Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը

Սբ. Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Համաձայն արևմտյան մուտքի բարավորի վրա փորագրված շինարարական արձանագրության (նկ. 2)՝ եկեղեցին 1673 թվականին կառուցել են Աղվանից Պետրոս կաթողիկոսը և իր ընտանիքի անդամները, ովքեր Խանցք գյուղից էին. «Ի :ՌՃԻԲ: թվին ես Պետրոս կաթողիկոս Աղուանից ի գեղջէս Խանցքայ, հայրն իմ Մանկասար, մայրն Ադխանն և աւաք եղբայրն իմ Իշխանն եւ իւր որդիքն Ովանէսն, Պապաջանն և իւր թոռ Մանկասարն և տատ Խաթունն շինեցաք զեկեղեցիս յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց» (ԴՀՎ 1982, 143, Բարխուտարեանց 1895, 159):

Նկ. 2 Եկեղեցու արձանագիր բարավորը, լուս. Հ. Պետրոսյանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարից, կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կրաշաղախով: Սրբատաշ են միայն մուտքն ու եզրաքարերը, լուսամուտները (նկ. 3-5)։ Այն ուղղանկյուն միանավ կառույց է, ներքուստ՝ թաղածածկ (նկ. 6): Թաղը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարների վրա: Աբսիդը կիսարջան է, գմբեթարդով, կից ունի հյուսիսային և հարավային մեկական ավանդատուն: Բեմի բարձունքը չի պահպանվել. այն այժմ աղոթասրահի հատակի հետ ունի նույն մակարդակը: Միակ մուտքն արևմտյան կողմից է: 19-րդ դարում եկեղեցու լուսամուտները լայնացվել են:

Նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսից, լուս. Գ. Էլիզբարյանի։

Նկ. 5 Եկեղեցու տեսքն արևմուտքից, լուս. Գ. Էլիզբարյանի։

Նկ. 4 Եկեղեցու տեսքն արևելքից, լուս. Գ. Էլիզբարյանի։

Նկ. 6 Եկեղեցու տեսքն ներսից, լուս. Գ. Էլիզբարյանի։

Արևմտյան ճակատի լուսամուտից վերև ագուցված է սպիտակ կրաքարից մի խաչքարի վերնամաս, որի վրա պահպանվել է և թվականը՝ «:ՈՁԴ: (1235 թ.)»  (նկ. 7, 8): Եկեղեցու պատին ագուցված է նաև 12-13-րդ դարի խաչքարի ներքնամաս՝ պատկերաքանդակով, որը ներկայացնում է հաևգուցյալին՝ գինու սափորով և գավաթով ( նկ. 9, 10): Արաձանագրությունը վնասված է, կարելի է վերականգնել հետևյալը. «Թիվ էր/ :ՈԾ: (1201 թ.): Ե/ս…/… կանգ/եցի զխա/չս Խորի[շահին՞]»:

Նկ. 7 Եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 9 Եկեղեցու պատին ագուցված արձանագիր քարը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 8 Եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 10 Եկեղեցու պատին ագուցված արձանագիր քարը, լուս. Հ. Պետրոսյանի։

Սբ. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմում կանգնեցված է եղել  արձանագիր մի խաչքար. «Թիւն :ՈՀԹ: (1230): Ես Հայրապետ, Պետրոս, Վարդան, Յոհան կագնեցաք զխաչս մաւրն մեր, որ բարեպաշտ, աղքատասէր էր. յաղաւթս յիշեցէք» (ԴՀՎ 5, 143): Գյուղի հարավային եզրին գտնվում են մի քանի խաչքարեր (նկ. 11-13): Դրանցից մեկը եկեղեցու մոտից տեղափոխվածն է, մեկ այլ խաչքար ևս արձանագիր է. «Յանուն ՍԲ. Երրորդ[ու]թեան ես Սոստ/անէս ու Բարսեղ կանգ/նեցաք զխաչքս հաւր մերոյ Հայրա/պետայ եւ մայր մեր|ոյ Հռամսիմին. որք երկր|պագէք աղաչեմք յաղաւթս յիշել :ՉԲ: (1253 )» (ԴՀՎ 5, 143):

Նկ. 11 Գյուղի հարավում գտնվող խաչքար, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 12 Գյուղի հարավում գտնվող խաչքար, լուս. Հ. Պետրոսյանի։

ՆԿ. 13 Գյուղի հարավում գտնվող խաչքար, լուս. Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Խորհրդային տարիներին, ինչպես և Արցախի բազմաթիվ այլ գյուղական եկեղեցիները, ծառայել է որպես պահեստ: Հենց այդ տարիներին է, որ հարավային կողմից բացվել է ավելի լայն մուտք, որի առջև կառուցվել է փոքրիկ նախասրահ (նկ. 14): Վերջին տարիներին եկեղեցու տարածքը բարեկարգվել էր, տանիքը պատվել էր նոր թիթեղյա ծածկով, ջրհորդաններով, տեղադրվել է խաչ: Ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան:

Նկ. 14 Եկեղեցու հարավային ճակատը, լուս. Հ. Պետրոսյանի։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կոզմող Ս. բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
  3. Խանցք գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=757&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BD%D5%A1%D5%B6%D6%81%D6%84։
Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Արցախ