Կղարծիի Սրբոց Թարգմանչաց եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Թարգմանչաց եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Կղարծի գյուղի կենտրոնում (նկ․ 1)։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Ըստ Մ․ Բարխուդարյանի եկեղեցին կառուցվել է համայնական ծախսերով: Եկեղեցում են պահվել կենաց փայտի արծաթյա խաչ-մասունքարանը և 1477 թվականին Աղթամարում Հովհաննես գրչի ընդօրինակած թղթե պատկերազարդ ավետարանը (Բարխուտարեանց 1895, 111-112):
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է (նկ․ 2)։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ զույգ ավանդատներով։ Ունի 18,7 մետր երկարություն, 12, 6 մետր լայնություն։ Հյուսիսային պատի մեջ պահպանվել է մկրտության ավազանը, որի կամարակապ քարին արձանագրված են տողեր Ս․ Հովհաննու Ավետարանից․ «Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ» (նկ․ 3)։ Նույնաբովանդակ տողեր կան նաև խորանի գմբեթարդի կամարի ճակատային հատվածին․ «Եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ` տացէ ձեզ» (նկ․ 4)։
Միակ մուտքը բացվում է հարավից (նկ․ 5), լուսավորությունը ստանում է թվով վեց լուսամուտներից։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, մուտքի, լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են։ Պատերի մեջ կան ագուցված ոչ մեծ չափսերի խաչքարեր (նկ․ 6)։ Տանիքը երկթեք է, վերանորոգումից հետո պատվել է մետաղյա ծածկով (նկ․ 7)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին լրիվությամբ վերանորոգվել է 2000 - 2005 թվականներին և գտնվում էր գերազանց վիճակում։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Մարտունու շրջան
Արցախ