Դադիվանքի անանուն անապատը
Տեղադրությունը
Անանուն անապատը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանում (Քարվաճառի շրջան)՝ Կուսանաց սուրբ Աստվածածին անապատի հյուսիսարևմտյան ուղղությամբ ուղիղ նրա դիմաց՝ Թարթառ գետի ձախափնյա անտառապատ բարձր սարի վրա (Կարապետյան 2019, 366):

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ չկան: Շինության պատերը զուրկ են արձանագրություններից: Առաջին անգամ վանքն ուսումնասիրվել է 1986 թվականին ճարտարապետ Մանվել Սարգսյանի կողմից, ով և կազմել է վանքի նախնական հատակագիծը, իսկ այնուհետև հպանցիկ ուսումնասիրվել է հնագետ Հակոբ Սիմոնյանի արշավախմբի կողմից (Կարապետյան 2019, 366): Հնագետ Հակոբ Սիմոնյանը կարծում է, որ այս փոքրիկ համալիրը Մարդաղոնյաց սուրբ Նշանն է (Հակոբյան 2007, 9), ինչին համամիտ չէ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա՝ Մարդաղոնյաց սուրբ Նշանը հիշատակվում է որպես խաչ, այլ ոչ թե որպես վանք կամ եկեղեցի։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Դատելով հատակագծից՝ համալիրը բաղկացած է միանավ փոքրիկ եկեղեցուց և նրան արևմուտքից կցած ուղղանկյուն գավթից (նկ. 1): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Համալիրը կառուցված է կոպտատաշ մեծ ու փոքր քարերից՝ կրաշաղախով, ինչպես Քարվաճառի հուշարձաններից շատերը: Մատուռը միանավ սրահ է՝ ներքուստ կիսագլան թաղով, իսկ արտաքուստ՝ երկթեք ծածկով (նկ. 2):

նկ. 1 Համալիրի հատակագիծը, Կարապետյան Ս., Մռավականք, 2019, էջ 367։

նկ. 2 Համալիրի արևմտյան ճակատը, Կարապետյան Ս., Մռավականք, 2019, էջ 367։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:
Քարվաճառի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցնելուց հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
- Կարապետյան 2019 - Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
- Սիմոնյան Հ., Արցախի և ազատագրված տարածքների 1990-2005 թթ. հնագիտական հետազոտությունների հիմնական արդյունքները, «Պատմամշակութային ժառանգության մատենաշար», N 2, Երևան, 2007։
Դադիվանքի անանուն անապատը
Արցախ