Հաթերքի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի կենտրոնում:
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Հիմք ընդունելով շինարարական և տեխնիկան ճարտարապետությունը՝ այն կարելի է թվագրել 17-րդ դարով:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Հաթերք գյուղը, նշում է․ ‹‹…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս կամարների վերայ առանց միջնասիւների, խիստ հին և բոլորովին անշուք, երկարութիւն 22 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 85 սանթիմ…›› (Բարխուտարեանց 1895, 201): Բարխուդարյանցի նկարագրած եկեղեցին կիսաքանդ է, կառուցված է կիսամշակ քարով և կրաշաղախով (նկ. 1,2): Ներքուստ այն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ. 3,4): Սրբատաշ են կամարների քարերը և սյուները: Պատկից կամարների վրա կան փորագրված պարզ խաչեր: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմում է: Ներքուստ եկեղեցու պատերը սվաղված են: Խորանը եղել է պայտաձև (նկ. 5):
Սուրբ Աստվածածին եկեղեցու միակ զարդն են կազմում հարավային մուտքի մոտ՝ պատի մեջ ագուցված խաչքարը (նկ. 6) և վերջինիս կողքին ագուցված Աստվածածնին մանկան հետ պատկերող պատկերաքանդակը (նկ. 7): Եկեղեցու պատի մեջ ագուցված ամբողջական խաչքարը, ըստ Հ. Պետրոսյանի, թվագրվում է 13-րդ դարի վերջով: Այն հատկապես աչքի է ընկնում նուրբ ու համաչափ զարդաքանդակով։ Քիվի հարուստ քանդակազարդ հիմքի վրա (կամ ֆոնին) առանձնանում է Աստվածածինը մանկան հետ հորինվածքը։
Խաչքարի երկթեք քիվը պսակվում է շրջանաձև ելուստով՝ փորձելով պատկերել եկեղեցական կառույց (Պետրոսյան, Երանյան 2022, 34, նկ. 172-173): Աստվածածնին մանկան հետ պատկերող պատկերաքանդակն ըստ Հ. Պետրոսյանի թվագրվում է մոտ 16-17-րդ դարերով ՝հիմք ընդունելով պատկերի շուրջ գտնվող արձանագրությունը, որն ավելի ամբողջական տեսքով մեջբերում է Մ. Բարխուդարյանցը․ ‹‹Եկեղեցուս դրան արտաքին կողմում մի քարի վերայ կայ կանացի պատկեր, որի շուրջն քանդակուած է կարակնաձև. Կամաւն Աստուծոյ ես տէր Թաթէոս, Մարկոս եղբարքս ամեն կանկնեցինք Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, Ռըստակէս աւագ քահանայ. Տէր Աստուած ողորմեա›› (Բարխուտարեանց 1895, 201): Ներկայումս արձանագրությունը ամբողջական չէ, հողմահարված է. «[Յա]նուն Ա[ստուծո]յ ես տ[է]ր Թա…/ …ակես ք[ա]հան[ա]ի/…տ[է]ր Ակուփ…» (արձանագրության ընթերցումը, վերծանումը Հ. Պետրոսյանի): Դիվան հայ վիմագրության աշխատության Արցախին նվիրված հատորում հիշյալ արձանագրությունը տրված է Բարխուդարյանցի ընթերցանությամբ (ԴՀՎ 1982, 131): Եկեղեցու պատերի մեջ որպես շինաքար ագուցվել են տարբեր խաչքարերի բեկորներ, այդ թվում և արձանագիր (նկ. 8), ինչպես նաև ամբողջական խաչային հորինվածքով սալեր (նկ. 9-10):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, սակայն ներկայումս կիսաքանդ և վթարային վիճակում է: Քանդված է խորանի հատվածը, պատերին կան ճաքեր, տանիքի որոշ հատվածներ փլված են: Խորհրդային տարիներին շինությունը օգտագործվել է տնտեսական նպատակներով: Այդ շրջանում արևմտյան ճակատին բացել են ուղղանկյուն պատուհան:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895- Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
- Պետրոսյան, Երանյան 2022-Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան, 2022:
- ԴՀՎ 1982- Դիվան հայ վիմագրության, պրակ V, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1982:
Հաթերքի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ