Հանդաբերդ

Տեղադրությունը

Հանդաբերդի ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանի  Քնարավան գյուղից 1 կմ արևելք, Լև գետի աջ ափին: Գետափից բերդը բարձր է շուրջ 280 մետր, գտնվում է ծովի մակերևույթից 1665 մետր բարձրության վրա:

Պատմական ակնարկ

Համաձայն Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացի)՝ բերդը կառուցվել է Առանշահիկ Սահլ Սմբատյան իշխանի որդի Ատրներսեհը` 9-րդ դարի երկրորդ քառորդում (Կաղանկատուացի 1983, 340): Թերևս ավելի վաղ շրջանում գոյություն ունեցող ամրոցն Ատրներսեհ իշխանի կողմից վերակառուցվել և ընդարձակվել է: Համաձայն Դադիվանքում պահպանված մի խաչքարի արձանագրության՝ 1142-1182 թվականներին ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխան Հասան Վախտանգյանին (ԴՀՎ 1982, 198): Ամրոցը Հանդաբերդ անվամբ հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու մոտ (Գանձակեցի 1961, 322): Սկսած 13-րդ դարից՝ ամրոցը պատկանում էր Դոփյան իշխանական տանը:

 

նկ. 1 Ամրոցի հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 24։

նկ. 2 Ամրոցի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Դանիելյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Ամրոցի պարիսպները համապատասխանեցված են տեղանքի ռելիեֆին և հատակագծում ունեն անկանոն ուղղանկյան տեսք (նկ. 1, 2): Արևելյան կողմում պարիսպներով առանձնանում է փոքր չափերի (19x16,5 մետր) միջնաբերդը: Պարիսպներն ուղղանկյան գագաթներում և կողային հատվածներում ամրացված են կիսաշրջան աշտարակներով: Պարիսպների ներկա առավելագույն բարձրությունը մինչև 8 մետր է, պարսպապատերի միջին հաստությունը՝ 1,60 մետր: Ամբողջ համալիրը շարված է անմշակ տեղական քարերով, կրաշաղախով (նկ. 3, 4):

 

նկ. 3 Ամրոցի պարիսպները, լուս․ Ս․ Դանիելյանի։

նկ. 4 Ամրոցի պարիսպները, լուս․ Ս․ Դանիելյանի։

Պարիսպների շարվածքում դիտելի են շինարարական երկու փուլեր. ստորին մասերի ավելի կանոնավոր կոպտատաշ քարերով շարվածք, ինչը տիպական է 9-10-րդ դարերի Բագրատունյաց պաշտպանական կառույցներին և վերին հատվածների ավելի փոքր և անկանոն քարերով շարվածք` արտաքինից հոծ սվաղապատ հատվածներով, ինչը բնորոշ է 12-13-րդ դարերին: Բերդի տարածքում կան 6 վիմափոր հորեր, ուղղանկյուն հատակագծով մեկ կառույցի ավերակներ: Ամրոցը հարավային կողմից ունի «կեղծ դարպաս» (նկ. 5):

 

նկ. 5 Հանդաբերդի դարպասները, լուս․ Ս․ Դանիելյանի։

Բերդ տանող միակ ուղին ձգվում է հարավ-արևմտյան կողմի պարսպապատի տակով և ժայռակերտ նեղ արահետներով բերդի գլխավոր դարպասին է մոտենում հյուսիսային կողմից: Հանդաբերդի վանքն իր շրջապատում ուներ դիտակետ-պահակակետեր: Դրանցից մեկի և բերդի միջև հեռավորությունն ուղիղ գծով 2.4 կմ է: Դիտակետը հատակագծում ուղղանկյուն է, կառուցված անմշակ քարերով և կրաշաղախով (Կարապետյան 1999, 24-28):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո 

Ամրոցն իր դժվարամատչելի դիրքի շնորհիվ միտումնավոր ավերումների, արհեստական փոփոխությունների չի ենթարկվել, չի տուժել նաև Արցախյան պատերազմների ժամանակ: 

 

Գրականություն

  1. ԴՀՎ 5- Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան, 1982։
  2. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
  3. Գանձակեցի, 1961 - Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երևան։
  4. Կաղանկատուացի 1983 – Կաղանկատուացի Մ․, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան։
Հանդաբերդ
Հանդաբերդ
Հանդաբերդ
Արցախ