Ծաղկաբերդ-Վանոցայի իսլամական դամբարանները
Տեղադրություն
Վանոցայի իսլամական դամբարանները (նկ. 1), որոնք թվով երկուսն են, գտնվում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից ոչ հեռու: Խորհրդային տարիներին ընդգրկված էին Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանի Ջիջիմլի գյուղի վարչական սահմանների մեջ: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Ջիջիմլի անունով հայտնի է երկու գյուղ և դամբարանները գտնվում են Վերին կամ Մեծ Ջիջիմլի գյուղի վարչական սահմաններում: Այս գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 800 մետր հեռավորության վրա: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայությամբ Վերին կամ Մեծ Ջիջիմլի գյուղը համապատասխանում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած պատմական Վանոցա բնակավայրին, որը թերևս արդեն 18-րդ դարի երկրորդ կեսին հայաթափ է եղել (Կարապետյան 1999, 184-185):
Նկ․ 1 Դամբարանների ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի:
Պատմական ակնարկ
Դամբարանների մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Անգամ նրանց թվագրությունը մոտավոր է և տարբեր հեղինակների մոտ տարբեր: Համարվում է, որ ութանկյուն, վրանաձև դամբարանը կառուցվել է 14-16-րդ դարերում, իսկ եկեղեցաձև դամբարանը 13-14-րդ դարերի կառույց է:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Դամբարանները իրենց ճարտարապետական ոճի, տեսքի համար մշտապես գրավել են տարբեր հետազոտողների ուշադրությունը:
Դրանցից առաջինն ունի ութանիստ հատակագիծ (նկ. 2) և ծավալ (նկ. 3)։ Արտաքին ճակատներում նիստերը թեթևակի կոր են և արտացոլում են վրանատիպ ծավալը (նկ. 4)։ Կառույցն ավարտվում է կոնաձև գմբեթով։ Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով: Միակ մուտքը հյուսիսային կողմից է, բարավորին թերևս պատկերված է ոճավորված առյուծ (նկ. 5), պատկերներ կան նաև մուտքի երկու կողմերում: Ոճավորված ցլի կամ խոյի գլուխ պատկերված է մուտքից անմիջապես վերև: Պատկերներից մեկի մոտ՝ ստորին հատվածում առկա է շատ ոճավորված արաբերեն արձանագրություն: Հակոբ Սիմոնյանի՝ դամբարաններին նվիրված հոդվածում, կարծիք է հայտնվում, որ գրված է Յուսուֆ (Симонян 2001, 95):
Նկ․ 2 Առաջին դամբարանի հատակագիծը, Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան, 2010, էջ 15։
Նկ․ 4 Առաջին դամբարանի արտաքին ծավալներից, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ․ 6 Առաջին դամբարանի գմբեթը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի։
Երկրորդ դամբարանը խաչաձև է (նկ. 8), արտաքինից քառանկյուն, բոլորաձև թմբուկով (նկ. 9): Ուշագրավ է թմբուկը, որը զարդարված է զույգ կիսասյուների վրա դրված կամարներով (նկ. 10): Դամբարանի ներսում անցումը գմբեթին կատարված է առագաստների միջոցով (նկ. 11): Մուտքը հյուսիսից է, հարավում գտնվող միհրաբը շատ համեստ է: Բոլոր հետազոտողները, խոսելով հատկապես երկրորդ դամբարանի մասին, ակնհայտ կապ էին տեսնում հայկական և վրացական ճարտարապետության կամ էլ ավելի չեզոք բնութագրմամբ՝ Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ: Ընդ որում երկրորդ եկեղեցին հաճախ համեմատում էին և տիպաբանորեն կապում 13-14-րդ դարերում Հայաստանում, որոշ առումներով նաև Վրաստանում տարածված երկհարկ եկեղեցի-դամբարանների հետ: Որպես համեմատություն բերելով Եղվարդի սուրբ Աստվածածին, Նորավանքի սուրբ Աստվածածին և այլ եկեղեցիները: Վերլուծելով դամբարանի արտաքին տեսքը հետազոտողներն այն ներկայացնում էին որպես մահմեդական և քրիստոնեական ճարտարապետական ոճերի յուրահատուկ սինթեզ, խոսում սելջուկյան արվեստի խնդրի մասին (Бретаницкий 1966, 130, Мамедов 1976, 41-44, Усейнов, Бретаницкий, Саламзаде 1963, 97-101, 168-170): Ուշագրավ է, որ ոչ մի հետազոտող չէր բացառում նաև ուղղակի կապը հայկական փոքրիկ եկեղեցիների, մատուռների հետ և նաև կարծիք էր հայտնվում, որ հատկապես երկրորդ դամբարանը պետք է կառուցած լինեին հայ վարպետներ (Щеблыкин 1943, 85-87):
Նկ․ 3 Առաջին դամբարանը ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ․ 5 Առաջին դամբարանի մուտքը, լուս. Հ. Պետրոսյանի։
Ճարտարապետ Ա. Սալամզադեն այն դասում է ութանիստ դամբարանների տիպին, որոնք չունեն ակնհայտ աշտարակաձևություն: Նման տիպի դամբարաններին բնորոշ է վրանատիպ լինելը, ինչը քոչվոր ցեղերի ավանդական շարժական բնակարանը քարով մարմնացնելու միտման արդյունք է (Бретаницкий 1966, 128-130): Դամբարանի ստորին ութանիստ հատվածը զգալիորեն մեծ է նեղացող վերին ութանիստ հատվածից, որն իր հերթին նեղանում է և հիմք ծառայում փոքրիկ սրածայր գմբեթի համար (նկ. 6): Դամբարանը լուսավորվում է վերին, նեղացող հատվածում գտնվող փոքրիկ պատուհաններով: Հետազոտող Մամեդովը ուշադրություն հրավիրելով դամբարանի այս, ինչպես նաև արտաքին տեսքի մի շարք այլ գծերի վրա, ակնհայտ կապ էր տեսնում քոչվորական վրանի, նրա կառուցվածքային բաղադրիչների հետ (Мамедов 1976, 40-42): Նույնպիսի բացատրություն կարող ենք տեսնել դամբարանի զարդաքանդակների հետ, որտեղ արևային պատկերները, ցլի պատկերը և այլն ևս բնորոշվում են որպես քոչվորական մշակույթի սիմվոլներ: Նույն Մամեդովը արձանագրում է, որ առաջին վրանաձև դամբարանի միհրաբն (նկ. 7) իր զարդարանքի մասնիկներով հեռավոր նմանություն ունի Անդրկովկասի որոշ քրիստոնեական կառույցների բեմերի հետ (Мамедов 1976, 39-40):
Նկ․ 7 Առաջին դամբարանի միհրաբը, լուս. Հ. Պետրոսյանի։
Իսլամական դամբարանների ճարտարապետությանը անդրադարձած հետազոտողները մատնանշում են նաև հաճախ այսպիսի դամբարաններում թաղումների բացակայության փաստը: Այս խնդիրը առկա է նաև Վանոցայի երկու դամբարաններում էլ, որտեղ փաստված չեն դամբարանների կառուցման ժամանակին առնչվող թաղումներ (Бретаницкий 1966, 98, Мамедов 1976, 40, 45-46):
Նկ․ 8 Երկրորդ դամբարանի հատակագիծը, Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան, 2010, էջ 13։
Նկ․ 9 Երկրորդ դամբարանի ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ․ 10 Երկրորդ դամբարանի թմբուկը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ․ 11 Երկրորդ դամբարանի գմբեթը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Դամբարանները չեն տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, գտնվում են անխաթար և անվնաս վիճակում:
Գրականություն
- Կարապետյան 1999-Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
- Կարապետյան 2010-Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան:
- Бретаницкий 1966-Бретаницкий Л., Зодчество Азербайджана XII-XV вв. и его место в архитектуре Переднего Востока, Москва.
- Мамедов 1976-Мамедов Ф., Мемориальный комплекс в селении Джиджимли (К вопросу об этнокультурных связях), Советская этнография, с. 36-46.
- Симонян 2001-Симонян А., Два новонайденных мавзолея туркменских султанов Кара-Коюнлу в Армении, Мирас, с. 94-97.
- Щеблыкин 1943-Щеблыкин И., Памятники азербайджанского зодчества эпохи Низами, Баку.
- Усейнов М., Бретаницкий Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, Москва, 1963.
Ծաղկաբերդ, Վանոցայի մահմեդական դամբարանները
Արցախ