Կոշիկ անապատը

Տեղադրությունը

Կոշիկ անապատը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Քոլատակ գյուղից 3,2 կմ արևմուտք, անտառածածկ տեղանքում (նկ․ 1)։ Վանքի գլխավոր հատակագիծը երկարավուն տեսք ունի և զբաղեցնում է մոտավորապես 20 x 80 մետր տարածք (նկ․ 2)։

Նկ․ 1 Կոշիկ անապատի ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 2 Կոշիկ անապատի գլխավոր հատակագիծը, չափագրությունը՝ Ս․ Կարապետյանի։

Կոշիկ անվան մասին

Տեղացիները վանքը կոչում են «Նապատ», ինչն անապատի բարբառային ձևն է: Վանքի «Կոշիկ անապատ» անվանումը երիցս վկայված է նրա արձանագրություններում (ԴՀՎ 5, 28, 30, 32): Առաջին հայացքից տարօրինակ և անհասկանալի թվացող «կոշիկ» անվանումն ըստ երևույթին կապված է այս բառի սոցիալ-իրավական իմաստի հետ, ինչը ձևավորվել է դեռ վաղ միջնադարում՝ պարթևական, սասանյան և հայ Արշակունիների արքունական միջավայրում, երբ արքայի կամ այլ գերակայի որևէ մեկին շնորհած զգեստը, հարդարանքը կամ զարդը ցուցում էին նրա իրավա-սոցիալական կարգավիճակը: Դրանց թվում էր նաև կոշիկը, որը ձեռք էր բերել նաև պարգև, նվեր իմաստը (մանրամասն տե՛ս Առաքելյան 1940, 75-79): Կարելի է ենթադրել, որ մենաստանը սկզբնապես կառուցվել է Խաչենի որևէ իշխանական տան նվիրատվությամբ և դրա համար էլ ստացել է Կոշիկ անվանումը:

Վանքի գործունեության մասին

Կոշիկ անապատի մասին հիմնական տեղեկությունները հայտնում են վանքի կառույցների պատերին և խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները: Ցավոք, տեղում արձանագրական, ճարտարապետական կամ պատկերագրական ստույգ վկայություն չկա վանքի ստեղծման ժամանակի վերաբերյալ: Դատելով առկա արձանագրություններից, 13-րդ դարի առաջին կեսին այն պատկանել է Խաչենի Դեսումյան իշխանական տանը, ապա՝ 13-րդ դարի կեսերից՝ Լոռուց այստեղ տեղափոխված Մամիկոնյան տան մի ճյուղին (Հակոբյան 2020, 297, 346-350): Վերջիններիս ներկայացուցիչներից մեկը՝ Խերխանը, վանքի Սբ․ Ստեփանոս եկեղեցու բեմառէջքի 1265 թվականի ընդարձակ արձանագրության մեջ (նկ. 3, 4) հայտնում է մոնղոլ խանին երեք այցելությունների և իրենց կալվածքները հարկերից ազատելու մասին. «:գ: հետի ի ղանն գնացի յարեւ/ելս հիւսիսիոյ … իմ ազգէն թափեցի դ/ատաստանաւ» (ԴՀՎ 5, 29: Հակոբյան 2020, 346): Այս նույն արձանագրությամբ իշխանական տան անդամները վանքը համարում են իրենց գերեզմանատունը. «Մեք՝ Սեւադա,/ Խէրխան, Մարծպան, Մամիկոն կամեցաք նորոգել զմեր գերեզմանատունս: Ես՝ Խէրխանս... շին/եցի զսուրբ Ստեփանոսս եւ նորոգեցի զայլ եկեղեցիքս եւ զարդարեցի» (ԴՀՎ 5, 29, Հակոբյան 2020, 346): Այս և վանքի այլ արձանագրությունների քննությամբ կարելի է պարզել, որ վանքի՝ իրար կից երեք եկեղեցիներից հարավայինը կոչվել է Սբ․ Ստեփանոս, միջինը՝ Սբ․ Գևորգ, հյուսիսայինը՝ Սբ․ Նշան (Բարխուտարեանց 1895, 168-169): Ընդ որում, արձանագրական մի քանի տեղեկություններ հիմք են տալիս հավանական համարել, որ վանքը՝ կենտրոնական, թերևս ամենահին, եկեղեցու անունով կոչվել է նաև նաև Սբ․ Գևորգ:

         

Նկ․ 3 Մամիկոնյան իշխանների 1265 թվականի արձանագրության մնացորդները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 4 Մամիկոնյան իշխանների 1265 թվականի արձանագրության մնացորդները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

«Կոշիկ անապատ» վանական համալիրը բաղկացած է հուշարձանների երկու խմբից, որոնք իրարից անջատված են բակով։ Վանքը եղել է պարսպապատ, պահպանվել են պարիսպների միայն հետքերը և գլխավոր մուտքի ավերակները (նկ. 5): Հուշարձանախմբերից դեպի հյուսիս ձգվում է գերեզմանատունը, որն ավերվել է ծառերի մեծ արմատների պատճառով:

Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կրաշաղախով կապակցված կոպտատաշ քարերով, սրբատաշ են միայն մեծ եկեղեցու բեմառէջքի պատը, գավթի երկու սյուները և դրանք իրար ու պատերի հետ կապող կամարները։

Առաջին՝ հյուսիսային կողմի հուշարձանախմբում երեք եկեղեցիներ են, որոնցից երկուսը՝ հյուսիսայինը՝ Սուրբ․ Նշանը և միջանկյալը՝ Սբ․ Գևորգն արևմտյան կողմում ունեն մի ընդհանուր եռակամար սրահ-գավիթ և բացվում են դեպի այդ սրահը, իսկ Սբ․ Ստեփանոս եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքը բակի կողմից է։ Երեք եկեղեցիները թաղակապ սրահներ են, կառուցված կոպտատաշ քարերով ու կրաշաղխով, ներսից սվաղապատ են: Սուրբ Ստեփանոսի թաղը փլված է (նկ. 6), մյուսներն ամբողջական են։ Սուրբ Գևորգ գլխավոր եկեղեցին ունի քառակուսի աղոթասրահ և պայտաձև խորան, հարավային և հյուսիսային պատերում՝ մեկական պատրհաններ։ Սբ․ Ստեփանոսն ունի կիսաշրջանաձև, իսկ Սուրբ Նշանը՝ քառանկյուն խորան։ Քառանկյուն խորանը բավական հաճախ է հանդիպում Արցախի եկեղեցիներում և երկրամասի ճարտարապետական դպրոցի կարևոր առանձնահատկություններից է։ Նմանատիպ հորինվածքային լուծումը հանդիպում է Դադիվանքի, Գտչավանքի, Եղիշա Առաքյալի, Բռիեղցի, Օխտըեղցի, Չարեքտարի և մի շարք այլ վանքերի եկեղեցիներում (Հասրաթյան 2022, 94, 95)։ Այդպիսի լուծում հանդիպում ենք նաև Հանդաբերդի վանքի եկեղեցիներում և մատուռներում (Պետրոսյան և այլք 2009, 34)։

Սբ․ Գևորգի արևմտյան ճակատամասում՝ տանիքի վրա կանգնեցված է զանգակատունը (նկ. 7): Ուշագրավ է, որ վանքի 13-րդ դարի վերջերի արձանագրություններից մեկը (նկ. 8) հայտնում է Սբ․ Գևորգ եկեղեցուն զանգեր նվիրելու մասին («Կամաւն Ա[ստուծո]յ, ես/ Սնպատ՝ որդի Աւծովայ միա/բանեցայ ս[ուր]բ Գերգիս, տվի զանգականիս…», ԴՀՎ 5, 31):

Բոլոր եկեղեցիներն էլ ունեն խորանի մեջ բացվող մեկական լուսամուտներ։

Նկ․ 5 Վանքի գլխավոր մուտքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 7 Սբ․ Գևորգ եկեղեցու տանիքին տեղադրված զանգակատունը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 6 Սբ․ Ստեփանոս եկեղեցու խորանը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 8 Վանքին զանգեր նվիրելու արձանագրությունը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Իր ճարտարապետական լուծումով և շինարվեստով առանձնանում է եռակամար սրահ-գավիթը (նկ. 9), որի պատերը, սյուներն ու կամարները՝ մինչև կամարաշարի ավարտը իրականացվել են մեծ սրբատաշ սալերով, ինչն առանձնահատուկ տեսք է տալիս ողջ համալիրին: Սրահի լայն կամարաշարն սկզբնապես եղել է բաց, հետագայում դրանք փակվել են կոպտատաշ քարերով ու կրաշաղախով, իսկ վերնամասերում խաչքարերի վերօգտագործումով բացվել են մեկական նեղ լուսամուտներ (նկ. 10): Սրահի միակ կրկնակամար շքամուտքը բացվում է հարավից (նկ. 11): Սկզբնական պայտաձև շքամուտքը հետագայում նեղացվել է և որպես նոր բարավոր օգտագործվել է 12-13-րդ դարերի գեղաքանդակ խաչքար: Ընդհանրապես նկատենք, որ համալիրի տարբեր կառույցների պատերում հաճախ են վերօգտագործվել 12-13-րդ դարերի շքեղ խաչքարեր: Այսպիսի եռակամար բացվածքով սրահ ունեն նաև Հակոբավանքը, Երից մանկանց վանքը, եռակամար բաց սրահները տիպական են նաև Արցախի և Սյունիքի 17-18-րդ դարերի մելիքական ապարանքների համար: Կոշիկ անապատի գավիթ-սրահի կառուցման ժամանակի մասին բաեբախտաբար պահպանվել է երկու աևձանագրություն:  Այսպես, սրահի հետագա վերանորոգումների ժամանակ վերօգտագործված 1199 թվականի խաչքարի արձանագրությունը (նկ. 12) հաղորդում է «սրահ» կառուցելու մասին. «Ես՝ տ[է]ր Վարդան շինեցի զսրահս, կանգնեցի զխաչս/ ի տապանի մաւր իմոյ: Որք երկրպագէք՝ յիշե[ս]ջիք յաղաւթս: Թու[ին] :[Ո]ԽԳ: (1199 թ.) էր» (ԴՀՎ 5, 26): Երկրորդ, սրահի հյուսիսային պատի մեծ խորշում պահպանվել է Խաղբակյան հայտնի իշխան, Վասակի որդի Պռոշի 1244 թվականը կրող նվիրատվական արձանագրությունը (ԴՀՎ 5, 28): Այսինքն 13-րդ դարի կեսերին սրահն արդեն կար: Այս քննությունը թույլ է տալիս, ավելի քան հավանական համարել, որ եռակամար սրահը կառուցվել է 12-րդ դարի վերջերին:

Սրահի հյուսիսային պատին կից ձգված է մի ուղղանկյուն կիսավեր շենք, որը հավանաբար համալիրի սեղանատունն է (նկ. 13)։ Դեպի հյուսիս-արևմուտք պահպանվել են աշխարհիկ կառույցների՝ խցերի և տնտեսական շենքերի կիսավեր պատեր, որոնք ծածկված են թփուտներով և ծառերով:

Նկ․ 9 Եռակամար բացվածքով սրահը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 11 Եռակամար սրահի շքամուտքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 10 Եռակամար սրահի ներքնատեսքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 12 Սրահի կառուցման արձանագրությունը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ․ 13 Սրահին հյուսիսից կից սեղանատան ներքնատեսքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

«Բաղնիքը»

Վանքի հիմնական՝ եկեղեցական համալիրից մոտ 20 մետր հարավ գտնվում է երկսենյակ քարուկիր մի կառույց (նկ. 14), որը, նկատի ունենալով նրա պատերի մեջ հորիզոնական տեղադրված փողրակները (նկ. 15)՝ հետազոտողների կողմից բնորոշվել է որպես բաղնիք (Մկրտչյան 1985, 29): Շինությունը կառուցվել է 13-րդ դարի խաչքարերի օգտագործումով և ըստ այդմ 13-րդ դարի վերջերից վաղ չէ: Այն բաղկացած է երկու՝ մեծ և փոքր թաղակիր սենյակից է, միակ մուտքը մեծ սենյակի արևմտյան ճակատի անկյունից է, մեծ սենյակը փոքրի հետ հաղորդակցվում է նեղ միջանցքով, սենյակներից յուրաքանչյուրն ունի արևելյան պատում բացվող մեկական նեղ լուսամուտ, մեծ սենյակն ունի բուխարի, պատերի մեջ՝ պատրհաններ: Հայտնի է, որ վանքը ջուր է ստացել հատուկ առվի միջոցով, որի մի հատվածն էլ անցնում է վանքի պարսպի և կամարակապ մուտքի վրայով: Սակայն այս կառույցին որևէ խողավակաշար չի միանում: Սենյակներում չկան հնոցի հետքեր, հատակները չունեն տաքացման համակարգ (հիպոկաուստ), կառույցներ, որ միջնադարյան բաղնիքների կարևոր գարծառական բաղադրիչներն են: Միջնադարյան բաղնիքներում փողրակներն օգտագործել են երկու նպատակով, որպես ջրամատակարարման համակարգի մաս, որի դեպքում դրանք անցել են պատերի միջով և ջուր մատակարարել կաթսային կամ էլ ծառայել են որպես բաղնիքը տաքացնող և հնոցի ծուխը հեռացնող համակարգ, որի դեպքում դրանք սկիզբ են առել հնոցից և ուղղահայաց բարձրացել պատերի միջով: Մեր դեպքում չկան և այս հանգամանքները: Եթե նկատի ունենանք, որ փողրակները դասավորված են կառույցների վերնամասում՝ թաղից անմիջապես ներքև և դուրս են գալիս բաց տարածություն (նկ. 16), ավելի քան հավանական է, որ դրանք նախատեսված են եղել կառույցի օդափոխության համար: Ելնելով այս փաստերից, այս կառույցի բաղնիք լինելը կարծում ենք խիստ թեական է: Ավելի հավանական է, որ այն եղել է վանահոր կացարանը: Նկատենք նաև, որ փողրակներով օդամատակարարումը վավերացված է նաև Երից մանկանց վանքի վեհարանի հյուսիսային սենյակում, ուր նույնպես կա բուխարի (այս տեղեկության համար շնորհակալ ենք Երից մանկանց վանքի վերականգնող-ճարտարապետ Սամվել Այվազյանին):

Նկ․ 14 Վանահոր կացարանի արտաքին տեսքը, լուս.՝ Արցախի ԿԳՄՍ պատմա-մշակութային հուշարձանների շտեմարան:

Նկ․ 15 Կացարանի մեծ սենյակի փողրակները ներսից, լուս.՝ Արցախի ԿԳՄՍ պատմա-մշակութային հուշարձանների շտեմարան:

Նկ․ 16 Կացարանի մեծ սենյակի փողրակները դրսից, լուս.՝ Արցախի ԿԳՄՍ պատմա-մշակութային հուշարձանների շտեմարան:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Անտառապատ տարածքում գտնվելու, բարձր խոնավությամբ ու առատ բուսականությամբ շրջապատված լինելու հանգամանքը շատ է վնասել Կոշիկ անապատի շինությունները։ Դրան նպաստել է նաև դժվար հասանելիությունը, որի պատճառով նաև վանքը զրկված է եղել «խնամքից»։ Շինությունների մի մասը ավերակ վիճակում է, մյուսներն էլ՝ վթարային և վտանգված ու ամրացման և պահպանության անհրաժեշտություն ունեն։ Պատերազմի ընթացքում դրանք որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Այսօր համալիրը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Գրականություն

  1. Առաքելյան 1940 - Առաքելյան Բ., «Կօշիկը» որպես սոցիալական տերմին, Տեղեկագիր ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալի, թիվ 3, էջ 75-79:
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  3. Հակոբյան 2020 - Հակոբյան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղվանքում և Հայոց Արևելից կողմանքում անտիկից մինչեւ ժգ դար, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան:
  4. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982:
  5. Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ․, Երևան։
  6. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
  7. Պետրոսյան և այլք 2009 - Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատ., Երևան։
Կոշիկ անապատը
Կոշիկ անապատը
Մարտակերտի շրջան
Արցախ