Հաթերք գյուղի հելլենիստական հուշարձանները (կարասային թաղումներ)

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի  շրջանի Հաթերք գյուղի «Փուրճաղակ» տեղամասում։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Արցախի Հանրապետության Մարտակերտի  շրջանի Հաթերք գյուղը հնագույն բնակավայրերից է: Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից Հաթերք գյուղի տարածքում գրանցվել է  35 հուշարձան՝ 11-13-րդ, 16-17-րդ դդ. խաչքարեր, եկեղեցի, հին գերեզմանոցներ, մ․թ․ա․ 2-1 հազարամյակի դամբարանադաշտ։

Խոսելով Հաթերք գյուղի մասին՝  Մ. Բարխուդարյանցը գրում է՝ «Հիմնուած է Թարթառ գետի ձախ կողմում, մի բերդասարի արևելեան ստորոտում, բնակչաց փոքր մասն բնիկ, իսկ մեծ մասն տեղափոխուած Փառուխ, Կղարծի, Ճարտար, և Խաչեն գաւառի Խանածախ գիւղերից և Վանից․․․» (Բարխուտարեանց 1895, 200)։ Գյուղի հուշարձաններից Մ․ Բարխուդարյանցը նշում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մուղդուսին գերեզմանոցը, Աստղաբլրի հնաշեն մատուռը և գերեզմանոցը,  Քարահունջի եկեղեցին, գերեզմանը, Մասիս կամ Մսիս մատուռի ավերակները, Շուքավանքի ավերակները, Մթնաձոր ավերակ եկեղեցին, գյուղատեղին  և հանգստարանը,  Սռին շինատեղը, հանգստարանը և գյուղատեղին, Ծոս գյուղատեղին ( Բարխուտարեանց 1895, 203)։

Հնագիտական ուսումնասիրությունը

2005 թվականի  ամռանը, Թրղի գետի հունը Սարսանգի ջրամբար տեղափոխելու ընթացքում Հաթերք գյուղի  «Փուրճանակ» տեղամասում  բացահայտվել են կարասային և նրանից  60 մետր  արևմուտք  սալարկղային դամբարաններ (նկ․ 1, 2)։ Տեղի զննումը ցույց տվեց, որ նշված հողային աշխատանքների ժամանակ խողովակների համար արված առուն անցնում է երկու դամբարանադաշտերով՝ կարասային և հիմնահողային (հելլենիստական դարաշրջան) ու սալարկղային (վաղ քրիստոնեական՝ 6-7-րդ դարեր):  Տեղում հավաքվել են մի քանի կավանոթներ, մետաղյա առարկաներ և ապակե ուլունքներ։

Անոթների ձևերը ներկայացված են տարբեր չափերի կարասներով, միականթ և անկանթ սափորներով, կճուճներով, պնակներով:

նկ. 1 Հաթերք գյուղի «Փուրճանակ» տեղամասի ընդհանուր տեսքը արևմուտքից, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Կարասներ Թաղման կարասները՝ 135-165 սմ բարձրությամբ, հարթ, նեղ հատակով (տրամագիծը 12-19 սմ), ուռուցիկ իրանով, կարճ վզով, դուրս լայնացող հորիզոնական և ուղիղ կամ թեք կտրված պսակով (տրամագիծը 35-45 սմ), շուրթի ներքևի մասով ալիքաձև կամ ատամնավոր նախշ է անցնում: Կարճ վզից անմիջապես անցումը ուռուցիկ իրանին հայտնի է դեռևս մ. թ. ա. 6-4-րդ դարերից, և բնորոշ է դառնում հելլենիստական կարասների համար: Կարասների իրանի ամենից լայն մասով անցնում է ելնդավոր պարանահյուս զարդագոտի: Նմանատիպ կարասներ հայտնի են Այսրկովկասի մի շարք վայրերից` հարավ-արևելյան Վրաստան, Քարթլի, Մինգեչաուր, Արմավիր, Արտաշատ, Գառնի, Օշական  և այլն (Тирацян 1985, 67): Նմանատիպ կարասներ հայտնի են նաև Արցախից՝ Ճանկաթաղ, Առաջաձոր, Տիգրանակերտ։

Սափորներ.  Գնդաձև իրանով, գլանաձև երկար վզով, պսակը՝ երեքնուկաձև, դեպի դուրս թեքված շուրթի եզրից իջնում է աղեղնաձև կանթը, հատակը հարթ ու նեղ է: Անոթի վզին ուղղահայաց զիգզագաձև նախշեր են արված: Սափորի ուսը զարդանախշված է երեք զուգահեռ կարմիր գծերով (նկ․ 3): Գունազարդումն արված է բավականին անփույթ, ինչը թույլ է տալիս անոթը թվագրել  մ. թ. ա 1-ին - մ.թ. 1-ին դարերով: Բարձրությունը 56 սմ է, պսակի տրամագիծը`12 սմ, հատակի տրամագիծը` 12 սմ:

Առավել հետաքրքիր է փոքր միականթ կոլբայաձև անոթը՝ հավանաբար ծիսական: Երկար աղեղնաձև կանթը սկսում է ուղիղ կտրած պսակից և հասնում ամենալայն մասին (բարձրությունը 18 սմ է, կանթի երկարությունը` 10 սմ, պսակի տրամագիծը` 2,2 սմ, բերանի բացվածքը` 1 սմ): Սափորիկը պատրաստված է դեղին, լավ հունցած կավից: Մինչև թրծումը անոթի ամբողջ մակերեսը պատվել է կարմիր ներկով ու փայլեցվել: Հարթ հատակի վրա արված են 72 փոքր անցքեր (նկ․ 4, 5):

նկ. 2 Հաթերք գյուղի «Փուրճանակ» տեղամասի ընդհանուր տեսքը հյուսիսից, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

նկ. 3 Գնդաձև իրանով մեծ սափոր, լուս․՝ Վ․Սաֆարյանի։

նկ. 4 Կոլբայաձև փոքր միականթ անոթ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի:

նկ. 5 Կոլբայաձև փոքր միականթ անոթ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի:

Միականթ երեքնուկաձև պսակով գունազարդ սափորներ  (նկ․ 6):   Դրանցից մեկը պատրաստված է բաց դարչնագույն մանրահատիկ ավազախառն կավից: Պսակի շուրթը ներկված է կարմիր ներկով, կանթի ներքևի եզրից սափորը բոլորում է 3 կարմիր գծերից բաղկացած գոտի: Սափորը դրսից անգոբապատ է: Երկրորդը՝ միականթ կլորավուն պսակով, երկար վզով, գնդաձև իրանով սափոր է։ Պատրաստված է բաց դարչնագույն, լավ հունցած, մանրահատիկ կավից։ Վիզը և կանթը զարդարված են կարմիր զույգ գծերով:

Այսպիսով, սափորները ներկայացված են տարբեր տեսակների ու չափսերի. լայնացող իրանով, կարճ վզով, կլոր, սուր կամ երեքնուկի ձև ունեցող պսակով, աղեղնաձև կանթով, որը մի եզրով կպած է պսակին, մյուսով` ուսին: Երեքնուկաձև շուրթերով սափորներն իրենց նախատիպերն ունեն ուրարտական խեցեգործության մեջ։ Ժ. Խաչատրյանը գտնում է, որ երեքնուկաձև («օյնոխոյա») պսակով սափորների նախատիպը գալիս է ուրարտական շրջանից, միևնույն ժամանակ չի բացառում նաև հունական ու հելլենիստական ուղղակի ազդեցությունը: «Օյնոխոյա» տիպի պսակով սափորներ հանդիպում են Հայաստանում,  ինչպես աքեմենյան ու հելլենիստական դարաշրջանում, այնպես էլ ավելի ուշ: Անոթների մակերեսը պատված է բաց կարմրավուն կամ թափանցիկ անգոբով:

Խեցեղենու մյուս խումբը ներկայացված է կճուճներով․ անկանթ, կարճ վզով, դուրս թեքված պսակով, կլոր շուրթով, մակերեսը դարչնագույն ներկով պատված կճուճ: Կճուճի ամենից լայն մասով անցնում են երեք զուգահեռ գծեր, իսկ երրորդ գծից ներքև իջնում են սլաքաձև նախշեր: Գունազարդումը արված է դեղնավուն  ներկով (նկ․ 7):  Զուգահեռներ հայտնի են Արմավիրում:

նկ. 6 Միականթ երեքնուկաձև պսակով գունազարդ սափորներ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

նկ. 7 Անկանթ կճուճ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Հորիզոնական կանթով գունազարդ կճուճ (մ.թ.ա. I դար): Կանթը ուղղահայաց տեղադրված է լայն մասում: Պսակը կլոր, կլորավուն շուրթը դուրս թեքված, վիզը փոքր, իրանը՝ գնդաձև: Կանթից ներքև ընկած մասը զարդանախշված է 3 կարմիր զուգահեռ գծերից կազմված գոտիով: Վերևի գիծը անցնում է նաև կանթով: Կճուճի ամբողջ մակերեսը անգոբապատ է (նկ․ 8):

նկ. 8 Հորիզոնական կանթով գունազարդ կճուճ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

նկ. 9 Գունազարդ պնակ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի:

նկ. 10 Միականթ ծորակավոր անոթ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում գունազարդ պնակը (նկ․ 9): Նման անոթներ հայտնի են Արտաշատից, Գառնիից, Դվինից  և թվագրվում են մ.թ.ա. I դարով (Խաչատրյան 1981, 110; Խաչատրյան 1974, 82, Аракелян 1951, 41, Քոչարյան 1974, 92 -94): Պնակը պատրաստված է բաց դարչնագույն կավից։ Պնակի ներսում գծված են համակենտրոն շրջաններ։ Դրանք բաժանված են հետևյալ գոտիների՝ կենտրոնում կան 3 փոքր շրջան, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր ավելի մեծ է, քան նախորդը։ Հաջորդ գոտին ևս կազմված է 3 շրջաններից, ընդ որում դրսի գծի վրա տեղադրված են ոճավորված ծառեր (10 հատ` խմբավորված երկու-երկու): Եվս 3 շրջանաձև գծեր կազմում են հաջորդ գոտին, որի վրա տեղադրված են 4 խումբ ուղղագիծ պատկերված զիգզագաձև գծեր, որոնք իրարից բաժանվում են մեկական ոճավորված ծառերով, դրանցից վերև սկսվում է մի նոր գոտի` բաղկացած արդեն 4 կարմիր գծերից: Եվ ի վերջո, դեպի ներս կլորացող շուրթը ներսից ու դրսից կարմիր նախշ ունի (Сафарян 2012, 495):

Կավանոթների զարդանախշը երկրաչափական ու բուսական է: Երկրաչափական նախշերը ներկայացնում են մի քանի հորիզոնական, երբեմն էլ ուղղահայաց, ուղիղ և ալիքավոր գոտիներ, եռանկյուններ, մի կետից ելնող ճառագայթներ, շեղ շարված գծիկներ, ցանցեր, աստղեր (նկ․ 10, 11): Բուսական նախշերը ներկայացնում են ծաղկաթերթիկ, ծառի ճյուղ, ծառ, եղևնազարդ և այլն: Հաճախ են հանդիպում կանթերի և սափորների շուրթերին ամրացված վերադիր կոճակներ:

նկ. 11 Գունազարդ սափորի բեկոր, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Հաթերքի  գունազարդ անոթների մակերեսը լրիվ,  մեկ կողմը կամ անոթի վերին մասը պատված են բաց դարչնագույն, դարչնագույն, բաց կարմիր, գորշ քսուքով: Նույն երանգներով են պատված Տիգրանակերտի հելլենիստական անոթների բեկորները: Հիմնականում փայլեցված են զարդարված մասերը, որը ուշ հելլենիստական խեցեղենի բնորոշ գծերից մեկն է:

Քննությունը ցույց է տալիս, որ Արցախի կարասային թաղումներից հայտնաբերված խեցեղենը իր բոլոր տարատեսակներով կազմում է Հայաստանի հելլենիստական խեցեղենի անքակտելի մասը:

Զենքը ներկայացված է երկաթյա նիզակների 2 ծայրերով՝ երկար խողովակաձև կոթառով (նկ․ 12)։ Նմանատիպ օրինակներ հայտնաբերվել են Արմավիրում, Արտաշատում, Գառնիի և Սիսիանի դամբարաններում և թվագրվում են մ․թ․ա․ 1-ին դարի վերջով - մ.թ․ 1-ին դարի սկզբով (Խաչատրյան 1974, 72)։

Հետաքրքիր են ոսկեզօծ ապակյա ուլունքները, որոնք զուգահեռներ ունեն Հայաստանի հուշարձաններում՝ Արտաշատում, հելենիստական շրջանի Գառնիում և այլն (Խաչատրյան 1974, 88)։ Ուշադրության արժանի է  տակառաձև ռելիեֆային ուլունքը՝ պատրաստված երկնագույն ապակուց (այսպես կոչված եգիպտական ֆայանսից; նկ. 13)։ Հավաքվել են նաև սարդիոնե ուլունքներ։

նկ. 13 Ապակյա ուլունքներ, լուս․՝ Վ․Սաֆարյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ Պատերազմից հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են։

նկ. 12 Երկաթյա նիզակներ, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արոր», Բաքու։
  2. Тирацян 1985 - Археология СССР. (под общей редакцией Б. Рыбакова), Древнейшие государства Кавказа и Средней Азии, часть 1, гл.5, Южное Закавказье, Тирацян Г. Армения в III –I вв до н.э., Изд-во «Наука», Москва, с. 67.
  3. Խաչատրյան 1981 - Խաչատրյան Ժ․Անտիկ դամբարանադաշտեր, (1971 1977 թթ պեղումները), Երևան։
  4. Խաչատրյան 1974  - Խաչատրյան Ժ., Կանեցյան Ա., Արտաշատի  VIII բլրի շերտագրությունը, ԼՀԳ, N 9, էջ 76 -91։
  5. Аракелян 1951 - Аракелян Б. Гарни I, результаты работ 1949-1950 гг., Ереван․
  6. Քոչարյան  1974 - Քոչարյան Գ., Դվինի հելլենիստական դարաշրջանի խեցեղենը, ԼՀԳ, N 5, էջ 82 -97:
  7. Сафарян 2012 - Сафарян В. Керамика кувшинных погребений Арцаха периода эллинизма, Материалы международной научно-практической конференции “Общероссийская и национальная идентичность “ 19-20 апреля 2012 г., Пятигорск, с. 487-498.
  8. Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ:
Հաթերք գյուղի հելլենիստական հուշարձանները (կարասային թաղումներ)
Հաթերք գյուղի հելլենիստական հուշարձանները (կարասային թաղումներ)
Հաթերք գյուղ
Արցախ