Թուխնակալ ապարանքը

Տեղադրություն

Թուխնակալ ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից 1 կմ արևելք և Ղևոնդյաց վանքից 800 մետր հարավ-արևելք։ Ապարանքը տեղակայված է պատմական Վարանդա գավառի Թուխնակալ գյուղատեղում, անտառամերձ լեռնալանջի վրա (նկ․ 1)։

նկ. 1 Ապարանքի ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Պատմական ակնարկ

Ապարանքը կառուցվել է 18-րդ դարի վերջերին։ Թե գյուղատեղու և թե ապարանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Հարակից գյուղերի բնակիչները ապարանքը վերագրում են Մելիք-Դոլուխանյաններին։ Մելիքական շրջանի պատմական աղբյուրներում բացակայում է Դոլուխանյան տոհմանունը, սակայն 19-րդ դարի  երկու վիմագիր փաստում են Մելիք-Դոլուխանյանների Վարանդա գավառում ունեցած բարձր դիրքի և իշխանության մասին։

Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է շուշեցի Հայրապետ Դոլուխանյանի միջոցներով, նրա շինարարական արձանագրության մեջ գրված է․

«Ի ՌՅԹ (1860)․․․ կառուցաւ եկեղեցիս ․․․ արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն ազնուազգի աղա Հայրապետ բեկ Դօլուխանեանց ի յիշատակ հոգոյ իւրոյ և ամուսնոյն իւրոյ Բայումայ Մէլիք Բէկլարեանց և ․․․ հօրն Բաղդասար բէկի․․․»։

Երկրորդը այս տոհմի տիտղոսներն ու արտոնությունները վկայող մի փաստաթուղթ է,  նույնպես 1860 թվականի, ծագում է Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղից։ Վկայականում գրված է այնտեղ  հաստատված Մելիք-Շահնազարյան տոհմից մի ոմն «Բէկլար բէկ Մէլիք Շահնազար Շահփուրեանցի» նախնիների երբեմնի իրավունքների մասին։ Վկայող-ստորագրողների շարքում առաջինը գրված է «Մուսայէլ Դօլուխանեանց» (Ղուլյան 2001, 106)

Վկայականը ժամանակին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանցը և զետեղել իր «Արցախ» գրքում (Բարխուտարեանց 1895, 248-249):

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Ապարանքը կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով։ Բացառություն են կազմում մուտքի, պատուհանների, բուխարիի և կամարների եզրաքարերը։

 

Պահապանված շինություններն ընդհանուր հատակագծում հյուսիսից հարավ ձգված մեկ ուղղանկյուն ամբողջություն են կազմում (11,3x17,4 մետր), ետնապատով հպված են լանջին, իսկ գլխավոր ճակատով ուղղված են դեպի արևելք (նկ․ 2, 3)։ Հորինվածքի կենտրոնում գլխատունն է՝ նախամուտք-պատշգամբով, երկու կողքին՝ դրանց ընդհանուր երկարության չափով ձգված մեկական դահլիճ։

նկ. 3 Ապարանքի վերակազմության հատակագիծը, չափ․ Ա․ Ղուլյանի։

նկ. 4 Գլխատան արտաքին տեսքը, լուս․ Ս․ Կարապետյանի։

նկ. 2 Ապարանքի պահպանված հատվածի հատակագիծը, չափ․ Ա․ Ղուլյանի։

Գլխատունը քառակուսի հատակագծով քարաշեն շինություն է։ Մուտքը բացված է արևելքից (նկ․ 4)։ Շինության ներսում հարավային պատի մեջ՝  երկու ծայրերում, բացված են կամարաձև պսակով մեկական պահարան-խորշեր։ Դրանց միջև՝  կենտրոնական ստորին հատվածում բուխարին է, որից վեր զուգահեռ բացված են երկու լուսամուտներ, որոնց վերնամասը խորանում է կամարակապ թաղածածկի մեջ (նկ․ 5)։  Արևելյան պատի մեջ, կենտրոնական հատվածում  առկա է քառակուսի պահարանախորշ։ Արևմտյան պատի կենտրոնական հատվածում ստորին մասում բացված է մեծ կամարակապ խորշ, որին զուգահեռ հարավային պատի պահարանախորշերի հարթությամբ և նույն չափերով երկու խորշերն են։ Հյուսիսային պատը ողորկ է։ Գլխատան ծածկը կառուցված է գոցվող թաղերով, կենտրոնական հատվածում երդիկի բացվածքով (նկ․ 6)։

նկ. 5 Գլխատան հարավային պատը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 6 Գլխատան ներսույթը և ծածկը, լուս․ Ս․ Կարապետյանի։

Գլխատանը հյուսիսից և հարավից կցված են նույն երկարությամբ երկու սրահներ։ Հյուսիսային սրահը (3,65x9,75 մետր) կիսավեր է, բացակայում են հյուսիսային և արևելյան պատերը (նկ․ 7)։ Մուտքը եղել է նախասրահից։ Հյուսիսային սրահի արևմտյան  և հարավային պատերի մեջ նույնպես առկա են խորշեր։

Գլխատունն ու հյուսիսային սրահը միմյանց հետ կապված են նախասրահով,  այնինչ հարավայինը գտնվելով ավելի ցածրադիր հատվածում ունի առանձին մուտք՝ բացված արևելքից։ Հարավային (4x9,75 մետր) սրահի ներսում խորշերի, բուխարու բացակայությունից և ցածր թաղածածկից ելնելով  կարելի է եզրակացնել, որ սրահը տնտեսական նշանակություն է ունեցել։

նկ. 7 Տեսքը հյուսիս-արևելքից, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Նախասրահից պահպանվել է միայն հարավային, և արևմուտքին կից գլխատան պատը։ Նախասրահի ծածկը ևս եղել է թաղակապ, սակայն չի պահպանվել։ արևմտյան պատի ձախ կողմում բացված է գլխատան մուտքը, որից աջ երկու խորշեր են փորված։

Ապարանքի հյուսիսային կողմում կանգուն վիճակում պահպանվել է երկարավուն թաղածածկ մի շինություն, որի նշանակությունը պարզված չէ (նկ․ 8)։

Թուխնակալի ապարանքում չեն տարվել հնագիտական պեղումներ և հետազոտություններ։ Կատարվել են միայն դաշտային ուսումնասիրություններ, ամբողջությամբ պարզված չէ համալիրի նախնական հատակագծային հորինվածքը։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Թուխնակալ ապարանքը արցախյան պատերազմի ընթացքում  չի տուժել, սակայն ադրբեջանական օկուպացիայից հետո հստակ տեղեկություններ հուշարձանի մասին չկան։ Հայտնի է, որ Շուշի տանող ճանապարհը անցնելու է համալիրի մոտակայքով։

նկ. 8 Ապարանքից հյուսիս գտնվող շինությունը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:
  2. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան։
Թուխնակալ ապարանքը
Թուխնակալ ապարանք
Ասկերանի շրջան
Արցախ