Կիչանի անապատը

Տեղադրությունը

Անապատ գտնվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից 3 կմ հյուսիս- արևելք (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:

Kus anapat

Նկ․ 1 Վանքի ընդանուր տեսքը հարավ – արևմուտքից, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի:

Պատմական ակնարկ

Կիչանի անապատի իրական-պատմական անունը հայտնի չէ: Վանքի ամենահին թվագրվող արձանագրությունը վերաբերում է 1191 թվականին։ Այն արձանագրված է մի խաչքարի վրա, որը տեղադրված էր հարավային մատուռի արևմտյան պատին՝ դեմքով դեպի գավիթը։ Ներկայումս խաչքարը գտնվում է գավթի մեջ, մասնատված մի քանի կտորների։ Ըստ արձանագրության՝ «Թիվ ։ՈԽ։ ես հայ/ր Ըստեփանոս կ/անգնեցի խաչս բ/արեհախաւս հոգոյ իմո,/ ծնողաց իմոց․ ոյք կարդայք զիս յաղաւթս [յիշեցէք]» (Կարապետյան 1983, 58) (նկ․ 2)։ Հուշարձանախմբի հարավային մասում գտնվող երկրորդ եկեղեցու դռան վերնահատվածում տեղադրված հորիզոնական դիրքով տեղադրված խաչքարի վրա արձանագրված է․ «Թիվն ։ՌՄԸ։ (1759) յիշատակ է Սուրբ եկեղեցիս Մինասի որդի Պապասին, աղ/օթիւք յիշեցէք եւ Աստուած ըզձեզ յիշէ․ Ամէն» (ԴՀՎ 1982, 90)։ Եկեղեցու տարածքում վերջերս հայտնաբերվել է կիսակամար մի արձանագիր քար՝ նույնպես այս ժամանակաշրջանի արձանագրությամբ․ «Թվ[ին] ։ՌՄԼ։ (1781) Անդրեաս Վարդապետս, որ էի Խօթավանք, որդի տ[է]ր Պողոսին և Բէկզադին որ եղէ ըսպասավոր և ծառա Ս[ու]րբ ուխտիս ես և իմ եխ․․․․․» (նկ․ 3)։

Նկ․ 2 1191 թ․ արձանագիր խաչքարը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի:

Նկ․ 3 Արձանագիր բարավորը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի:

Հաշվի առնելով, որ եկեղեցու բարավորը բացակայում է, կարելի է ենթադրել, որ սա հենց բարավորի քարն է։ Արձանագիր տապանաքարերից մեկի վրա պահպանվել է գավազան և երկու տող․ «Այս է տապան Տ[է]ր Գրիգորին, որ էր միաբան Խոթ/ավանքին, սայ որդի էր Սիմէօնին ։ՌՎՃ մէկ թվին (1752)» (ԴՀՎ, 1982, 90) (նկ. 4): Հավանական է, որ 18-րդ դարի հիսունական թվականներին Դադիվանք-Խոթավանքից այստեղ է տեղափոխվել միաբանների մի խումբ, որը կառուցել է անապատի երկրորդ եկեղեցին և վերակենդանացրել վանքը:

Նկ․ 4 Արձանագիր տապանաքար, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի:

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Վանական համալիրը բաղկացած է երկու կից եկեղեցիներից, գավթից, սեղանատնից, միաբանների խցերից և գերեզմանատնից։ Անապատի գլխավոր եկեղեցին գտնվում է համալիրի հյուսիս-արևելյան մասում (նկ․ 5)։ Այն արտաքինից խաչաձև, ներքուստ միանավ սրահ է, արևելյան կողմում պայտաձև խորանով։ Աղոթասրահի հարավային և հյուսիսային կողապատերից բացված դռները տանում են դեպի ավանդատներ, որոնք նույնպես ունեն խորաններ։ Ավանդատների արևելյան կողմում կան մեկական փոքր լուսամուտներ։

Եկեղեցու ներսում, պատերի մեջ բացված են տարբեր չափերի ու խորության յոթ խորշեր։ Եկեղեցու արևելյան մասում ավագ խորանից անցումը թաղին իրականացված է կորագծով։ Նույն պատկերը կրկնվում է նաև արևմտյան կողմում։ Սա Արցախի եկեղեցաշինության մեջ բացառիկ երևույթ է (Կարապետյան 1983, 58)։

Եկեղեցին ունի 4 մետր բարձրություն, 4․8 մետր լայնություն, 8 մետր երկարություն։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից դեպի գավիթը։ 4 մետր բարձրություն, 4,5 մետր լայնություն, 8 մետր լայնություն ունեցող գավիթը գտնվում է գլխավոր եկեղեցուն կից արևմտյան մասում և ունի հյուսիս-հարավ ձգվածություն և մեկ լուսամուտ հյուսիսային կողմում։ Գավիթն իր մեջ ընդգրկում է նաև եկեղեցու խաչաթևերից արևմուտք ընկած քառակուսի մակերեսները, որոնք հարմարեցված են որպես ավանդատներ։ Դրանցից հյուսիսայինը ավելի փոքր է հարավայինից։ Գավիթն ունեցել է երկու մուտք՝ հարավային և հյուսիսային կողմերում։ Գավիթը ներկայումս կիսավեր է, ամբողջությամբ փլուզված է թաղակապ ծածկը։

Նկ․ 5 Գլխավոր եկեղեցին արևմուտքից, 2022, լուս․Ա․ Գրիգորյանի:

Հին եկեղեցուն և գավթին հարավից կից կառուցված է երկրորդ եկեղեցին, որի ուղղանկյուն աղոթասրահն արևելքում ունի կիսաշրջանաձև խորան (նկ․ 6)։ Հայտնի է այս եկեղեցու կառուցման թվականը՝ 1759 թվական։ Եկեղեցին ունի միայն մեկ ավանդատուն, որը բացվում է հյուսիսային կողմից, որը փաստորեն տեղադրված է երկու եկեղեցիների մեջտեղում, ինչի պատճառով էլ զուրկ է լուսամուտից։ Եկեղեցին կառուցված է անտաշ և կիսամշակ քարերով։ Սրբատաշ է միայն եկեղեցու  կենտրոնական հատվածում կիսաշրջան թաղը պահող կամարը։ Ունի մեկական լուսամուտ հարավային, արևելյան և արևմտյան կողմերում։ Հարավային պատուհանի վերնամասը եզերված է երկու գեղաքանդակ խաչքարերով (նկ․ 7)։ Մուտքը բացվում է հարավից։ Եկեղեցու ներսում տեղադրված են մի քանի խաչքարեր։

Նկ․ 6 Վանքի երկրորդ եկեղեցին ներսից, 2022, լուս․Ա․ Գրիգորյանի:

Նկ․ 7 Հարավային եկեղեցու հարավային լուսաուտի վերնամասի խաչքարերը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի:

Սեղանատունը գտնվում է հուշարձանախմբից 15 -20 մետր դեպի հարավ (նկ․ 8)։ Այն ունի ուղղանկյուն հատակագիծ, գլանաձև թաղ։ Մուտքը բացվում է արևելքից, լուսավորվում է հարավային կողմից բացվող լուսամուտից։

Միաբանության խցերից այժմ մնացել են միայն հենապատերի հետքերը։

Վանքի շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են արձանագիր և անարձանագիր տապանաքարեր ու խաչքարեր (նկ․ 9)։ Մեկ այլ տապանաքարի վրա կարդում ենք․ «Այս է տապան տ[է]ր Պօ[ղոսի] [որ]դի Անդր[եաս][Հայրա]պետին Ռ/ՄԼԹ (1781)» (Կարապետյան 1983, 61) (նկ․ 10)։ Վանքից քիչ ներքև գտնվում է Անահիտ կոչվող աղբյուրը։ Թերևս դա է պատճառը, որ վանքը տեղացիների կողմից հաճախ կոչվում է Անահիտի տուն։

Նկ․ 8 Սեղանատան տեսքն արևելքից, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի:

Նկ․ 9 Վանքի շրջակայքի խաչքարերից, 2022, լուս․Ա․ Գրիգորյանի:

Նկ․ 10 Արձանագիր տապանաքար, 2022, լուս․Ա․ Գրիգորյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին գտնվում էր մասնակի ավերված վիճակում։ 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով չի վնասվել։

Գրականություն

1․ ԴՀՎ 1982Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, Երևան:

2․Կարապետյան 1983 – Կարապետյան Ս․, Բացառիկ հորինվածքով միջնադարյան   հուշարձան, «Էջմիածին», Դ:

3․Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895

4․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պամա-ճատարապետական հուշարձանները, Երևան, 1985:

5․ Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա, 1953:

 

Կիչանի անապատը
Կիչանի անապատը
Կիչանի անապատը
Արցախ