Խաչմաչի սբ․Ստեփանոս եկեղեցին
Տեղադրությունը
Խաչմաչի Սբ․ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ համանուն գյուղի կենտրոնում (նկ. 1):
Պատմական ակնարկ
Սբ․ Ստեփանոս եկեղեցին, համաձայն դռան (նկ. 2) բարավորի արձանագրության, կառուցվել է 1651 թվականին. «Թվ[ի]ն :ՌՃ:» (նկ. 3, 4): Որպես եկեղեցու կառուցող հիշատակվում է ուստա Հովսեփը: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գրում է «…եկեղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ առանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ: Դռան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի-քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»: Իսկ դռան ճակատակալ քարի վրա «թվին ՌՃ» (Բարխուտարեանց 1895, 200, հմմտ. ԴՀՎ 1982, 159): Ցավոք, շինարարական արձանագրությունն այսօր տեղում չի պահպանվել:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղածածկ սրահ է: Այն կառուցված է մեծ ու փոքր քարերից, շաղախով: Սրբատաշ սալերով իրականացված է հարավային պատում տեղադրված շքամուտքը: Այն կառուցելիս օգտագործվել են տապանաքարեր, որոնցից մեկի վրա փորագրված է խաչը ձեռքին բռնած հանգուցյալի պատկերը (նկ. 5): Հարավային ճակատում գտնվում է 19-րդ դարում կամ խորհրդային տարիներին բացված մեծ լուսամուտը: Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային զույգ որմնասյուներից բարձրացող որմնակամարների վրա: Որմնասյուներն ավարտվում են 17-18-րդ դարերին բնորոշ շթաքարային մշակումով պահունակներով: Եկեղեցու ներսի պատերին, մկրտության ավազանի պատին ագուցված են խաչքարեր և խաչային հորինվածքով քարեր (նկ. 6-8): Արևմտյան մասում՝ տանիքի վրա բարձրանում է զանգակատունը: Եկեղեցու բակում գտնվում են մի քանի տապանաքարեր:
Դրանցից մեկին քանդակված են հեծյալի և ցուպն ուսին հետիոտնի կերպարներ, իսկ արձանագրությունը հայտնում է «Այս է դապան տ[է]ր Սահ[ակայ՞]՝ որդ[ի]/ Սաղատթելին, մայր՝ Մարիան. թվ. :ՌՃՀԵ: (1726 թ.)» (նկ. 9): Հաջորդ տապանաքարին փորագրված է. «Այս է տապան տ[է]ր Գաբրիելին՝/ լուսահոգի քահանաին,/ որ է որդի Ամիրին. 1854», մյուսի վրա. «Այս է տապան Խաչուն կողագից Հոռոմսէմա. Թվ. :ՌՅԳԺ: (1881 թ.)» (նկ. 10, 11): Առանձնանում է նաև հարավային կողին որսի և ընտանեկան «դիմանկարի» պատկերաքանդակներ կրող 17-18-րդ դարերի տապանաքարը (նկ. 12): Եկեղեցու բակում տեղադրված է նաև արձանագիր քարեր, որոնք վկայում են եկեղեցու վերանորոգման մասին (նկ. 13): Սբ․ Ստեփանոս եկեղեցու բակի տարածքում կարելի է տեսնել նաև խաչքարերի և զարդաքանդակներ կրող տարբեր քարերի բեկորներ (նկ. 14):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Գյուղի եկեղեցին և հարակից տարածքները բարեկարգվել են բարերար Սեյրան Կարապետյանի միջոցներով 2007 թվականին, ինչի մասին վկայում է եկեղեցու մուտքի մոտ՝ պատին ամրացված գրությունը https://artsakhtert.com/arm/index.php/social/item/29335-2020-07-23-06-38-54: Վերանորոգման ժամանակ ամրացվել է եկեղեցու ամբողջ կառույցը՝ ներառյալ տանիքը, սակայն պատերն ամբողջությամբ երեսպատվել են սպիտակ սրբատաշ սալաքարերով, իսկ ստորին շարքերը՝ բազալտով, ինչը փոխել և խաթարել է կառույցի պատմական տեսքը: Տանիքին գտնվող հին զանգակատան կառույցը ապամոնտաժվել է, տեղում կառուցվել է նորը (նկ. 15): Հին զանգակատունը ներկայումս տեղադրված է եկեղեցու բակի մուտքի մոտ (նկ. 16):
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Խաչմաչ գյուղը տուժել է ռմբակոծությունից, սակայն եկեղեցու կառույցը մնացել է անվնաս:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պրակ V, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան:
Ասկերանի շրջան
Արցախ