Ծիծեռնավանք
Տեղադրությունը
Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի նույնանուն գյուղի հյուսիսարևմտյան եզրին (այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջան), պատմական Սյունիքի Աղահեջք գավառ (նկ․ 1, 2)։
Նկ․ 1 Ծիծեռնավանքի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Կարապետյանի։
Նկ․ 2 Ծիծեռնավանքը հարավ-արևմուտքից, լուս. Հ․ Աբրահամյանի։
Պատմական ակնարկ
Աղբյուրներում Ծիծեռնավանքն առաջին անգամ հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը` իր գրքի երեք տարբեր հատվածներում. «Ստեփաննոս՝ Ծիծառնայ վանական» (9-րդ դարի կեսեր), «Ծիծառնոյ վանք» (11-12-րդ դարեր), «Ծիծեռնակու սուրբ վանքն» (13-րդ դար, Օրբէլեան 1910, 208, 249, 365), առանց մանրամասնումների: Ենթադրելի է, որ 9-րդ դարրի Ստեփանոսը վանքի վանահայրն էր: Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցանկում, որ կազմում է պատմիչի գրքի վերջին գլուխը, հիշատակվում է «Ծիծառնովանք» գյուղը, որն ակնհայտորեն իր անունը ստացել է վանքի անունից (Օրբէլեան, 1910, 375): Հաջորդ հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի պատմիչ Վարդան Արևելցուն` «Ծիծառնայ վանք» (Վարդան 1960, 12): Վերոբերյալ հիշատակություններում վանքի կամ նրա առանձին կառույցների մասին տեղեկություններ չկան:
Հետագա դարերում Ծիծեռնավանքի կարևորության մասին են վկայում Թովմա վարդապետ Վանանդեցու (17-րդ դար) ներբողը, մի շարք այլ հիշատակություններ և արձանագրություններ։ Վանքին անրադարձել է Ղևոնդ Ալիշանը իր «Սիսական» աշխատությունում, որտեղ հստակեցնում է վանքի տեղադրությունը և ներկայացնում վանքի հետ կապված առասպելները (Ալիշան 1893, 268)։ Երվանդ Լալայանը իր «Զանգեզուր» աշխատությունում մանրամասն նկարագրում է եկեղեցին և նշում այն ավանդույթը, ըստ որի կառույցի հյուսիսային ավանդատան դիմաց ամփոփված է Պետրոս առաքյալի ճկույթ մատը (ծիծեռնը, Լալայան 1898, 48) (նկ․ 3)։
Նկ․ 3 Ծիծեռնավանքի առաջին լուսանկարը, լուսանկարը Ե․ Լալայանի «Զանգեզուր» աշխատությունից (նեգատիվը՝ ՀՊԹ)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Ծիծեռնավանքի եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չկան: Հավանական է, որ այն կառուցվել մի քանի փուլերով և ներկա տեսքն է ստացել 6-րդ դարում (նկ․ 4, 5):
Նկ․ 4 Ծիծեռնավանքի հատակագիծը, Ս. Կարապետյան «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքից, էջ 147։
Նկ․ 5 Ծիծեռնավանքը մինչև վերականգնումը, լուս. Ս. Կարապետյանի։
Հատակագծային ու ծավալատարածական հորինվածքներով կառույցը համապատասխանում է Հայաստանի վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին: Եկեղեցու արտաքին չափերն են. 25,6 մետր երկարություն և 12,5 մետր լայնություն (Կարապետյան 1999, 143)։ Ծիծեռնավաքն ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Չորս մուտքերից երեքը հարավային, իսկ մեկը հյուսիսային կողմում են: Արևմտյան մուտքի բացակայությունը, ինչպես պարզել են պեղումները, պայմանավորված էր այստեղ մեծ ժայռի առկայությամբ, որը ներառվել է արևմտյան պատի ծավալի մեջ: Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցություն։ Առկա են երկու տեսակի շինանյութեր՝ արտաքին պատերի ստորին սրբատաշ շարքերն իրականցված են բազալտով, իսկ վերնամասը՝ ֆելզիտով։ Սյուները զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու հյուսածո քանդակներով, վարդյակներով և այլ մոտիվներով։ Կառույցի առանձնահատկություններից է նաև արևելյան խորանի վրայի պատշգամբը, որը սրահից անջատվում է երկու սյուներով բաժանված եռակամարով։ Վանքի ընդհանուր տարածքը պարսպապատված է, առկա են մի քանի շինությունների մնացորդներ, որոնցից վերականգնվել է սեղանատունը։ Եկեղեցու պատերին պահպանվել են մի շարք վաղքրիստոնեական խաչային հորինվածքներ և քանդակներ (նկ․ 6, 7, 8): Տարածքում կան տարբեր ժամանակաշրջանների մի շարք խաչքարեր և տապանաքարեր։
Նկ․ 6 Ծիծեռնավանքը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ․ 7 Ծիծեռնավանքի վաղմիջնադարյան խաչապատկերներից, լուս. Հ․ Պետրոսյանի։
Նկ․ 8 Ծիծեռնավանքի վաղմիջնադարյան խաչապատկերներից, լուս. Հ. Պետրոսյանի։
Առկա են նաև մի շարք արձանագրություններ որոնցից 8-ը ներկայացված է «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում (ԴՀՎ 1982, 192)։ Մ․ Հասրաթյանը ամբողջացրել և ներկայացրել է 16, իսկ Ս․ Կարապետյանը 26 արձանագրություն։ Արձանագրություններից երկուսը (1613 թ., 1779 թ.) վերաբերում են շինարարական աշխատանքներին: Կառույցի պատերին պահպանվել են նաև որմնանկարների և կարմիր ներկի հետքեր։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
ԼՂՀ-ի կազմում 2001 թվականին Ծիծեռնավաքը վերականգնվել է: Եկեղեցուց բացի ամրակայվել և վերականգնվել են պարիսպը, սեղանատունը, վերջինս վերածվել է ցուցասրահ-թանգարանի։ Տարածքում կանգնեցվել են նոր խաչքարեր։
Մատենագրական քննություն
Մատենագրական նյութերում վանքի մասին պահպանվել են մի շարք ավանդազրույցներբ։ Ալիշանը ներկայացնում է մի պատմություն, ըստ որի շինարարներին օձի կողմից թունավորված ճաշի մասին զգուշացնում է ագռավը, սական նրանք սկզբնապես չհասկանալով սպանում են թռչունին, հետո արդեն թաղում են, տեղն անվանելով «Ագռավի գերեզման»։ Եկեղեցու արևմուտք գտնվող այս վայրը Լալայանը կոչում է «Ագռավախաչ»։ Եկեղեցին հայտնի ուխտավայր է եղել հատկապես Համբարձման և Ս․ Խաչի տոներին։ Վանքը ուխտատեղի է եղել նաև մահմեդականների համար, ովքեր այն անվանել են «Աղ օղլան» (սպիտակ մանուկ)` նկատի ունենալով սպիտակ ֆելզիտով կառուցված լինելը (Լալայան 1898, 49):
Խորհրդային և հետխորհրդային շրջաններում Ծիծեռնավաքը մասնագիտական ուսումնասիրության են ենթարկել Մ. Հասրաթյանը և Ա. Սահինյանը, իտալացի ճարտարապետներ Պ. Կունեոյի և Ֆ. Գանդոնֆոյի մասնակցությամբ: 1997 թվականինին կառույցը հետազոտել և չափագրել է Ս․ Կարապետյանը, իսկ 1997-2001 թվականներին Ծիծեռնավաքը ենթարկվել է հնագիտական հետազոտության (Հ. Սիմոնյան, Հ. Սանամյան), ապա վերականգնվել:
Գրականություն
1․ Ալիշան 1893 - Ալիշան Ղ․, Սիսական, Վենետիկ:
2․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Երևան, 1982։
3․ Լալայան 1898 - Լալայան Ե., Զանգեզուր, Ազգագրական հանդէս, գիրք Դ, թիվ 2:
4․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
5․ Հակոբյան 2009 - Հակոբյան Ա. Ծիծեռնավանքի անվանումը, նահատակի գերեզմանը և շինարարական փուլերը – Հակոբյան Ա., Պատմաշխարհագրական և վիմգրագիտական հետազոտություններ (Արցախ, ՈԻտիք). Մխիթարյան հրատ., Վիեննա-Երևան:
6․ Հարությունյան 1992 - Հարությունյան Վ․, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան:
7․ Հասրաթյան 1980 - Հասրաթյան Մ․, Ծիծեռնավանք, Պատմա-բանասիրկան հանդես, թիվ 2:
8․ Սիմոնյան 2005 - Սիմոնյան Հ․, Վերաօծված Ծիծեռնավանքը, Հուշարձան, թիվ Գ, Երևան։
9․ Օրբէլեան 1910 – Ս. Օրբէլեյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս։
Ծիծեռնավանք
Արցախ