Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի կենտրոնում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան։

Պատմական ակնարկ

Զարդանաշեն գյուղը հայտնի էր նաև Վերին Թաղավարդ անունով (Բալայան 2020, 424): Այս գյուղի եկեղեցու նկարագրությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր եւ տակավին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի…» (Բարխուտարեանց 1895, 91): Եկեղեցու կառուցման թվականը Մակար Բարխուդարյանցը չի հիշատակում: Զարդանաշեն գյուղի տարեցները բանավոր խոսքում նշում էին, որ գյուղի եկեղեցին կառուցել են Ներքին Թաղավարդի Սբ․ Աստվածածին եկեղեցու շինարարները (Բալայան 2020, 424):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ կրաքարով՝ փոքր ու միջին չափերի քարերով, կրաշաղախով: Սրբատաշ քարից են միայն անկյունաքարերը, գլխավոր մուտքը և պատուհանները: Եկեղեցու գլխավոր մուտքը հարավից է, այն կամարակապ է՝ ձևավորված կրկնակի կամարով (նկ. 2): Արևմտյան կողմում եկեղեցին ունի մի փոքր մուտք: Բարավորին փորագրված է երեք խաչ և կենտրոնում առանձնացված է շինարարական արձանագրությունը փորագրելու տեղը, սակայն, արձանագրություն չկա: Եկեղեցին ունի երեքական պատուհան հարավային և հյուսիսային ճակատներում (նկ. 3): Ներքուստ այն միանավ, թաղակապ շինություն է ավանդատներով (նկ. 4):

Նկ. 2 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան։

Նկ. 3 Եկեղեցու պատուհանները, լուս. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան։

Նկ. 4 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական շտեմարան։

Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին հար ու նման է 19-րդ դարում Արցախի բազմաթիվ գյուղերում կառուցված գյուղական եկեղեցիներին, ուստի այն կարելի է թվագրել 19-րդ դարով, իսկ հաշվի առնելով, որ Բարխուդարյանցը այն հիշատակում է որպես նորաշեն, ապա կարելի է ենթադրել, որ Արցախ աշխատության 1895 թվականին հրատարակվելու պահին արդեն կառուցված էր:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Խորհրդային տարիներին գործել է որպես պահեստ, 1990-ական թվականներից հետո այն ևս չի գործել: Եկեղեցու հարավային պատին կից տեղադրված է Արցախյան առաջին պատերազմում գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-աղբյուրը (նկ. 5): Եկեղեցու տանիքը թիթեղապատ է, կիսաքանդ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացվելուց հետո եկեղեցու մասին տեղեկությունները բացակայում են:

Նկ. 5 Եկեղեցու հարավային պատին մոտ տեղադրված խաչքար-աղբյուրը, լուս. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական շտեմարան։

Օգտագործված գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
  2. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ