Հանդաբերդի վանքը
Տեղադրությունը:
Համալիրը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում (Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջան, այժմ` Ադրբեջանի վերահսկողության ներքո), Լևոնագետի աջ ափի երկարությամբ ձգվող անտառապատ լեռնաբազկի մի գոգավորության բարձրադիր ափի եզրին, ընդարձակ բացատի հարավարևելյան կողմում, Հանդաբերդ ամրոցից մոտ մեկ կիլոմետր հյուսիս-արևելք մոտ, որը տարածքի ընդարձակ ամենահզոր ամրոցն է: Ամրոցը եկեղեցական որևէ կառույց չունի, և հավանական է, որ վանքը նախ և առաջ սպասարկել է բերդի բնակիչների պահանջմունքները։

Գործունեությունը:
Համալիրի շինությունների հիմնական մասը, ըստ շինարարական արձանագրության, 1276 թվականին կառուցել է Դավիթ վարդապետը` տեղում գոյություն ունեցող ավելի հին եկեղեցու շուրջ (նկ. 1)։ 13-րդ դարի երկրորդ կեսում, մոնղոլական դաժան տիրապետության պայմաններում, վանական համալիրների հիմնադրումն ավելի հաճախ ձեռնարկվում էր հենց հոգևորականների կողմից` նրանց միջոցներով և նույնիսկ ֆիզիկական ջանքերով։ Այդ պատճառով էլ ճարտարապետական լուծումներն ու հարդարանքն անհամեմատ ավելի համեստ են: Այդ պարզ ու անպաճույճ կառույցները մի կողմից աներկբա վկայությունն են քաղաքական և տնտեսամշակութային անկման։ Մյուս կողմից էլ` դրանք յուրօրինակ մի շտեմարան են պարզելու, թե մշակույթն ինչպես էր արձագանքում և փորձում հարմարվել նոր ծանր պայմաններին` պահպանելով ազգային ինքնության հիմնական նվաճումները։

Նկ. 1 Վանքի տեսքն արևմուտքից, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Հանդաբերդի վանքի գործունեության ամենածաղկուն փուլը վերաբերում է 13-14-րդ դարերին, մի ժամանակաշրջան, երբ հայ հանրությունն ու մշակույթը փորձում էին պահպանել հին ավանդույթները` բայց և համակերպվել ռազմաքաղաքական աննախադեպ վայրիվերումների արտառոց իրավիճակին։ 13-րդ դարի առաջին երեսնամյակը Զաքարյանների ազատագրական առաքելության հետևանքով դինամիկ զարգացող քաղաքական հարաբերություններով, տնտեսությամբ և մշակույթով երանելի մի դարաշրջան է, որի ստեղծագործ շունչը մշակութային կյանքում զգացվում էր մինչև դարի կեսերը կամ մի քիչ էլ ավելի: 13-րդ դարի երկրորդ կեսը` ընդհուպ մինչև դարի վերջը, քաղաքական առումով միանգամայն այլ շրջան էր` դաժան օտար տիրապետություն, որի ժամանակ հիմնական միտումը դառնում են մաքառումն ու գոյատևումը, բարեկեցության միակ ձևը` նվաճողին ռազմական ծառայություն մատուցելը: Հանուն հայրենի երկրամասի կռվել հզորների համար և զոհվել հեռուներում` այսպիսի ճակատագիր էր վիճակված 13-րդ դարի Արևելյան Հայաստանի համարյա բոլոր իշխանական տների արի ներկայացուցիչներին։ Հեծյալ ռազմիկը ժամանակի շունչն էր, հայրենի կալվածքի անխախտության և եկեղեցու շենության գրավականը։ Մոնղոլները ոչ միայն նվաճեցին, թալանեցին ու ավերեցին երկիրը, իրականացրին զանգվածային կոտորածներ, այլև ստիպեցին նվաճված երկրների ռազմական ուժին` մասնակցել իրենց հետագա նվաճումներին։ Սա տեղական իշխանների համար տանելի մի տարբերակ էր, քանի որ մոնղոլներն այս դեպքում հրաժարվում էին ենթարկյալ իշխանական տիրույթների հետագա ավերումներից, բավարարվելով միայն հարկահանությամբ։ Ինչպես պարզվում է աղբյուրների մանրամասն քննությամբ, Վերին Խաչենի Դոփյան իշխանական տունը, որի ենթակայությամբ գտնվում էր Հանդաբերդի վանքը, նման կենսաձևի ամենահայտնի հետնորդներից էր: Նման իրավիճակում մշակույթի գերխնդիրը դառնում է` փոփոխվող պայմաններին հարմարվելով հանդերձ` հայ ինքնության պահպանությունը, մի առաքելություն, որ լավագույն կերպով դիտելի է և Հանդաբերդի վանքում։
Ճարտարապետական քննություն:
Վանքր տարածքը նախօրոք ենթարկվել է ինժեներական մշակման. ստեղծվել են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք իջնող դարավանդ-հարթակներ, որոնց վրա էլ իրականացվել է կառուցապատումը։ Վանական համալիրն իր կազմում ներառում է կառույցների երկու խումբ (նկ. 2), որոնցից հիմնականը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, նրան կից երկու մատուռներից, ժամատուն-գավթից ու վերջինիս հյուսիսից կցված մատուռից, արևմուտքից կցված զանգակատնից, տապանաբակից (նկ. 3):

Նկ. 2 Վանքի հիմնական կառույցների հատակագիծը, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Հիմնական խմբից մոտ 10,0 մ հյուսիս գտնվում է երկրորդ՝ հյուսիսային մատուռի խումբը։ Հուշարձանախմբի ճարտարապետական հետազոտությունը թույլ է տվել վերականգնել վանքի շինարարության ողջ ընթացքը. այն ստեղծվել է տեղում գոյություն ունեցող հին եկեղեցու շուրջը՝ վերոհիշյալ կառույցները հաջորդաբար հավելելու միջոցով (նկ. 4):

Նկ. 5 Գլխավոր եկեղեցու տեսքն արևմուտքից, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։

Նկ. 3 Հյուսիսային խմբի վերակազմությունը, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։

Նկ. 4 Զանգակատունը, գավիթը և գլխավոր եկեղեցին, տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Գլխավոր եկեղեցին և նրան կցված մատուռներն ունեն միանավ թաղածածկ դահլիճի հորինվածք (նկ. 5), որը 12-13-րդ դարերում Արցախի վանական համալիրներում լայն կիրառություն ունի և հայկական ճարտարապետության Արցախի դպրոցի կարևոր առանձնահատկություններից մեկն է: Արցախի ճարտարապետական դպրոցի առանձնահատկություններից է նաև գլխավոր եկեղեցում և մատուռներում փաստված ուղղանկյուն խորանի կիրառությունը: Հանդաբերդի վանքի գլխավոր եկեղեցին ու մատուռները նույնպես ունեն ուղղանկյուն` դահլիճի հետ միասնական թաղով խորաններ:
Հետաքրքիր լուծում ունի ժամատուն-գավիթը և հատկապես նրա ծածկը: Այն կրկնում է հատակագծում մոտավորապես քառակուսու վրա բարձրացող անսյուն գավիթների՝ հատվող կամարների վրա հենվող ծածկերի ձևերը: Գմբեթատակ քառակուսին անկյուններում կառուցված կամարների միջոցով վեր է ածվել ութանկյան, վեջինիս վրա էլ հենվել է գագաթում երդիկ ունեցող «կեղծ» գմբեթը: Ծածկի այսպիսի կառուցվածքային համակարգը սերվում է ժողովրդական բնակելի տների «հազարաշեն» փայտածածկից և ապահովել է ներսույթի միասնականությունն ու ընդարձակությունը:
Հանդաբերդի վանքի զանգակատունն իր հորինվածքով վերաբերում է ուղղանկյուն հատակագծով, աշտարակաձև զանգակատների տիպին, որտեղ զուգակցված են զանգաշտարակի և մուտք-նախասրահի գործառույթները:
Իր եզակի հատակագծային և ծավալատարածական հորինվածքով առանձնանում է նաև Հանդաբերդի հյուսիսային՝ առանձին կանգնած մատուռը (նկ. 6): Այն ներսից խաչաձև, դրսից ուղղանկյուն, ոչ գմբեթավոր կառույց է: Փոքր եկեղեցիների ուղղանկյանը ներգծված խաչի հորինվածքային տիպը միշտ գմբեթի առկայություն է ենթադրում: Հայկական առայժմ հայտնի բոլոր այսպիսի եկեղեցիները գմբեթներ ունեն: Այստեղ այն բացակայում է: Իր եռախորան թաղակապ հորինվածքով, պատկերաքանդակներ կրող հին խաչքարերի օգտագործումով այն եզակի մի կառույց է ողջ միջնադարի ճարտարպետության համար։
Վանքը կառուցված է անմշակ և կիսամշակ ճեղքված քարով, կրաշաղախով, անկանոն, խառը շարվածքով: Շինանյութը տեղական, հիմնականում մոխրագույն երանգի քարն է։ Համալիրի տարբեր մասերում` պատերի շարվածքում առկա են որպես շինաքար օգտագործված բազմաթիվ խաչքարեր, որոնք յուրօրինակ հարդարման միջոց են՝ գեղարվեստական արտահայտչականությունն ապահովող տարր: Համալիրը կղմինդրածածկ է եղել: Հանդաբերդի վանական համալիրի ողջ տարածքից հավաքվել են կղմինդրների հազարից ավելի բեկորներ, որոնց մեջ կան նաև հայերեն արձանագրություններ կրողներ:
Հնագիտական հետազոտությունը:
2004-2005 թվականներին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավխմբի կողմից համալիրում իրականացվել են հնագիտական պեղումներ: Վանքի կառույցները մաքրվել են առատ բուսականությունից, փլուզման հետևանքով առաջացած հողի և քարի հզոր լիցքից, վավերացվել են ճարտարապետորեն կարևոր բոլոր մանրամասները, ինչը հնարավոր է դարձրել համալիրի մասնակի վերականգնումն ու ամրակայումը։
Խաչքարերը:
Հանդաբերդի պեղումների ամենամեծ արդյունքներից մեկն էլ մոտ հարյուր ութսուն խաչքարերի ու խաչաքանդակ սալերի հայտնաբերումն է, որոնց միայն մի փոքր մասն էր տեսանելի մինչև պեղումները: Խաչքարերի առավել աչքի ընկնող օրինակները բազալտից են։ Կան նաև տեղական փխրուն ավազաքարից և կաթնագույն կրաքարից խաչքարեր ու խաչաքանդակ սալեր։ Որոշ խաչքարեր էլ գլաքարից են։
Հանդաբերդի խաչքարերի հիմնական մասը, ծավալային և հորինվածքային առումով ներկայանում է շարքային օրինակներով։ Դրանց բնորոշ է ցածր տեխնիկական կատարումն ու պարզունակ հորինվածքային լուծումը։ Խաչքարերի համար առանձնացվել են մի քանի ժամանակագրական խմբեր: Խաչքարերի վաղ` 10-11-րդ դդ. վերաբերող օրինակներում խաչից բացի կան հորինվածքի այլ մանրամասներ էլ` վերնանկյունից դեպի խաչահատումն իջնող խաղողի ողկույզներ, խաչի ներքևի թևի երկու կողմերում դրվող պարզ վարդյակներ և այլն: Ժամանակագրական հաջորդ խումբը կարելի է վերագրել 12-13-րդ դարերին։ Այն արդեն ըստ հորինվածքի կառուցվածքի ներկայանում է մի շարք տիպերով` ներառելով նաև խաչքարային մշակույթի մի քանի եզակի օրինակներ։
Համեմատաբար վաղ օրինակների թվին կարելի է դասել բավականին ձգված համամասնություններով մի քանի խաչքարեր, որոնց հորինվածքը ներկայանում է խնձորակ-վարդյակի վրա հենվող` ակնհայտորեն ոսկերչական նախօրինակից ընդօրինակած խաչով։

Նկ. 6 Հարավային մատուռը, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Սակայն թե’ Արցախի և թե’ կոնկրետ Հանդաբերդի խաչքարային արվեստի բարձրակետը վերաբերում է 12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարին: Այստեղ առանձին խումբ են կազմում կարծր բազալտից կերտած խաչքարերը (նկ. 7), որոնցից երեքը կրում են պատկերաքանդակներ: Երկու խաչքարային պատկերաքանդակներ առնչվում են կռվի և խնջույքի թեմաներին: Դրանցից մեկը ներկայացնում է հեծյալ ռազմիկին` լիովին սպառազինված և գինու գավաթով (նկ. 8)։

Նկ. 8 Խաչքար, 1204 թ., լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Արցախում գոյություն ուներ հայրենիքի համար կռվող ռազմիկի մի առանձնահատուկ պաշտամունք, և այս պատկերաքանդակներն էլ հենց այդ պաշտամունքի դրսևորումներից են։ Հանդաբերդի խաչքարային եզակի մի հորինվածք էլ պատկերում է ստնտու մորը` մանկանը կուրծք տալիս (նկ. 9):

Նկ. 7 Խաչքարային պատկերաքանդակ, 1194 թ., լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։

Նկ. 9 Խաչքար, 12-րդ դարի վերջ – 13-րդ դարի սկիզբ, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Հանդաբերդի խաչքարերի և խաչաքանդակ սալերի վերջին խումբը վերաբերում է 13-րդ դ. վերջերին և 14-րդ դարի սկզբներին: Խաչքարային մշակույթի համար այս խումբն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մի շարք օրինակներ իրենց վրա կրում են ապագա հորինվածքի ուրվագծային հետքերը: Եզակի գյուտ Է մարմարյա փոքրիկ մի խաչասալի բեկորը` խաչի գծապատկերով և 1276 թ. արձանագրությամբ:
Հանդաբերդի վանքի տարածքում վավերացվել են նաև մի շարք տապանաքարեր։ Այս տեսակետից ուշագրավ է Աղվանից կաթողիկոս Տեր Ստեփանոսի անունը կրող հարթ տապանաքարը:
Արձանագրությունները:
Հանդաբերդի վանքի հետազոտության համար առաջնակարգ նշանակություն ունեն նրա ավելի քան երկու տասնյակի հասնող արձանագրությունները, որոնց զգալի մասը հայտնաբերվել է պեղումների շնորհիվ։ Մատենագրական աղբյուրներում չհիշատակված այս և նման շատ այլ վանքերի դեպքում արձանագրություններն, ըստ էության, դառնում են վանքի շինարարական, տնտեսամշակութային և իրավական կոնկրետ կյանքի մասին միակ գրավոր սկզբնաղբյուրը։ Դրանք շինարարական, նվիրատվական և հիշատակային բնույթի արձանագրություններ են, որոնց քննությամբ կարելի է պարզել վանքի տնտեսա-իրավական կյանքի որոշ մանրամասեր, ընդարձակել լեռնագավառի անձնանվանական համակարգը։ Հանդաբերդի վանքի դեպքում առաձնահատուկ նշանակություն ունեն և հայերեն արձանագրություններ կրող կղմինդրներն (նկ. 10) ու թասերի բեկորները, որոնք փաստում են հայերեն գրի օգտագործման տարածվածութունը նաև զուտ կենցաղային մակարդակով, որն իր հերթին էթնիկության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Նկ. 10 Կղմինդրներ հայերեն արձանագրություններով, 13-րդ դար, լուս․ Արցախի հնագիտական արշավախմբի։
Գտածոները:
Պեղումները տվել են մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ, որոնք զգալի չափով հարստացնում են Արցախի նյութական մշակույթի մասին պատկե-րացումները։ Գլխավոր եկեղեցու պեղումներից գտնվել է մկրտության արձանագրակիր ավազանը։ Մետաղյա իրերի շարքում կարելի առանձնացնել տարատեսակ բևեռները, կողպեքի բանալին, ճարմանդը, ձիու պայտը, դարբնոցային զանազան նախապատրաս-տուկները, կացինը, ցախհատը, դանակը։ Եկեղեցական ծիսակատարության հետ են կապվում պղնձե զանգակն ու խաչի կոթառը։ Խեցեղենի իրերի մեջ մեծ թիվ են կազմում կարասների, խոհանոցային կճուճների և թասերի բեկորները։
Պեղումներից հայտնաբերված առարկաների քննությունը վկայում է վանական տնտեսության մեջ անտառահատման հետ կապված ճյուղի առաջացած բնույթը, հասարակ խեցեղենի գերակշռությունն առօրյա կենցաղում, գրավոր հայերենի ակնհայտ տարածվածությունը նաև կենցաղային մակարդակով:
Վիճակը:
Վանքի կառույցները անցած դարի 80-ական թվականների վերջին և Արցախյան առաջին պատերազմի ընթացքում տեղի քրդական բնակչության կողմից ենթարկվել են ավերման: Տեղահանվել և ջարդուփշուր են արվել տասնյակ խաչքարեր:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վանքը չի տուժել: Ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան:
Գրականություն
- Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան, Փրինթինֆո, 2009:
- Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999
Հանդաբերդի վանքը
Արցախ