Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի կենտրոնում (նկ․ 1)։

Նկ. 1 Եկեղեցին հարավից, լուս․` Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին, շքամուտքից վերև պահպանված արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերանորոգվել է 1895 թվականին․ «Ի յիշատակ հանկուցեալ հօր՝/ Մարգարէ բեկ Մելիք Փաշա[յեան]ցի/, Սուրբ Ա[ստուա]ծածնայ եկեղեցոյս/ թիթեղեայ ծածկոցն, կաթ/ողկէն կաւիթ դուռն, պատ/ուհաններն նորոգել դու[ե]ց/ իւր ծախսովն Ներսես բէկ/Մելիք Փաշայեանց․ 1895» (նկ․ 2)։ Համաձայն իր ծավալա-տարածական լուծումների և հարավային շքամուտքի քանդակային հարդարանքի՝ եկեղեցին 19-րդ դարի կառույց է:

Նկ. 2 Եկեղեցու վերանորոգման արձանագրությունը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու պատրհաններ (նկ․ 3)։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը (նկ․ 4)։ Արտաքուստ  երկթեք տանիքը պատված է մետաղյա թիթեղով։ Ներքուստ թաղակապ ծածկը հենվում է աղոթասրահի երկայնական պատերի որմնամույթերից սկզբնավորվող կամարների վրա (նկ․ 5, 6)։

Նկ․ 3 Խորանի հարավային պատի պատրհանը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Եկեղեցին ներսից, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ. 4 Մկրտությա ավազանը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ. 6 Եկեղեցին ներսից, լուս․` Ա. Գրիգորյանի։

Միակ սրբատաշ ու քանդակազարդ շքամուտքը բացվում է հարավից (նկ․ 7)։ Եկեղեցին լուսավորվում է  արևելյան, արևմտյան և հարավային կողմերում բացվող թվով չորս լուսամուտներով։ Ներսում, պատերին տեսանելի են փորագրված խաչեր և վերօգտագործված բազմաթիվ խաչքարեր  (նկ․ 4, 6, 8)։  Կառույցի արևմտյան պատի ստորին հիմնային հատվածում պատի մեջ ագուցված են 12-13-րդ դարերի երեք պատկերաքանդակ խաչքարեր (նկ․ 9, 10)։ Հուշարձանի տարածքում պահպանվել են նաև տարբեր ժամանակաշրջանների այլ խաչքարեր (նկ․ 11), որոնցից մեկը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1311 թվականին  (նկ․ 12)։

Եկեղեցու  երկարությունն է 16,7 մետր,  լայնությունը 6,5 մետր և բարձրությունը 5,5 մետր։

Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։

Նկ. 7 Եկեղեցու մուտքը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ․ 10 Արևմտյան պատին ագուցված 12-13-րդ դարերի խաչքարերը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ. 8 Եկեղեցու ներսի խաչքարերից, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ․ 12 Եկեղեցու տարածքի 1311 թվականի խաչքարը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ․ 9 Արևմտյան պատի ագուցված խաչքար, լուս․` Ա. Գրիգորյանի։

Նկ․ 11 Եկեղեցու հարավային մասում գտնվող խաչքարերը, լուս․` Ա. Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին չի վնասվել։

Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին
Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին
Ծովատեղի սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ