Ծամձորի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի կենտրոնում (նկ․ 1)։
նկ. 1․ Եկեղեցին հարավից, 2017, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Ծամձոր գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից հարավ-արևմուտք ՝ մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղն առաջին անգամ հայաթափվել է 1991 թվականին Օղակ օպերացիայի արդյունքում, ազատագրվել 1992 թվականին։
2020 թվականի հոկտեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով, երկու զույգ մույթերով եռանավ սրահ է։ Արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից հարավային և հյուսիսային ավանդատներով (նկ․ 2)։ Միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ․ 3), լուսավորվում է թվով 5 փոքր լուսամուտներով։
Ունի 14,6 մետր երկարություն, 10 մետր լայնություն, 7,5 մետր բարձրություն։ Տանիքը ներքուստ թաղակապ է, արտաքուստ պատված է թիթեղով։
Եկեղեցու մուտքի վերին հատվածում ագուցված երկու քարերից մեկի վրա եկեղեցու կառուցման թվականն է՝ ՌՃԽԵ (1696), մյուսին՝ 1818 (նկ․ 4), որն ամենայն հավանականությամբ եկեղեցու վերանորգման թվականն է։ Պատերի մեջ ագուցված են խաչքարեր (նկ․ 5) և մի արձանագիր տապանաքար։
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։
նկ. 2 Եկեղեցին ներսից, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայութուն ՊՈԱԿ ի էլեկտրոնային շտեմարան։
նկ. 4 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, 2017, լուս. Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գտնվում էր լավ վիճակում։ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
նկ. 3 Եկեղեցու մուտքը, 2017, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 5 Եկեղեցու պատին ագուցված խաչքարերից, 2017, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Գրականություն
1․ Բարխուտարեան Մ․, Արցախ, Բագու, 1895։
2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա – ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Ծամձորի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ