Թալիշի սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է գյուղի մեջ՝ նախկին մշակույթի տնից հյուսիս-արևելք։

Պատմական ակնարկ

Ըստ Մ. Բարխուդարյանցի, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1894 թվականին, տեղի բնակիչների ծախսերով (Բարխուտարեանց 1895, 226, նկ․ 1)։

նկ. 1 Եկեղեցու արտաքին տեսքը հյուսիսից, լուս․՝ Ս. Դանիելյանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Հուշարձանը եռանավ բազիլիկա է՝ կառուցված տեղական սրբատաշ և կոպտատաշ բաց դարչնագույն քարերով։ Ութ պատկից և չորս առանձին սյուներով կազմվող կամարները աղոթասրահը բաժանում են երեք նավերի (նկ․ 2): Սյուներն ու կամարներն իրականացված են սրբատաշ քարերով: Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն:

Թաղակապ է, ծածկը՝ թիթեղապատ։ Ի սկզբանե եկեղեցին ունեցել է երկու դուռ, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից (Բարխուտարեանց 1895, 226-227)։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Արևելքից եկեղեցին ունի երեք, արևմտյան կողմից՝ մեկ, հյուսիսից՝ երկու, հարավից երեք լուսամուտ:

 

նկ. 2 Եկեղեցու ներքնատեսքն արևմուտքից, լուս․՝ Ս. Դանիելյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Եկեղեցին համեմատաբար նոր է կառուցվել, ինչի պատճառով սկզբնաղբյուրները սակավ են։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Թալիշի սբ. Ամենափրկիչ եկեղեցին
Թալիշի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
Թալիշի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
Արցախ