Թաղավարդի Բերդահոնջ եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Բերդահոնջ ամրոցից մոտ 600 մետր արևելք, անտառապատ տեղանքի բարձրադիր վայրում՝ Շեխեր տանող հին ճանապարհի եզրին։

Պատմական ակնարկ
Մակար Բարխուտարյանցը հիշատակում է այս եկեղեցու մասին, սակայն կառուցման ժամանակաշրջանի մասին որևէ տվյալ չի փոխանցում (Բարխուտարեանց 1895, 90)։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավային կողմից, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով (նկ. 1, 2): Սրահի թաղը ամրացված է երկու սրբատաշ թեթև սլաքաձև որմնակամարներով, որոնք հենղում են հարավային և հյուսիսային պատերի որմնամույթերի վրա (նկ. 3): Կառույցի չափերն են՝ երկարությունը՝ 11,0 մետր, լայնությունը՝ 6,51 մետր։ Մուտքը հարավային կողմից է ։ Կառուցված է կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Ներսից սվաղված է և զարդարված պատերին ագուցված խաչքարերով: Կառուցման հավանական ժամանակը 17-րդ դարն է:
Ըստ Մակար Բարխուտարյանցի, հավանական է, որ տարածքում ժամանակին վանք է եղել (Բարխուտարեանց 1895, 90)։

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևելյան կոմից, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի։

նկ. 3 Եկեղեցու ներքնատեսքն արևմուտքից, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին հիմնականում կանգուն էր։ Պատերազմի ընթացքում Թաղավարդ գյուղի շրջակայքում ակտիվ մարտեր են ընթացել, սակայն ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Եկեղեցին թեև նոր չի կառուցվել, սակայն հաճախ դուրս է մնացել հետազոտողների ուշադրությունից։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Թաղավարդի Բերդահոնջ եկեղեցի
Արցախ