Կատոսավանք

Տեղադրություն

Կատոսավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), համանուն բնակավայրից 1 կմ հյուսիս, Հակարի գետի Հոչանց վտակի ափին (նկ․ 1)։ Այստեղ պահպանվել են բազիլիկ եկեղեցու և կցակառույցների, գերեզմանոցի, իսկ մի փոքր արևելք և ամրևմուտք միջնադարյան բնակատեղիների մնացորդներ։

Նկ․ 1 Կատոսավանքի ընդհանուր տեսքը հարավից, լուս. Վ․ Արաբյանի։

Պատմական ակնարկ

Կատոսավանքի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Կառույցի հավանական թվագրությունը, նկատի ունենլով ճարտարապետական-հորինվածքային լուծումները և տարածքում գտնվող խաչքարերի թվագրությունը, կարելի է համարել 9-11-րդ դարերը:

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ բազալտով և կրաշաղախով։ Սրբատաշ քարեր օգտագործվել են կառույցի մուտքի, լուսամուտների եզրաքարերի,  որմնասյուների  և պատերի անկյունային հատվածներում (նկ․ 2)։ Կառույցը արևելյան կողմում ներգծված խորանով միանավ բազիլիկ է, արտաքին 16,70 x 6,90 մետր չափերով (Կարապետյան 1999, 157, նկ․ 3)։

Նկ․ 2 Կատոսավանքի տեսքը ներսից, լուս. Զ․ Ըռքոյանի։

Պատերի հաստությունը 1-ից 1,1 մետր է։ Արևելյան հատվածում՝ հյուսիսային և հարավային կողմերից կցված են մեծաչափ ավանդատներ, որոնց մուտքերը դրսից են և աղոթասրահի հետ չեն հաղորդակցվում։ Կիսագլան թաղն (այն ամբողջովին բացակայում է) հենվել է հյուսիսային և հարավային պատերին կցված զույգ որմնասյուների վրա բարձրացող կամարների վրա։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից (վերջինս լավ է պահպանված, նկ. 4): Ունի պահպանված մեկ լուսամուտ հարավային պատի վրա: Կառույցի ավանդատները համեմատաբար վատ են պահպանված։ Վերջիններս նույնպես ունեցել են ներգծված խորաններ։ Եկեղեցու հարավային պատի վրա առկա հորիզոնական խորշերի շարքը հուշում է, որ կառույցը հարավից ունեցել է կից սրահ, փայտածածկ տանիքով (նկ. 5): Կառույցի շուրջը փռված է եղել համաժամանակյա գերեզմանատունը, որից պահպանվել են մի քանի վաղագույն ու ավելի ուշ շրջանների խաչքարեր և տապանաքարեր (նկ. 6)։

Նկ․ 5 Կատոսավանքի հարավային պատի հորիզոնական խորշերը, լուս. Զ․ Ըռքոյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Կատոսավանքի գործունեության ավարտից հետո այն հիմնականում տուժել է խորհրդային Ադրբեջանի կազմում եղած տարիներին։ Այս շրջանում են նաև վնասվել և վերացվել միջնադարյան գերեզմանոցի խաչքարերի մի մասը, այդ թվում Հայր Գրիգորի արձանագիր խաչքարը (Կարապետյան 1999, 157, նկ․ 7)։

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում անդրադառնում է նաև Կատոսավանքին և 1567 թվականի ձեռագիր ավետարանի հիշատակարանում նշված Հակարու երկրի Գետուզ գյուղը նույնացնում է Կատոսի հետ (Կարապետյան 1999, 156)։

Նկ․ 7 Հայր Գրիգորի արձանագիր խաչքարը, լուս․ Ս․ Կարապետյանի, 1989։

Նկ․ 3 Կատոսավանքի հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 157։

Նկ․ 4 Կատոսավանքի մուտքը, լուս. Վ․ Արաբյանի։

Նկ․ 6 Կատոսավանքի շրջակայքի խաչքարերից, լուս. Վ․ Արաբյանի։

Գրականություն

1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:

Կատոսավանք
Կատոսավանք
Քաշաթաղի շրջան
Արցախ