Կատարո վանքը

Տեղադրությունը

Կատարո վանքը  (նկ1) Արցախի հանրապետության ամենաբարձրադիր հուշարձանն է։ Գտնվում է Հադրութի շրջանի հյուսիս–արևմտյան մասում, Դիզափայտ լեռան գագաթին, 2478 մետր բարձրության վրա (նկ 2)։

 

Katarovank

Նկ․1 Կատարո վանքը մինչև վերանորոգումը, 2010 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ․ 2 Դիզափայտ լեռը հարավ – արևելքից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Դիզափայտ լեռան և Կատարո վանքի մասին մեզ են հասել մի շարք մատենագրական տեղեկություններ, որոնք վերաբերում են Արցախում քրիստոնեության տարածման վաղ պատմությանը։ 

Լեռան և վանքի անունը կապվում է մի ավանդազրույցի հետ, համաձայն որի մասքութների Սանեսան  թագավորն այստեղ սպանել է քրիստոնեություն ընդունած իր երեք որդիներին և նրանց միացած 3870 ճգնավորների (Կաղանկատուացի 1983, 119)։ Սրբավայրի վաղ կառույցները պարբերաբար ավերվել են, ներկա եկեղեցին կառուցվել է 1870 թվականին: 

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Եկեղեցու ներկա կառույցն ունի ուղղանկյուն հատակագիծ (նկ․ 3)։

 

Նկ․ 3 Կատարո վանքի հատակակագիծը, չափագրողներ՝ Կարապետյան Ս․, Զարյան Վ․, Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, էջ 121։

Երկարությունը 11,75 մետր, լայնությունը 6,70 մետր, բարձրությունը 5 մետր։  Միանավ բազիլիկ է, թաղակապ ծածկով, կառուցված տեղական կիսամշակ քարով, խորանը կիսաշրջանաձև։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, լուսամուտները՝ արևելյան, արևմտյան և հարավային կողմերից։  Բարավորի վրա պահպանվել է հետևյալ արձանագրությունը՝ «Շինեցաք սուրբ տաճարս/ Դոմեցի Հակոբ, իմ քոյր Ճաւահիր/ Գայսումեան և իր այր/ Յարութին։/ Ով որ կարդա ողորմի Ամեն/ Ուստա էր Ղուկաս Ծամձորեցի»։

Եկեղեցուց հարավ պահպանվել են կից շինության   (չափերը՝  9,8x3,8 մետր)  և պարսպապատերի մնացորդները (նկ․ 4)։

 

Նկ․ 4 Պարսպապատից մի հատված վանքի հարավային կողմում, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Սրբավայրի եկեղեցին ուխտատեղի էր ոչ միայն Դիզակի, այլև Հայաստանի այլ գավառների բնակչության համար։ Դա են վկայում նվիրատվական արձանագրությունները և ուխտավորների կողմից եկեղեցուն ընծայված չափերով ոչ մեծ խաչքարերը, որոնց վրա արձանագրվել են նվիրատուների անուններն ու նրանց բնակավայրերը։ Դրա վկայություն են վերանորոգման աշխատանքների ընթացքում վանքի տարածքում հայտնաբերված  խաչքարերի բեկորները և  արձանագիր քարերը, որից մեկը մասնատված երկու բեկորների` ունի հետևյալ բովանդակությունը «Յիշատակ է Սբ Խաչս Մկրտիչ Գաբրիելենց` ի գ[եղջեն] Ագուլիս, 1887» (նկ․ 5):

 

Նկ․ 5 1877 թվականին ուխտավորների կողմից վանքում թողած հիշատակագրական արձանագրություն, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Մի նվիրատվական փոքրիկ խաչքար էլ այստեղ է դրել թաղավարդցի Գրիգոր Ակոբջանովը 1895 թվականին։ Սրբավայրը հայտնի ուխտատեղի էր նաև մահմեդականների համար, որոնց կողմից այն ստացել է Զիարաթ (ուխտատեղի) անունը:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

2015 թվականի խանձաձորցի ռուսաստանաբնակ եղբայրներ Արմիկ, Նարվիկ և Տիգրան Առաքելյանների միջոցներով իրականացվեց եկեղեցու վերանորոգման աշխատանքները։  Վերանորոգվել է վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանի նախագծով, Մարտիրոս Չալումյանի ձեռամբ՝ հաշվի առնելով բոլոր մանրամասները, այդ թվում ծածկը վերանորոգվել է նախկին ծածկից պահպանված կղմինդրների նմանությամբ (նկ․ 6, 7)։

 

Նկ․ 6 Կատարո վանքը 2015 թվականի վերանորոգումից հետո, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ․ 7 Կատարո վանքը հյուսիս-արևմուտքից, վերանորոգումից հետո, 2018 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական 44-օրյա գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, սակայն դեկտեմբերին Հադրութի շրջանի ամբողջական բռնազավթումից հետո ընկած ժամանակահատվածում  ադրբեջանական կողմի տեղադրված տեսանյութերից պարզ է դառնում, որ ոչնչացվել են  վանքին նվիրված հին և նոր (նկ․ 8) խաչքարերը։ 

Նկ․ 8 2010 – 2012 թվականներին վանքի տարածքում տեղադրված նոր խաչքարեր, 2020, լուս․ Գ․ Բուդաղյան։

Ադրբեջանական զինուժի կողմից Դիզափայտի գագաթը վեր է ածվել ռազմական հենակետի, իսկ Կատարո վանքը ծառայեցվում է որպես զինվորների կացարան և զենքի պահեստ։

 

Մատենագրական քննություն

Դիզափայտ լեռանն ու Կատարո վանքին հանգամանորեն անդրադարձել է Մովսես Կաղանկատվացին իր «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության մեջ։

«Աղվանքի վրա տեր Աբասի հովվելուց առաջ թշնամիների կողմից հրդեհվեցին վկայարանները Վաչագան արքայի և Ամարասի Գառնիկ եպիսկոպոսի ժամանակ Դիզափայտ լեռան Կատարո վանքում հայտնվեցին, որոնց անուններն են՝ սուրբ Մովսես, սուրբ Դանիել, սուրբ Եղիա։ Սրանք մասքութների Սանեսան արքայի որդիներն էին, որոնք աշակերտել էին սուրբ Գրիգորիսին սրանց հետ էին նաև երեք հազար ութ հարյուր յոթանասուն տղամարդիկ։ Սրանք բոլորը աճապարեցին Դիզափայտ լեռը՝ խոտաճարակ կյանքով ապրելու։ Սրանց ետևից գալով՝ արյունարբու Սանեսանը բոլորին սրի քաշեց, որ տեղի ունեցավ նավասարդ ամսի իննին» (Կաղանկատուացի 1983, 90): Ամենայն հավանակնությամբ այս պատումը ունեցել է պատմական հիմք: Փավստոս Բուզանդը պատմում է, որ 4-րդ դարում պարսից արքայի հրամանով մազքութների թագավոր Սանեսանը հարձակվում է Հայոց աշխարհի վրա  և «․․․ անցավ Հայոց սահմանը, մեծ Կուր գետը, սփռվեց ու լցրեց Հայոց աշխարհը․․․Երկիրը ծածկեցին, քանդեցին, գերեցին, ամբողջովին ավերեցին, երկրի բոլոր սահմաններում ծավալվեցին մինչև Սատաղ փոքրիկ քաղաքը, մինչև Գանձակ Ատրպատականի սահմաններում․․․» (Բուզանդ 1968, 76)։ 

Մխիթար Այրիվանեցին 352 թվականի տակ համառոտ բերում է Կաղանկատվացու հաղորդումը. «Մովսէս և Դանիէլ 3870 սրբովք կատարին ի Դիզափայտն» (Այրիվանեցի 1867, 61): Դիզափայտի վանքի և Դիզակ գավառի մասին պահպանվել են նաև արժեքավոր տեղեկություններ հայկական ձեռագիր հիշատակարաններում։ Նրանցից մեկում, գրված 1775 թվականին, գրիչը խնդրում է «․․․յիշել ա[ստուա]ծամերց աղօթս ձեր հոգէոր ծնող իմ հանգուցեալ ի տ[է]ր Երեմիայ եփիսկուպոզ ա[ռա]ջ[ն]որդ ս[ուր]բ ուխտին Դիզափայդ կոչեցելոյն երկրի Դիզակոյ» (Աճառյան 1910, 18):

Հ Ոսկյանն իր «Արցախի վանքերը» աշխատությունում նշում է՝ «Դիզափայտի ամրոցէն քիչ մը հեռու, անոր ավերակներուն վրա այսօր կը նկատուի միայն մատուռ մը։ Յասմաւուրքը Դիզափայտի անունը հետեւեալ դեպքին կը վերագրէ՝ «Իսկ որդիք զօրավարին (Թէվոփիլեա) Մովսէս եւ Երանողիս (Աներողեգէս) եւ այլք զօրքն հաւատացեալ փախեան ի լեառն որ կոչի Դիզափայտ որոց զհետ  երթեալ անօրինացն կոտորեցին զնոսա ․․․ այրեցին հրով եւ անուանեցին զլեառն Դիզափայտ,  վասն զի քան զփայտ դիզեցին զնոսա եւ այրեցին»։ Անոնց աճիուններովը նուիրականացված այդ վայրին մեջ ․․․ «Յետ ժամանակաց միայնակեացք ոմանք, արք ճգնաւորք եկեալ բնակեցան անդ եւ արարին իւրեանց վանս զտեղին» (Ոսկեան 1953, 16-18)։

   Գրականություն

  1. Ամիրջանյան Ս․, Դիզակ, Երևան, 2006:
  2. Աճառյան 1910 – Աճառյան Հ, Ցուցակ հայերեն ձեռագրաց Թավրիզի, Վիեննա:
  3. Այրիվանեցի 1867 – Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական, Ս. Պետերբուրգ:
  4. Բուզանդ 1968 – Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, Երևան:
  5. Կաղանկատուացի 1983 – Մովսիսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան:
  6. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
  7. Ոսկեան 1953 – Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա:
Կատարո վանքը
Կատարո վանք
Կատարո վանք
Արցախ