Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ
Տեղադրությունը
Դադիվանքը գտնվում է պատմական Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու (Թարթառ) գետի և նրա վտակ Դութխուի միախառնման տեղից մոտ 10 կմ հոսանքն ի վար՝ գետի ձախ ափին՝ անտառածածկ բլրի հարավահայաց փեշին։ Վայրը ծովի մակերևույթից բարձր է 1100 մետր, Թարթառի ափից՝ 75 մետր։ Գետի և վանքի միջև փռված են պատմական Խութ կամ Խութավան գյուղի ավերակները․ խորհրդային շրջանում այն կոչվում էր նաև Վանք։ Դադիվանքի երկրորդ անունը հենց Խութավանք է․ թե վանքի և թե գյուղի անվանումը կապված է տեղանքի հետ, քանի որ «խութը» գրական հայերենում և Արցախի բարբառում նշանակում է «բլուր»՝ այսինքն բլրի վրա գտնվող վանք։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքը և համանուն գյուղը Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էին։ Ներկայումս, ինչպես գյուղը, այնպես էլ վանքն օկուպացված ենԱդրբեջանի կողմից (նկ. 1):
Պատմական համառոտ ակնարկ
Մատենագրական աղբյուրներում Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340): Հետագա վիմագրական աղբյուրներում հանդես է գալիս Դադի, Դադոյի, Դադուի, Դադեի, Թադեի, Խութա, Առաքելոց ձևերով (Այվազյան 2015, 6): Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։
Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․» (Կաղանկատուացի 1983, 353)։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։ Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը (նկ. 2, 3, 4, 5, 6)։
Մինչև 17-րդ դարի առաջին կեսը Դադիվանքը տիրում էր ընդարձակ կալվածքների և պահպանում էր առաջնորդանիստ կենտրոնի կարգավիճակը (Կարապետյան 1999, 83)։ 17-րդ դարի երկրորդ կեսից սկսած վանքն աստիճանաբար զրկվում է իր հարստություններից, շրջակա տասնյակ հայկական գյուղերից և սպասարկող բնակչությունից, իսկ 19-րդ դարի կեսերին այն արդեն խարխուլ ու անբնակ էր։ Այդպիսին է ներկայացնում վանքը Սարգիս արքեպ․ Ջալալյանցը․ «Այնոքիկ տեղիք դարան են ավազակաց և ասպատակաց Արցախ նահանգի» և նրանք հնավանդ սրբարաններում պահում էին «զհօտս խաշանց իւրոց և զջոկս անասնոց», և ապա՝ «Զառաջեալ մառանաց և սենեկաց են լայնատարած այգիք արդեն աւերակք, միայն մրգաբեր ծառք վայրենացեալք դեռևս աճեն և բազմանան» (Ջալալյանց 1858, 224, 225)։ 20-րդ դարի սկզբներին Լևոն Տեր-Ավետիքյանը դատ է բացել վանքապատկան հողերին տիրացած խաշնարածների դեմ։ Նրան հաջողվում է թուրքերից ու քրդերից ազատագրել բազմաթիվ ամառանոցներ և Դադիվանքին ամրագրել վանքապատկան տարածքները։ Խորհրդային կարգերի հաստատմամբ Դադիվանքը կրկին կորցնում է իր ունեցվածքն ու կարգավիճակը կրկին դառնում ժամանակավոր կեցության վայր՝ 18-րդ դարից այստեղ հաստատված անասնապահ մահմեդականների համար։
Համալիրի ընդհանուր տարածքային կազմակերպումը
Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ (նկ․ 7): Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը (նկ․ 8)։
Գրականություն
- Այվազյան 2015 – Այվազյան Ս., Դադի վանքի վերականգնումը 1997-2011 թվականներին, Երևան, ՀՃՈՒ հրատ.։
- Կաղանկատուացի 1983 – Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։
- Ջալաեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս:
Դադիվանքի համալիրը
Արցախ