Խաչենագետի երկաթեդարյան դամբարանները
Տեղադրությունը
Դամբարանները գտնվում էին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի մոտ՝ Խաչեն գետի ձախ ափին։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Խաչենագետի հովիտը հարուստ է բազմազան հնություններով, որոնց շարքում առանձնանում են բրոնզեդարյան և երկաթեդարյան դամբարանաբլուրները։ Խաչենագետի ձախափնյա բրոնզեդարյան դամբարանաբլուրները առաջին անգամ պեղվել են Է․ Ռյոսլերի կողմից 1893-1894 (Առաջաձոր) և 1894, 1897 թվականներին (Բալուկայա, Սրխավենդ) (տես՝ https: //monumentwatch.org/hy/monument/%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%a2%d6%80%d5%b8%d5%b6%d5%a6%d5%a5%d5%a4%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/)։ 1896 թվականին Կայսերական Մոսկովյան հնագիտական ընկերության անդամ Ա․ Իվանովսկին պեղել է Վանք, Քոլատակ և Թբղլու գյուղերի մինջև ընկած տարածքում գտնվող ուշ բրոնզե դարով թվագրվող հինգ դամբարանաբլուր (Ивановский 1911, մանրամասն տես ՝ https:// monumentwatch.org /hy/monument /%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a5%d5%b6%d5% a1%d5%a3% d5%a5% d5%bf%d5%ab%d5%b0%d5%b8%d5%be%d5%bf% d5%ab%d5%b8% d6%82% d5%b7%d5%a2%d6%80%d5%b8%d5%b6%d5%a6%d5%a5-%d5%a4%d5%a1% d6% 80%d5% ab-%d5%a4%d5% a1% d5%b4%d5%a2/):
1887 թվականին Խաչիկ վարդապետ Դադյանը Թբղլու, Առաջաձոր, Քոլատակ և Սեյսուլան գյուղերի տարածքում պեղել է հինգ դամբարանաբլուր (Թօփճեան 1900, 63-74)։
1897 թվականին Է. Ռյոսլերը, Խաչեն գետի ձախ ափին՝ Ախմախի բնակավայրի տարածքում պեղել է երկաթեդարյան դամբարանաբլուրներ, որոնց մասին մանրամասն տեղեկություններ են պահպանվել իր հաշվետվություններում (ИАК 1897)։ Խորհրդային տարիներին հուշարձաններին անդրադարձել ու մանրամասն վերլուծել է Կ․ Քուշնարյովան (Кушнарева 1957, 135-177)։
Հնագիտական ուսումնասիրությունը
1897 թվականին Խաչեն գետի ձախ ափին՝ Ախմախի բնակավայրի տարածքում (գտնվում է Արաջաձոր և Սրխավենդ գյուղերի միջև), Է. Ռյոսլերը գրանցել է 8 թույլ արտահայտված փոքր դամբարանաբլուրներ, որոնք արտաքին տեսքով խիստ տարբերվում էին տվյալ տարածքի խոշոր դամբարանաբլուրներից։ Դրանցից հինգը Է․ Ռյոսլերը պեղել է։
Համար 1 դամբարանաբլուրում (բարձրությունը՝ 1 մետր, հիմքի տրամագիծը՝ 16,25 մետր) հայտնաբերվել է քարարկղային դամբարան, որի արևելյան մասում ձախ կողքի վրա տեղադրված էր տղամարդու կմախք՝ ձեռքերը ծալված որովայնի վրա։ Այստեղ գտնվել են նաև 4 կոպիտ կավե ձեռածեփ անոթներ (նկ․ 1), այսրկովկասյան տիպի բրոնզե դաշույն և դանակ, ինչպես նաև կայծքարե նետասլաքների ծայրեր։
Արևմտյան, հյուսիսային և հարավային պատերի մոտ գտնվել են ևս երեք կմախքներ՝ նստած դիրքով (նկ․ 2)։ Դրանց մոտ հայտնաբերվել են մանր առարկաներ՝ օղակներ, ուլունքներ, հերուն (կամ բիզ) և այլն։
Համար 2 դամբարանաբլրի (բարձրությունը՝ 2,5 մետր, տրամագիծը՝ 16 մետր)։ լցակույտի տակ հայտնաբերվել է անկանոն ձևի քարարկղային դամբարան՝ ծածկված չորս սալերով։ Դամբարանում գտնվել են երկու կմախքներ՝ նստած դիրքով, առաջ թեքված գլուխներով․ մեկը՝ արևելյան, մյուսը՝ արևմտյան կողմում (նկ․ 3)։
Դամբարանում հայտնաբերված գրեթե բոլոր առարկաները կենտրոնացված էին արևմտյան մասում գտնվող կմախքի մոտ․ երկու բրոնզե դաշույն՝ ցանցկեն գլխիկով, բրոնզե հերուն (բիզ) և նետասլաքի ծայր, ոսկրե ծակիչ, վանակատե և կայծքարե նետասլաքների ծայրեր, ինչպես նաև սարդիոնե ուլունքներ։ Մյուս կմախքի մոտ դրված էին հինգ տարբեր անոթներ (նկ․ 4)։
Համար 3 դամբարանաբլրի (բարձրությունը՝ 2,6 մետր, հիմքի տրամագիծը՝ 9,2 մետր) լցակույտի տակ հայտնաբերվել է քարարկղային դամբարան՝ ծածկված երկու մեծ սալերով։ Դամբարանում, հողե հատակի վրա, հայտնաբերվել է ինը կմախք։ Դրանցից մեկը գտնվում էր արևմտյան մասում՝ ձգված դիրքով, աջ կողքի վրա, ձեռքերը՝ որովայնի վրա դրված։ Գլխի մոտ տեղադրած էր մոխրով լցված կավե ձեռածեփ անոթ (նկ․ 5), իսկ կողքին՝ բրոնզե այսրկովկասյան տիպի դաշույններ, ոսկրե նիզակի ծայր, օղակներ և ուլունքներ։ Արևելյան պատի մոտ, երկու շարքով, միմյանց սերտ հպված, տեղավորված էին ութ կմախքներ՝ հիմնական հանգուցյալի ուղեկիցները (նկ․ 6)։ Նրանց գանգերի վրա առկա էին վնասվածքների հետքեր, որոնք վկայում են բռնի մահվան մասին։
Համար 4 դամբարանաբլրի (բարձրությունը՝ 1,8 մետր, հիմքի տրամագիծը՝ 9,5 մետր) լցակույտի տակ հայտնաբերվել է քարարկղայիև դամբարան, որի մեջ գտնվել են մարդկային ոսկորների ջարդված բեկորներ, ինչպես նաև մի քանի բրոնզե ապարանջաններ և օղակներ։
Համար 5 դամբարանաբլրի (բարձրությունը՝ 2 մետր, հիմքի տրամագիծը՝ 9 մետր) լցակույտի տակ գտնվել է անկանոն ձևի քարարկղային դամբարան՝ ծածկված երկու մեծ սալերով։ Դամբարանում հայտնաբերվել են չորս կմախքներ․ դրանցից երկուսը՝ արևելյան պատի մոտ, նստած դիրքով, իսկ մյուս երկուսը՝ նույն դիրքով, դամբարանի միջնամասում՝ արևմտյան պատի մոտ (նկ․ 7)։
Առարկաների մեծ մասը գտնվել է դամբարանի կենտրոնում․ այստեղ կային մինչև 20 կավե անոթներ, բրոնզե խոշոր փողավոր նիզակի ծայր, բրոնզե օղակներ, ապարանջաններ, մանր զարդեր, եղջերուի արձանիկ, վանակատե նետասլաքներ, ոսկրե ծակիչներ, ուլունքներ և այլն (Кушнарева 1957, 148-153).
Տվյալ տարածքում արձանագրվել են թաղման կառույցների տարբեր ձևեր՝ քարարկղաին դամբարաններ, հիմնահողային թաղումներ, ինչպես նաև գերանե հարթակների վրա կատարված թաղումներ։ Այս բազմազանությունը Կ. Քուշնարևան բացատրում է հանգուցյալների տարբեր ցեղային պատկանելությամբ, կամ նրանց հասարակական տարբեր դիրքով (թաղման ծեսերի բազմազանության և գույքի վերլուծության մասին՝ մանրամասն տես՝ Кушнарева 1957, 156-177).
Կ․ Քուշնարևան Խաչենագետի ձախափնյա կուրգանները թվագրել է մ.թ.ա. 9-8-րդ դարերով։
Այս պեղումների արդյունքները խիստ կարևոր են Արցախի մ. թ. ա. առաջին հազարամյակի սկզբի մշակութային հիմնապատկերը վերականգնելու համար, ինչին ուղղված են նաև մեր թիմի ջանքերը:
Գրականություն
- ИАК 1897 - Императорская археологическая комиссия и исследование памятников Кавказа и Предкавказья, Императорская археологическая комиссия (1859-1917), история первого государственного учреждения российской археологии от основания до реформы: коллективная монография, т. 2, глава IX, СПБ, 2019, с. 968-977.
- Ивановский 1911 - Ивановский А. По Закавказью. Археологические наблюдения и исследования 1893, 1894 и 1896 годов, Материалы по археологии Кавказа, собранные экспедициями Московского археологического общества, Москва, вып.VI, с. 85-185.
- Кушнарева 1957 - Кушнарева К. Некоторые памятники эпохи бронзы в Нагорном Карабахе, Советская археология, вып. 27, с. 148-153, 156 -177.
- Թօփճեան 1900 - Թօփճեան Յ․, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի․ ժողոված 1878-1898, մասն Բ, Վաղարշապատ։
Մարտակերտի շրջան
Արցախ