Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը
Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը զբաղեցնում է բլրակի ստորին՝ հարավային դարավանդը (նկ․ 1): Այս կառույցները տեղադրված են կողք-կողքի և ձգվում են արևելք-արևմուտք առանցքով: Հորինվածքում գերիշխողը պալատական դահլիճն է, որին արևելքից կից է գրատունը օժանդակ սենյակներով, իսկ արևմուտքից՝ սեղանատունը խոհանոցով: Սրանցից դեպի արևմուտք գտնվում են բնակելի և արտադրական շենքերը (նկ․ 2):
Պալատական դահլիճը, ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության, կառուցվել է 1211 թվականին․ «Թ. ՈԿ ես Գրիգորէս որդի Հասանա շինեցի զտաճարս յիշատակ հոգո իմո: Յաղաւթս յիշեցեք» (ԴՀՎ 5, 212): Հովսեփ Օրբելին և Մուրադ Հասրաթյանը, նկատի ունենալով արձանագրության մեջ կառույցի տաճար բնորոշումը, արևմուտքից կից խոհանոցը և կառույցի հանդիսավոր ճարտարապետությունը, այն համարել են խնջույքների դահլիճ (Հասրաթյան 1992, 55)։ Նկատենք, որ տաճար եզրը գրաբարում օգտագործվում էր նշանակելու թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հանդիսավոր կառույցները։ Մեզ ավելի հավանական է թվում, որ այն վանահոր կացարանն է, թերևս նախատեսված նաև ընդունելությունների և հավաքների համար։ Կառույցը գրեթե քառակուսի հատակագծով, կենտրոնական մասում չորս սյուներով՝ հայկական գավիթներին բնորոշ կենտրոնակազմ հորինվածք ունի: Միակ մուտքը բացված է հարավային կողմից: Շենքը ծածկվել է խաչվող կամարների համակարգով՝ կենտրոնում ունի երդիկ, որը պսակված է ութանիստ բրգաձև գմբեթով (նկ․ 3): Դահլիճը պատուհաններ չունի և լուսավորվում է միայն երդիկից: Կառուցված է բազալտ քարով, զուրկ է հարդարանքի տարրերից և իր հորինվածքով կապվում է հայկական ժողովրդական բնակելի տան ճարտարապետության հետ:
Դադիվանքի սեղանատունը ուղղանկյուն հատակագծով, երկու զույգ որմնամույթերի վրա հենված կամարներով՝ թաղածածկ դահլիճ է: Կամարները շարված են մաքուր տաշված, իսկ պատերը և թաղը՝ կոպտատաշ քարերով: Սեղանատունը հարավային պատի մեջ բացված երկու մուտք ունի: Հյուսիսային կողմից, տեղանքի թեքության պատճառով, սեղանատունը խրված է հողի մեջ (նկ․ 4): Դադիվանքի սեղանատունն իր հորինվածքով և համաչափություններով կրկնում է Հայաստանի 13-րդ դարի նմանատիպ շինությունների ձևերը (Халпахьчян 1971, 155-183): Սրանով հանդերձ, այն ունի նաև առանձնահատկություն. խոհանոցը դահլիճի հետ մեկ ամբողջություն է կազմում, ոչ թե կից է նրան, ինչպես մյուս օրինակներում:
Խոհանոցը ուղղանկյուն հատակագծով թաղածածկ կառույց է, որի միակ մուտքը հարավային կողմում է, իսկ արևմտյան կողմից այն լայն կամարակապ բացվածքներով հաղորդակցվում է սեղանատան հետ։ Լուսավորվում է վերևից, երդիկի միջոցով։ Խոհանոցի օջախը տեղադրված է կառույցի հարավային պատի մեջ
Դադիվանքը, միջնադարյան Հայաստանի շատ վանքերի նման, ուսումնական և մշակութային խոշոր կենտրոն է եղել և ունեցել է գրատուն (նկ․ 4), որտեղ բազմաթիվ ձեռագրեր են գրվել։ Դադիվանքի գրատունը մի քանի շենքից է կազմված և համալիր է ներկայացնում, ի տարբերություն Սանահինի, Հաղպատի, Գոշավանքի, Սաղմոսավանքի, Հոռոմոսի վանքի և այլ պահպանված գրատների, որոնք ունեն միայն մեկ ընդարձակ դահլիճ։ Գրատան դահլիճի հատակագիծը գրեթե կանոնավոր քառակուսի է։ Այն ունի բրգաձև ծածկ, որի կենտրոնում բացված է լուսավորության միակ աղբյուրը՝ երդիկը։ Դահլիճի անկյուններում կցված են կամարներ, որոնք պատերի միջին հատվածների հետ կազմում են ծածկի ութանիստ հիմքը, վերջինիս վրա բարձրանում է նրա կիսագնդաձև գմբեթի ծավալը։ Ծածկի այսպիսի լուծում հանդիպում է նաև Սանահինի վանքի գրատանը (Халпахьчян 1971, 146-149, նկ․111)։ Դադիվանքում նույնպես, ինչպես և Սանահնում, գրատան մուտքի առջև թաղածածկ միջանցք-սրահ է կառուցված։
Գրատան դահլիճի հարավային կողմից մուտք է բացվում դեպի կից, թաղակապ ու որմնախորշերով սրահը, իսկ միջանցքից մեկ այլ դուռ տանում է արևելքից նրան կից մեկ այլ սենյակ։ Այս օժանդակ սենյակներում, հավանաբար, գրիչներ են ապրել, մագաղաթներ պատրաստվել, իսկ խորշերով սրահը կարող էր մատենադարան եղած լինել։
Արևելքից գրատանը կից են երկհարկ կառույցներ, որոնցից հյուսիսայինը բնակելի է, իսկ հարավայինը բաց սրահ է եղել (այսօր քանդված է)։
Վանական համալիրի հարավային մասը կազմված է դեպի արևմուտք ուղղված շենքերի մի խմբից, որոնց թվում է նաև երկհարկանի պալատը՝ առաջին հարկում մառանով և հնձանով (Ջալալեանց 1858, 224-225): Այն հյուսիսից-հարավ ձգված կառույց է, որի երկրորդ հարկն այսօր քանդված է։ Ժամանակին այստեղ թաղածածկ մեծ դահլիճ է եղել, հարավային ճակատում երկու խոշոր, կամարակապ բացվածքներով։
Դահլիճի հյուսիսային կողմում պահպանվել է պալատական մատուռը։ Առաջին հարկում տեղադրված են տնտեսական, արտադրական սենյակներ, որոնցից մեկն էլ վանքի հնձանն է։ Վերջինս գրեթե քառակուսի հատակագծով բարձր շենք է, որի հյուսիսային կողմում առագաստն է, դեպի ուր տանում են արևելյան և արևմտյան պատերին կից աստիճանները (նկ. 5)։ Հնձանի մուտքը հարավից է, ուր այն ունի նաև մեկ պատուհան։ Արևմուտքից հնձանին կից է մառանը, որը հարավային միակ մուտքով թաղածածկ կառույց է։
Պալատական դահլիճից արևելք կառուցված է երկհարկանի հյուրատունը (նկ․ 6, 7)։ Շենքի առաջին հարկում երեք թաղածածկ սենյակներ են, որոնց պատերում որմնախորշեր և բուխարիներ կան։ Երկրորդ հարկում նմանատիպ սենյակներ են, որոնք բացվում են դեպի պատշգամբ-սրահ։ Ինչպես թաղածածկ սենյակները, այնպես էլ բաց սրահն ունեցել են բուխարիներ և տնտեսական նշանակության որմնախորշեր։ Որ այս շինությունը ծառայել է որպես հյուրատուն, վկայում է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու արևելյան ճակատի արձանագրությունը, ըստ որի՝ Չարաբերդի Ներսես եպիսկոպոսը 1253 թվականին Դադիվանքի հյուրատանը այգի է նվիրել (ԴՀՎ 5, 204)։
Հարկ է նշել, որ հյուրատունն ի սկզբանե միահարկ կառույց է եղել։ Ուշ շրջանի շինություններին բնորոշ ճարտարապետական առանձին տարրեր՝ մասնավորապես մուտքերի կողային մասերում առկա ելուստները և դրանց համապատասխանող հանգուցային լուծումները, ինչպես նաև պատուհանների մեծաչափ բացվածքները և կրաշաղախի տարբերությունը, վկայում են, որ երկրորդ հարկը հետագայում է ավելացվել։ Կարելի է ենթադրել, որ առաջին հարկի թաղակապ բաց սրահի թաղին արձանագրված «Թ(վին) ՌՃԽԵ (1696)» համապատասխանում է երկրորդ հարկի կառուցման տարեթվին (Այվազյան 2015, 78)։
Դադիվանքում պահպանվել են մի քանի բնակելի և տնտեսական նշանակության թաղակապ շենքեր ևս, որոնցից մեկը հուշարձանախմբի արևմտյան ծայրում է, իսկ երկուսը կից են ժամատանը արևմտյան կողմից։
Գրականության ցանկ
1.Այվազյան 2015 - Այվազյան Ս․, Դադիվանքի վերականգնումը 1997-2011 թթ․, «Արցախ», ՀՃՈՒ հրատ․, Երևան։
2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։
3․ Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱԱ հրատ․, Երևան:
4. Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս:
5․ Халпахьчян 1971 - Халпахчьян О., Гражданское зодчество Армении (жилые и общественные здания), Стройиздат, Москва.
Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը
Արցախ