Եղիշա Առաքյալի վանքը

Տեղադրությունը

Եղիշա Առաքյալի վանքը գտնվում է Արցախի հանրապետության Մարդակերտի շրջանում՝ Մռավ լեռան լանջին: Համալիրը տեղադրված է դժվար հասանելի տեղում․ ճանապարհն անցնում է անտառների միջով, խոր ձորերի եզերքով ձգվող ժայռերի վրայով (նկ.1)։ Վանքը հյուսիսից, արևմուտքից և արևելքից շրջապատված է պարիսպներով, իսկ հարավից բնական պատնեշ է խոր ձորը։ Համալիրն ունի երկու դարպաս, որոնցից գլխավորը`  կամարակապ է և գտնվում է  պարսպի հարավարևմտյան անկյունային հատվածում։ Վերջինիս կամարը  «նստած» է բացվածքի երկու կողմերի պրոֆիլավորված իմպոստների վրա (նկ. 2)։ Մյուս դարպասը արևելյան պարսպի հյուսիսային անկյան կողմից է։

Նկ. 1 Վանքի ընդհանուր տեսքը՝ դիտված վերևից, լուս.՝ Դ. Եգորովի:

Նկ. 2 Վանքի կամարակապ դարպասը, լուս.՝ Լ․ Կիրակոսյանի:

Պատմական ակնարկ

Վանքի մասին հիշատակվում է Մովսես Կաղանկատվացու պատմության մեջ, որտեղ  այն հանդես է գալիս նաև «Ջրվշտիկ» անունով։ Ըստ պատմիչի՝ այստեղ են ամփոփվել Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշայի  մասունքները, որից հետո վանքն անվանվել է «Եղիշա առաքյալ»։  Պատմիչը վկայում է, որ  «Սուրբ Եղիշայի տեսիլքով հայտնաբերված նշխարները ․․․ փոխադրվեցին Ներսմիհրի սուրբ միաբանությունը, որ այժմ կոչվում է Ջրվշտիկ․․․ Երկար ժամանակ անցնելուց հետո Աղվանքի բարեպաշտ Վաչագան թագավորը Եղիշայի նահատակության փոսի վրա հուշարձան կանգնեցրեց» (Կաղանկատվացի  1969, 8): Հավանական է, որ Ջրվշտիկ անունը վանքն ստացել է համալիրի հարավային կողմի խոր ձորի մեջ բարձրից թափվող ջրվեժից։ Ավանդությունը վանքի վաղ շինության հիմնադրումը կապում է Վաչագան բարեպաշտ թագավորի անվան հետ։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Եղիշա Առաքյալ վանքը պարսպապատ՝ բազմակառույց ընդարձակ  համալիր է։  Այն բաղկացած է գլխավոր եկեղեցուց, յոթ մատուռներից, որոնցից մեկը  Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարանն է, գլխավոր եկեղեցուն արևմուտքից կցված գավթից, բնակելի և տնտեսական կառույցներից։ Հուշարձանախմբի կառույցների մեծ մասն ունի շինարարական արձանագրություններ, ըստ որոնց՝ դրանք թվագրվում են 12-13-րդ դարերով:

Համալիրի բոլոր կառույցները շարված են մոտավորապես մի գծի վրա՝ հյուսիսից հարավ ուղղությամբ (նկ․ 3)։ Գլխավոր եկեղեցին   8,5 x 5,5 մետր արտաքին և  6,5 x 3,6 մետր  ներքին չափերով թաղածածկ դահլիճ է՝ առանց թաղակիր կամարների և ունի հազվադեպ հանդիպող առանձնահատկություն՝ կիսաշրջանաձև խորանը ներսում սահուն անցումով, առանց անկյունների միանում է երկայնական պատերին։ Երկայնական առանցքն ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից, վերջինս բացվում է այս կողմում եկեղեցուն կցված գավթի մեջ։ Ըստ այս մուտքին որպես բարավոր օգտագործված խաչքարի արձանագրության՝ այն կերտվել է 1165 թվականին (ԴՀՎ 5, 105)։  Գլխավոր եկեղեցու երկու կողմերում տեղադրված են վանքի մյուս մատուռները, հյուսիսային կողմից՝ երեքը, հարավայինից՝ չորսը։ Այս մատուռ-եկեղեցիները նույնպես թաղածածկ դահլիճներ են, բայց  խորանների ձևերը բազմազան են՝ կիսաշրջանաձև, ուղղանկյուն կամ էլ` զույգ խորան։ Զույգ խորան եկեղեցիները զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության մեջ տարածված են եղել (Սանահինի սբ․ Հարություն, Հերհերի սբ․ Սիոն վանքի սբ․ Աստվածածին, Халпахчьян 1954, 52,53 ), սակայն խորանների այսպիսի բազմազանությունը մեկ վանքում հազվադեպ է հանդիպում հայկական համալիրներում։ Վանքի մատուռներն ավելի փոքր չափերի են քան, գլխավոր եկեղեցին:

Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարանը գտնվում է վանքի գլխավոր եկեղեցուց հյուսիս-արևելք, ներսում պահպանվել է թեք կողերով վաղքրիստոնեական տապանաքարը և 11-րդ դարի մեկ խաչքար։ Դամբարանի արևելյան պատում պահպանվել են վաղքրիստոնեական կոթողի բեկորներ։ Կարելի է ենթադրել, որ դամբարանը ենթարկվել է ձևափոխությունների։ Առկա կառույցը դատելով մուտքի բարավորի արձանագրությունից, կառուցվել է 1286 թվականին  «Այս է հանգիստ Վաչագան թագաւորին Ա[ստուա]ծ ողորմի Հայրապետա եւ ոյր ծնողացն, որ շինեց զեկեղեցիս  յառաջնորդութի[ւն] տ[է]ր Սիմեւոնի. թիւ ։ՉԼԵ։ (1286) էր» (ԴՀՎ 5, 110)։

Վանքի  երկու այլ  մատուռներ ունեն 1244 և 1281 թվականների շինարարական արձանագրություններ (նկ․ 4)։

Կտրվածքով քառակուսի մույթերով թաղածածկ գավիթը, որի տանիքին բարձրանում է զանգակատան ռոտոնդան, կցված է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից (նկ․ 6)։ Այն հատակագծում մոտավորապես քառակուսի է և պատկանում է երկսյուն գավիթների տիպին (նկ․ 5)։ Վերջինիս դռան բարավորը կրում է շինարարական արձանագրություն, ըստ որի՝ այն կառուցվել է 1264 թվականին․ «Թւ[ին] ։ՉԺԳ։ կամաւն/ Ա[ստուծո]յ ես Խաչատուր շինեցի զ/ժամատունս յառաջնորդութի[ւն]  տ[է]ր Ս/իմէոնի. աղաչեմ զձեզ յիշէք ի Ք[րիստո]ս» (ԴՀՎ 5, 106)։ Պատերին կան բազմաթիվ նվիրատվական արձանագրություններ, իսկ ներսում՝ տապանաքարեր (ԴՀՎ 5, 108-109)։

Վանքի մյուս կառույցները, որոնք չունեն շինարարական արձանագրություններ, իրենց ճարտարապետա-շինարարական առանձնահատկություններով նույնպես վերաբերում են 12-13-րդ դարերին։ Հարկ է նշել նաև, որ դրանք կրում են տարբեր ժամանակների վերանորոգումների բազմաթիվ հետքեր։

Վանքի  պաշտամունքային կառույցների  արևելյան կողմում են դասավորված բնակելի- տնտեսական շինությունները (նկ․ 7)։ Դրանց մի մասը կցված են պարսպին հյուսիսարևելյան և հարավարևելյան անկյուններում, մյուսները` տեղադրված են առանձին, եկեղեցիների արևելյան կողմում։ Ուշագրավ է, որ սրանք ունեն ավելի մեծ չափեր, ուղղանկյունաձև հատակագծեր և ինչպես մատուռները և գլխավոր եկեղեցին, նույնպես թաղածածկ են։

Վանքի տարածքում պահպանվել են տասնյակ տապանաքարեր (նկ․ 8)։

Եղիշա Առաքյալի վանքի բոլոր շինությունները կառուցված են կոպտատաշ քարերով, բացառությամբ Վաչագան Բարեպաշտի դամբարան-մատուռի, որը սրբատաշ քարերով շինություն է։ Պատերի շարվածքի մեջ ագուցված են տարբեր դարաշրջանների խաչքարեր (նկ․ 9)։

Նկ․ 3 Վանքի գլխավոր հատակագիծը, չափագրությունը՝ Ա․ Ղուլյանի:

Նկ. 4 Վանքի մատուռների տեսքը՝ դիտված դեպի արևմուտք, լուս.՝ Լ․ Կիրակոսյանի:

Նկ. 5 Գավթի ծածկի համակարգը, լուս.՝ Լ․Կիրակոսյանի։

Նկ. 6 Վանքի գավիթը, լուս.՝ Լ․Կիրակոսյանի։

Նկ. 7 Վանքի տնտեսական շինությունները, լուս.՝ Լ․Կիրակոսյանի։

Նկ. 8 Վանքի տապանաքարերից մեկը, լուս.՝ Լ․Կիրակոսյանի։

Նկ․ 9 Շինության պատի շարվածքը, լուս.՝ Լ․Կիրակոսյանի։

Մատենագրական քննություն

Եղիշա Առաքյալի վանքի տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը, ինչպես իր մենագրության առաջին հրատարակությունում (Մկրտչյան 1985, 67-69) այնպես էլ վերահրատարակված՝ ռուսերեն տարբերակում (Мкртчян 1989, 96-97): Այստեղ հրատարակվել է նաև վանքի գլխավոր հատակագիծը (չափագրությունը՝ ճարտարապետ Ա․ Ղուլյանի)։ Մուրադ Հասրաթյանի «Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը» մենագրության մեջ կատարված է վանքի ճարտարապետության մասնակի  քննությունը (Հասրաթյան 1992, 78-81)։ Վանքի արձանագրությունները ներկայացված են «Դիվան հայ վիմագրության» Արցախին նվիրված պրակում (ԴՀՎ 5, 105-110)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եղիշա Առաքյալի վանքը գտնվում է դժվար հասանելի տեղում։ Այսպիսի տեղադրությունը և բնական միջավայրը համալիրին դարեր շարունակ պաշտպանել են։ Միևնույն ժամանակ առատ բուսականությունը, որ աճում է շինությունների տանիքներին, պատերին և  ավերակների վրա, վնասել են դրանց կայունությանը։ Վանքը ժամանակի ընթացքում լքվել և ամայացել է։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո, մեր ունեցած տեղեկություններով զգալի փոփոխություններ չի կրել։ Այժմ այն գտնվում է սահմանին մոտ՝ չեզոք գոտում և ֆիզիկապես անմատչելի է։

Գրականության ցանկ

1․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան, 1982։

2․ Կաղանկատվացի 1969 -Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, «Հայաստան»  հրատարակչություն, Երևան։

3. Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի։

4. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան:

5․ Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха /второе издание/, «Парберакан», Ереван.

6․ Халпахчьян 1954 - Халпахчьян О․, Двухабсидные базилики Армении, «Известия АН Арм․ССР», N 8, c. 51-62.

Եղիշա Առաքյալի վանքը
Եղիշա Առաքյալի վանքը
Մարդակերտի շրջան
Արցախ