Զորախաչ եկեղեցին

Տեղադրություն

Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում (նկ․ 1)։ Այստեղ պահպանվել են եկեղեցին, միջնադարյան գյուղատեղու և գերեզմանոցի հետքերը: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Դատելով եկեղեցու ճարտարապետակաան լուծումներից, պատերի մեջ ագուցված տապանաքարերից (նկ․ 2), եկեղեցին 17-18-րդ դարերի կառույց է:

Նկ․ 1 Զորախաչ եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս. Տ․ Դալալեանի։

Նկ․ 2 Զորախաչ եկեղեցին արևելքից, լուս. Հ․ Աբրահամյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարով, կրաշաղախով, ներսի կողմից սվաղապատ է։ Օգտագործվել են նաև 16-17-րդ դարերի տապանքարեր, այլ եկեղեցուց վերցված սրբատաշ սալեր: Կառույցը արևելյան կողմում երկարավուն խորանով միանավ բազիլիկ է, որին հարավից և հյուսիսից կցված են մեկական ավանդատներ, որոնցից պահպանվել են միայն բուն կառույցին կից քարերը։ Ավանդատների մուտքերը բացված են դեպի խորան։ Եկեղեցին ունի 9,6 մետր երկարություն և 5,2 մետր լայնություն (ավանդատներով՝ 10,7 մետր), պատերի հաստությունը միջինում 1 մետր է (Կարապետյան 1999, 168, նկ․ 3)։ Կառույցն ունի կիսաշրջանաձև թաղ և երկթեք տանիք։

Նկ․ 3 Զորախաչ եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 168։

Եկեղեցին ունի երկու մուտք հյուսիսային և հարավային կողմերից, որոնցից վերջինս հետագայում վերաշարվել և փակվել է։ Արևելյան և արևմտյան կողմերից բացված երկու լուսամուտները ոճավորմամբ իրարից տարբերվում են. հավանական է, որ դրանց սրբատաշ շրջանակները վերցվել են ավելի վաղ կառույցից (նկ․ 4, 5)։

Զորախաչի եկեղեցում վերաօգտագործված քարերի մեջ առկա է նաև մեկ հնգատող նվիրատվական արձանագրության հատված (Կարապետյան 1999, 168), որն իր ժամանակագրությամբ և բովանդակությամբ կապ չունի այս եկեղեցու հետ։

Նկ․ 4 Զորախաչ եկեղեցու արևմտյան պատի պատուհանը, լուս. Հ․ Աբրահամյանի։

Նկ․ 5 Զորախաչ եկեղեցու արևելյան պատի մեջ ագուցված խնջույքի տեսարանով տապանաքարը և լուսամուտը, լուս. Հ․ Աբրահամյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

18-րդ դարի երկրորդ կեսից տեղում հաստատված քրդերը, անուշադրության մատնելով Զորախաչի կից ավանդատները, հիմնական կառույցը օգտագործել են տնտեսական նպատակներով։ Արցախյան առաջին պատերազմից հետո եկեղեցու միակ փոփոխությունը տանիքին երկաթե մեծ խաչի տեղադրումն է (նկ․ 6)։ Ինչպես ցույց է տալիս մեր գորրծընկերների՝ Caucasus Heritage (cornell.edu),  տրամադրած լուսանկարը, եկեղեցին 2021 թվականի հուլիսի 22-ի դրությամբ կանգուն է (նկ․ 7)։

Նկ․ 6 Զորախաչ եկեղեցին և տանիքին տեղադրված երկաթե խաչը, լուս. Տ․ Դալալեանի։

Նկ․ 7 Եկեղեցու արբանյակային լուսանկարը, Caucasus Heritage (cornell.edu) կայքից:

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացրել է Զորախաչի եկեղեցին, բայց այն անվանում է Արքո Վերին (Կարապետյան, 1999, 167)։

 

Գրականություն

1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:

Զորախաչ եկեղեցին
Զորախաչ եկեղեցի
Քաշաթաղ
Արցախ