Կարմիր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Կարմիր գյուղը կամ Տռնավարզ-Դռնավարզը գտնվում է Ասկերանի շրջանում։ Ըստ Մակար Բարխուդարյանի՝ «․․․Դռնավարզ գյուղը հիմնուած է Պողրխանայ սարի հարաւ արևմտահայեաց լանջին վերայ, բնակիչք բնիկ են․․․» (Բարխուտարեանց 1895, 85)։ Դռնավարզը Կարմիր գյուղ է վերանվանվել 1921 թվականին։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Ըստ մուտքի ճակատակալ քարի վրա պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է ։ՌՄՂ։ (1841) թվականին։ Միանավ ուղղանկյուն սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են կառույցի անկյունաքարերը, մուտքի, կամարների, խորանի, ավանդատների, լուսամուտների և այլ բացվածքների եզրաքարերը։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները (նկ․ 2)։ Ներքուստ թաղակապ է (նկ․ 3), արտաքուստ պատված է երկթեք կղմինդրապատ նոր ծածկով։ Թաղը հենվում է երկու զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա:
Տանիքի վրա՝ մեջտեղում, բարձրանում է զանգակատունը՝ սրբատաշ քարից կառուցված չորս սյուներով և բրգաձև վեղարով։
Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Եկեղեցու ներսում պատերին կան ագուցված տարբեր զարդանախշերով և պատկերաքանդակներով 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ․ 4, 5, 6, 7)։
Լուսավորվում է հարավային կողմից բացվող երկու մեծ, արևմտյան և արևելյան մասերում բացվող մեկական փոքր լուսամուտներով։ Մուտքը հարավից է։ Կից կառուցված է թաղակապ նախասրահ (նկ․ 8), որի կառուցման մասին հենց նախասրահի արևմտյան պատի հարավահայաց մասում պահպանվել է արձանագրություն՝ «Յիշատակ իւր հոգւոյն/ կառոյց զայս գաւիթս/ Իսրաէլ Յոյաննեսեան/ Դռնաւարզ գիւղացի, 1894 ամի» (նկ․ 9)։
Նախասրահի արևելյան պատի հարավահայաց մասում էլ պահպանվել է մեկ այլ արձանագրություն, որը վերաբերում է ավելի վաղ կառուցված զանգակատանը կամ եկեղեցուն նվիրած զանգին․ «Յիշատակեցինք զանկա/գս Շամիր կամ [եւ՞] Շիրին Իսրա/յելեան Լոճունց՝ 1892 ամի./ վախճանվեցան Բաքու՝/ խոլերային ժամանակին» (նկ․ 10)։
Նախասրահում տեղադրված են 12-13-րդ դարերի երկու գեղաքանդակ խաչքարեր (նկ․ 11, 12), որոնք ըստ գյուղացիների վկայության, այստեղ են տեղափոխվել գյուղի տարածքում գտնվող Խաչին տակ սրբավայրից։
Եկեղեցու տարածքում պահպանվել են մի քանի արձանագիր տապանաքարեր (նկ․ 13), որոնց մի մասը գյուղի տարբեր ժամանակների քահանաների գերեզմանաքարերն են. «Տապանս Պետրոս քահա/նայի տէր Յոհանէսեան տէր Ման/ուէլեանց․ վախճան․ հուլիսի /1912 թ[ուականի], 73 ամաց։ Օ[ր]հնելով զժառանկութիւնս և ժողովուրդս/ հեռանու[մ] էմ, աւաղ(՞), յաւիտենականանութիւն» (նկ․ 14), «Այս է տապան լուսահ/ոգի տ[է]ր Մելքիսեթին,/ տ[է]ր Ավաքեանց ե[ւ] հայր/ էր տ[է]ր Սարգիսին, թ[վին] ։ՌՅԺԸ։ (1869) (նկ․ 15)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին վերանորոգվել է 2016–2018 թվականներին (նկ․ 16)։
2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցին թիրախավորվել է, ադրբեջանական զինուժը եկեղեցու վրա արկ է արձակել, որն ընկել է մոտակայքում։ Այն հայտնաբերվել և վնասազերծվել է 2022 թվականի փետրվարին (մանրամասները տե՛ս
Գրականություն
1․ Բարխուտարեան 1895 – Բարխուտարեան Մ․, Արցախ, Բագու։
Կարմիր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ