, որից օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս։ Ձեռագրից մի հատված՝ «Դիզակի մելիքութիւնը» վերնագրով լույս է տեսել Վաղարշապատում՝ 1913 թվականին։ Ձեռագիրն ամբողջությամբ պահվում է Մատենադարանում։
1868 թվականին երկրաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, վնասվել գմբեթավոր եկեղեցին, որից հետո Գտչավանքը լքվել և ամայացել է։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Գտչավանքի համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, դրան արևմուտքից կցված գավթից և հյուսիսից կցված միանավ եկեղեցուց։ Գլխավոր շինություններից արևմուտք պահպանվել են բնակելի շինությունների և պարսպի ավերակներ (նկ. 2)։ Համալիրը հարուստ է խաչքարերով, վիմական արձանագրություններով։ Պահպանվել են Գտիչ վանքում ստեղծված ձեռագրեր։ Գերեզմանոցը տարածվում է վանքի շուրջը, որի մեծ մասն ավերված է։ Շատ քիչ թվով տապանաքարերը թաղված են գետնի մեջ, իսկ մեծ մասը պատված են հողով, խաչքարերն ընկած են գետնին։
Եկեղեցին միջին մեծության գմբեթավոր դահլիճ է (չափերը՝ 10,0 x 7,5 մ, նկ. 2)։ Աղոթասրահն արևելքում ավարտվում է կիսաշրջան ավագ խորանով, որի հարավային և հյուսիսային կողմերում տեղավորված են երկարաձիգ, կրկնահարկ ավանդատները։ Սրանք ուղղանկյուն են, թաղածածկ, փոքր խորաններով և արևելյան կողմից ունեն լուսամուտներ։ Առաջին հարկի ավանդատների մուտքը աղոթասրահից է, իսկ երկրորդ հարկ կարելի է բարձրանալ խորանից՝ քարե աստիճաններով։ Գմբեթակիր կամարների համար որպես հենարան են ծառայում աղոթասրահի հարավային և հյուսիսային պատերի որմնամույթերն ու ավագ խորանի սկզբնապատերը։ Որմնամույթերն իրար միացած են աղեղնաձև կամարներով։ Գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթն անցումն իրականացված է առագաստների միջոցով (նկ. 3):
Նկ. 2 Համալիրի գլխավոր հատակագիծը, չափագրությունը Մ. Հասրաթյանի:
Գլխավոր եկեղեցու միակ մուտքը արևմտյան ճակատում է և բացվում է այդ կողմից նրան կից գավթի մեջ։ Նրա ուղղանկյուն բացվածքը ներառված է հարուստ մշակում ունեցող շքամուտքի մեջ։ Վերջինիս կիսագլանիկներից բաղկացած կրկնակի կամարը նստում է կիսասյունիկների փնջերի վրա, որոնք ունեն կիսագնդաձև խարիսխներ և խոյակներ։ Շքամուտքի նմանատիպ լուծում հանդիպում է հայկական ճարտարապետության 10-11-րդ դարերի, հատկապես Շիրակի եկեղեցիների շքամուտքերում (Հասրաթյան 1992, էջ 63)։
Եկեղեցու արտաքին ճարտարապետության հարդարանքի տարրերն են բոլոր ճակատների (բացի արևմտյան) ճառագայթաձև կամարներով պսակված եռանկյունաձև հատույթ ունեցող զույգ որմնախորշերը, հարթությունների կենտրոններում տեղադրված լայն երեսակալներով երիզված լուսամուտները (նկ. 4)։ Հարդարանքի որոշ մոտիվներ իրենց նմանակներն ունեն Գանձասարի եկեղեցու խորշերի կամարային պսակների հետ (Մկրտչյան 1985, 86)։ Գմբեթը գլանաձև է և պսակվում է հովհարաձև վեղարով (նկ. 5)։ Այն իր բարձրությամբ (թմբուկը և վեղարը միասին) հավասար է եկեղեցու հիմնական ծավալի բարձրությանը և ողջ հորինվածքի դոմինանտող տարրն է։ Միջնադարյան վարպետը այդ բարձրությունը ջլատելու համար թմբուկի շրջագիծը պարուրել է լայն գոտիով։
Հովհարաձև ծածկը ևս 10-11-րդ դարերի ավանդական ձևի արտացոլումն է և բնորոշ է Բագրատունյաց Հայաստանի եկեղեցիներին։ Իր ծավալատարածական հորինվածքով և մանրամասներով Գտչավանքի գլխավոր եկեղեցին նմանություններ է դրսևորում Անի-Շիրակի ճարտարապետական հուշարձանների հետ։ Այս հանգամանքը, ժամանակին նկատել է նաև Լեոն (Լեո 1885, էջ 247)։
Նմանություններ են արձանագրվում նաև եկեղեցու ներսում։ Խորանի բեմառէջքի պատը ունի խոր փորագրված եռանկյունիների ֆոնի վրա ցցուն շեղանկյունիներ և վեցանկյունիներ պատկերող երկրաչափական հարթաքանդակ։ Այն յուրօրինակ խճանկար է հիշեցնում։ Այսպիսի լուծումներ են հանդիպում 13-րդ դարի վանական համալիրների գլխավոր եկեղեցիների շքամուտքերի և բեմերի պատերի ձևավորման մեջ (Մակարավանք, Հովհանավանք, Սաղմոսավանք, Աղջոց վանք և այլն)։ Գտչավանքի բեմի առաջամասի պատն ունի ինքնատիպ լուծված քիվ․ այն նռան ոճավորված քանդակների գոտի է ներկայացնում (նկ․ 6)։
Եկեղեցին կառուցված է սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերով։
Գավիթը կցվել է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից` վերջինիս երկայնական առանցքից մի փոքր շեղված։ Այն հատակագծում արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է։ Հյուսիսային մասում կանգուն մեկ մույթը դահլիճը բաժանում է հարավային մեծ և հյուսիսային փոքր մասերի, երկուսն էլ ծածկված են թաղերով։ Հյուսիսային միջանցքաձև մասը կամարային զույգ բացվածքներով դարձած է դեպի գավթի մեծ կողմը։ Միջանցքի հյուսիսարևելյան անկյունից մուտք է տրված դեպի կողքի՝ Գտչավանքի համալիրի երկրորդ եկեղեցին։ Գավթի այսպիսի ինքնատիպ հորինվածքային լուծումը հանդիպում է Սյունիքի վաղ՝ 10-11-րդ դարերով թվագրվող նմանատիպ հուշարձաններում (Գնդեվանք, Վահանավանք, Քարակոփ) (Мнацаканян 1952, էջ 24,25)։ Սրանք վերաբերում են գավիթների վաղ թվագրվող օրինակներին։
Նկ. 3 Գլխավոր եկեղեցու և գավթի երկայնական կտրվածքը, չափագրությունը՝ Մ. Հասրաթյանի:
Նկ. 4 Գլխավոր եկեղեցու հարավային ճակատը, լուս․ Հ․Պետրոսյանի։
Նկ. 5 Գտչավանքի համալիրը՝ դիտված դեպի հարավ, լուս․ Հ․Պետրոսյանի:
Նկ․ 6 Գլխավոր եկեղեցու բեմառէջքի պատը, լուս․ Հ․Պետրոսյանի։
Նկ. 7 Շինարարական արձանագրություն կրող խաչքարը, լուս․ Հ․Պետրոսյանի։
Գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատին կից աջից կանգնեցված է քանդակազարդ մի խաչքար, որն ըստ արձանագրության կանգնեցրել է եկեղեցին կառուցող եղբայրներից մեկը՝ Տեր Վրթանեսը 1246 թ․«Թվին ՈՂԵ (1246 թ.), ես տէր Վրթանէս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ» (ԴՀՎ 5, 184)։ Խաչքարն ունի լայն, ուղղանկյուն շրջանակ՝ կազմված կիսագլանիկներից և սալիկից (նկ․ 7)։ Ձախ կողմում կանգնեցված է եղել համանման երկրորդ խաչքարը, որն այժմ պահվում է Էջմիածնի Մայրավանքում։ Երկուսն էլ արվեստի բացառիկ գործեր են և ներկայացնում են Խաչի երկրորդ գալուստն ու Արդար դատաստանը (Պետրոսյան 2008, 156-157)։
Գավիթը ծառայել է նաև որպես իշխանական դամբարան։ Այստեղ պահպանված տապանաքարերն ունեն ժանյակապատ շրջանակներ և բոլորագիր տապանագրեր։ Գավիթը կառուցված է կոպտատաշ բազալտ քարով, կրաշաղախով։
Գտչավանքի երկրորդ եկեղեցին հարավային պատով կից է գլխավոր եկեղեցուն և գավթին։ Այն հատակագծում ուղղանկյունաձև թաղածածկ դահլիճ է։ Ծածկը փլվել է, խաթարվել են կողապատերի վերնամասերը (նկ․ 8)։ Աղոթասրահն ավարտվում է հատակագծում ուղղանկյուն խորանով։ Խորանը թաղածածկ է և աղոթասրահից անջատվում է լայն կամարով։ Ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցիների կիրառումը բնորոշ է Արցախի 12-13-րդ դարերի պաշտամունքային ճարտարապետությանը և տարածում է գտնում նաև ուշ միջնադարում։ Այդպիսի լուծումներ ունեն Դադիվանքի, Գտչավանքի, «Բռի եղցիի», Եղիշե առաքյալի, Կարմիր քարի, Չարեքտարի, Խաթրավանքի, «Օխտ եղցիի» վանքերի, Կոշիկ անապատի և այլ համալիրների եկեղեցիները։ Հանդաբերդի վանքում հինգ եկեղեցիներից չորսը ունեն այդպիսի հորինվածք (Պետրոսյան և այլք 2009, 31-34)։ Եկեղեցին ունի մեկ այլ առանձնահատկություն ևս՝ արևելյան կողմում գտնվող, եկեղեցու հարավային և հյուսիսային պատերին կից զույգ ավանդատները ոչ թե գտնվում են խորանի երկու կողմերում (ինչպես ընդունված է սովորաբար), այլ խորանի հատակի տակ և աստիճաններով մոտեցում ունեն աղոթասրահի կողմից։ Սա, ինչպես նշում է Մ․Հասրաթյանը, բացառիկ երևույթ է հայ ճարտարապետության մեջ (Հասրաթյան 1992, էջ 66)։ Գտչավանքի այս եկեղեցին, գավթի նման չունի հարդարանքի տարրեր։ Միակ զարդարված հանգույցը մուտքն է։ Կամարակապ դռան վերևում ագուցված են եղել երեք խաչքարեր, որոնցից տեղում պահպանված է միայն մեկը։ Որպես դռան բարավորի քար օգտագործվել է այդ խաչքարերից մեկը։ Խաչքարերի այսպիսի վերաօգտագործման օրինակներ շատ են հանդիպում Արցախի միջնադարյան կառույցներում։ Դրանցով երբեմն շարվում են կառույցների արտաքին ճակատները զարդարող գոտիներ (Հանդաբերդի վանք) և մակերևույթներ (Բռի եղցի)։
Այս եկեղեցին ևս, ինչպես որ գավիթը, կառուցված է կոպտատաշ բազալտով, կրաշաղախով։
Գտչավանքի պաշտամունքային կառույցների արևմտյան կողմում պահպանվել են բնակելի սենյակների և պարսպապատի շինարարական ավերակները։
Նկ. 8 Գտչավանքը՝ դիտված դեպի արևմուտք, լուս․ Հ․Պետրոսյանի։
Մատենագրական քննություն
Գտչավանքը մասնագիտորեն քիչ ուսումնասիրված համալիրներից է։ Նախապես Շ․ Մկրտչյանն իր՝ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններին նվիրված մենագրություններում (Մկրտչյան 1985, 84-87, Мкртчян 1988, 67-71, Мкртчян 1989, 67-71) անդրադարձել է վանքի հիմնադրման պատմությանը, համառոտ ներկայացրել դրա առանձին շինությունները, խաչքարերը։ Արցախի ճարտարապետական դպրոցին նվիրված իր գրքում Մ․Հասրաթյանը մասնագիտական անդրադարձ է ունեցել Գտչավանքի համալիրին (Հասրաթյան 1992, 62-67)։ Վանական համալիրը համառոտ ներկայացված է Վ. Հարութունյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված գրքում (Հարությունյան 1992, 339,340):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Գտչավանքը իր տեղադրության շնորհիվ միշտ էլ դժվար հասանելի է եղել։ Բայց պետք է ասել, որ նաև հաճախվող համալիրներից է։ Խորհրդային շրջանում բազմաթիվ այցելուներ իրենց հետքերն են թողել համալիրի պատերին՝ ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում։ Դրանք ածուխով և ներկով արված, տարբեր լեզուներով գրություններ են, որոնք ապականել են կառույցները։ Վթարային վիճակում է գտնվում համալիրի երկրորդ՝ միանավ եկեղեցին։ Ծածկը փլվել է, խաթարվել են կողապատերի վերնամասերը: Արևելյան և արևմտյան ճակատների վրա լայն ճաք է գոյացել, որը «սպառնում» է կառույցի ամբողջականությանն ու կայունությանը։ Խորհրդային շրջանում գլխավոր եկեղեցին ու գավիթը հիմնականում կանգուն էին։ Վնասված էին տանիքները։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում համալիրը զգալի վնասներ չի կրել։ 2005-2007 թթ․ Գտչավանքում՝ ըստ ճարտարապետ Մերի Դանիելյանի նախագծի ընթացել են վերականգնման աշխատանքներ (նկ․ 9)։ Նորոգվել են գլխավոր եկեղեցու թմբուկն ու վեղարը, խաչաթևերի և գավթի տանիքները։ Վերականգնման աշխատանքները ավարտին չեն հասցվել (նկ․ 10)։ Համալիրի երկրորդ եկեղեցին այդպես էլ մնացել է կիսավեր վիճակում։ 44-օրյա պատերազմի ընթացքում էական փոփոխություններ չի կրել, ներկա վիճակը հայտնի չէ։
Նկ․ 9 Գտչավանքը վերականգնումից առաջ, լուս․ Հ․Պետրոսյանի։
Նկ․ 10 Գտչավանքը վերականգնման ընթացքում, լուս․ Հ․ Բազեի։
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու ։
- ԴՀՎ 5 - Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։
- Լեո 1885 - Լեո, Իմ հիշատակարանը, Շուշի։
- Կաղանկատվացի 1969 - Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, «Հայաստան» հրատարակչություն, Երևան։
- Հակոբյան 1981 - Հակոբյան Ա., Եղիա Արճիշեցի կաթողիկոսի նորահայտ թուղթը, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 4։
- Հակոբյան 2009 - Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական և վիմագրագիտական հետազոտություններ (Արցախ, Ուտիք), Մխիթրայան հրատ., Վիեննա-Երևան։
- Հասրաթյան 1992-Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ.,Երևան։
- Հարությունյան 1992 - Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, «Լույս» պետական հրատարակչություն, Երևան:
- Մկրտչյան 1977 - Մկրտչյան Շ․, Հադրութի շրջանի եկեղեցական և պատմական հուշարձանները, «Էջմիածին», Գ։
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան:
- Պետրոսյան 2008 – Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Փրինթինֆո, Երևան։
- Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха /второе издание/, «Парберакан», Ереван.
- Мнацаканян 1952 - Мнацаканян С., Архитектура армянских притворов, Издательство АН АРМ ССР, Ереван.
Հադրութի շրջանի Տող գյուղ
Արցախ