Հին Սխտորաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Հին Սխտորաշեն գյուղատեղիի տարածքում, նշանավոր սոսի ծառից արևելք (նկ․ 1, 2), Ադրբեջանի զինուժի տեսանելիության և ուղիղ նշանառության գոտում։
Պատմական ակնարկ
Հին Սխտորաշեն գյուղատեղին գտնվում է Կարմիր շուկա գյուղից մոտ 1 կիլոմետր հյուսիս–արևմուտք։ Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ «․․․Սխտորաշենի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 68)։ Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։», նկ․ 3):
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու պատրհաններ։ Ներքուստ թաղածածկ է, արտաքուստ երկթեք տանիքով։ Թաղը հենվում է պատկից զույգ սյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ երկարությունն է 13,7 մետր, լայնությունը` 7 մետր և բարձրությունը` 6 մետր:
Կառուցված է կաթնագույն կրաքարով, շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։ Արևմտյան պատը դրսից և ներսից՝ ավագ խորանի լայնությամբ ամրացված են եղել գերաններով կազմված հորիզոնական հակասեյսմիկ գոտիով. գերաններն այժմ բացակայում են:
Շքամուտքը բացվում է հարավից, այն ունի ժամանակի եկեղեցիներին բնորոշ ճարտարապետական և զարդաքանդակային ձևավորում՝ արտաքին սրբատաշ եզրակալ, մուտքի քանդակազարդ եզրաքարեր, լայն կիսաշրջան բարավոր (նկ․ 4)։ Բարավորի ներքնամասի հորիզոնական քանդակազարդ գոտին շարունակում և ամբողջացնում է մուտքի եզրաքարերի հարադարանքը՝ ընդգծելով դրա հանդիսավորությունը։ Մնացած մակերեսը զբաղեցնում են երեք կամարների մեջ ներառված մեկական տարազարդ խաչերը, որոնց ստորոտում խոշոր կանոնավոր երկաթագիր տառերով փորագրված է եկեղեցու կառուցման թվականը (նկ. 3)։
Մուտքի աջ կողմի վերին մեծ եզրաքարը հարդրաված է չորս հյուսածո վարդյակներով, հաջորդ սալի վրա փորձ է արվել պատկերել արևային ժամացույց, հաջորդ երկու սալերին պահպանվել են անավարտ արձանագրություններ, որոնք ամբողջական տեքստ չեն կազմում (նկ․ 5): Հավանական է, որ մուտքի աջակողմի քանդակներն ու արձանագրություններն ավելացվել են հետագայում։
Կառույցը լուսավորվում է արևելյան և հարավային կողմից բացվող լուսամուտներից։
Եկեղեցու ներսում հյուսիսային պատի կամարի ստորին հատվածում կա ևս մի արձանագրություն, կրկին հետագայում հավելված և անկանոն։ Այստեղ ընթեռնելի են․ «Կարապետ/… Յարու[թ[ի[ւն]/ Տ[է]ր Պողոսեան» անունները (նկ․ 6):
Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը, որի խորքում ագուցված է 15-16-րդ դարերի մի խաչքար, իսկ սրբատաշ պարակալի ձախ կողմում և ստորին եզրաքարերի վրա պահպանվել է արձանագության մի մասը։ Արձանագրության առաջին սալն այժմ բացակայում է, և անհայտ է մնում այն կառուցողի անունը. «… ն եւ իւ/ր ծնօղ/ացն՝ հ/այր իմ/ Ոհանէն, մայր իմ Ադիխանեն, կող/ակիցն իմ Մարուն, Տ[է] ր Բողոսին. օվ որ կ/արդայ՝ մէկ բերար ողորմեայ ասի» (նկ․7):
Եկեղեցու շրջակայքում է գտնվում հին գերեզմանոցը, սոսի ծառից ոչ հեռու՝ գյուղի աղբյուրը։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Մասնակի փլուզված է եկեղեցու թաղը (նկ․ 8, 9)։ 2020 թվականի ռազմական գործողություններից չի տուժել։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:
Հին Սխտորաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ