Խանձաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում: Գյուղը տեղակայված է Դիզափայտի հարավ-արևելյան լանջին, մերկ ու անհրապույր տարածքում (նկ. 1), որտեղից էլ ստացել է իր անունը: Գյուղի մյուս անունը Ծառիշեն է, ինչը կապվում է գյուղի կենտրոնում վեր խոյացող թեղու մեծ ծառի հետ (Մկրտչյան 1985, 128): Հետազոտող Շահեն Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված և 1985 թվականին հայերենով հրատարակված իր գրքում տալիս է գյուղի և եկեղեցու խիստ համառոտ նկարագրությունը: Ավելի մանրամասն եկեղեցուն հեղինակը անդրադառնում է արդեն ռուսերենով 1988 թվականին հրատարակված Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված գրքում (Мкртчян 1988, 104):
Եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան բարձրադիր թաղամասում՝ Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանի հարևանությամբ:
նկ. 1 Խանձաձորի ընդհանուր տեսարանը, լուս. Գ. Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության Խանձաձորի սուրբ Աստվածածին եկեղեցու վկայագրի՝ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն, միանավ թաղածածկ սրահ է՝ արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով (նկ. 2), ընդ որում բեմը աղոթասրահից բարձր է միայն մեկ աստիճանով (նկ. 7): Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներով կազմվող կամարաշարի վրա: Եկեղեցու չափերն են 14 X 6 X 7 մետր: Միակ մուտքը հարավից է (նկ. 3): Բարավորի վերին քարի վրա, որը կրկնակի է օգտագործվել և հարմարացվել է բարավորի համար, առկա են երկու մեծ խաչաքանդակներ: Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են 17-րդ դարին բնորոշ մեկական խաչքարեր (նկ. 4), որոնցից աջակողմյանը պարունակում է արձանագրություն: Եկեղեցին կառուցված է տեղական կիսամշակ կրաքարով (նկ. 5, 6):
նկ. 3 Եկեղեցու հարավային մուտքը, լուս. Գ. Բուդաղյանի։
նկ. 5 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս. Գ. Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, խորհրդային տարիներին այն ծառայել է որպես պահեստ: Ուներ վերանորոգման կարիք: Այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում և հետագա ճակատագրի մասին տվյալները բացակայում են:
նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, 1988, էջ 104։
նկ. 4 Եկեղեցու մուտքին մոտ, պատի մեջ ագուցված խաչքարը, լուս. Գ. Բուդաղյանի։
նկ. 6 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևմուտքից, լուս. Գ. Բուդաղյանի։
նկ. 7 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության շտեմարանից:
Գրականություն
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապե-տական հուշարձանները, Երևան։
- Мкртчян 1988 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван․
Խանձաձորի սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ