Հողերի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին (նկ․ 1) գտնվում է Հադրութի շրջանի Հողեր գյուղի հարավային ծայրին, հին գերեզմանատան տարածքում։


նկ. 1 Եկեղեցին հյուսիսից, 2017 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Հողեր գյուղը տեղակայված է Իշխանագետի աջ ափին, Վնեսա բերդի հյուսիս-արևելահայաց լեռնալանջին, Ջրակուս և Քյուրաթաղ գյուղերի մոտ։ Կառուցվել է 19-րդ դարում: 1890-ական թվականներին Հողեր այցելած Մակար Բարխուդարյանը նշում է որ․ «․․․բնակիչք բնիկ են, եկեղեցին կիսատ, քահանան գալիս է Հատրութից» (Բարխուտարեան 1895, 73)։ Եկեղեցին Սբ․ Աստվածածին անվամբ հիշատակվում է 1880 թվականի արխիվային վավերագրերից մեկում (Կարապետյան 1999, 238)։
Գյուղը մինչև 1938 թվականը մտնում էր Հադրութի շրջանի կազմի մեջ, այնուհետև միացվել է Կորյագինի (1959 թվականից՝ Ֆիզուլի) շրջանին, որից հետո սկսել է գյուղի աստիճանական հայաթափումը։ Ազատագրվել է 1992 թվականի մարտի 31-ին։ Ադրբեջանական օկուպացիայի տակ կրկին հայտնվել է 2020 թվականի հոկտեմբերին։
Ճարտապետական – հորինվածքային քննություն
Միանավ բազիլիկ է, ուղղանկյուն դահլիճով, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմին գտնվում են ուղղանկյուն հատակագծով ավանդատները (նկ․ 2)։ Կառուցված է տեղական անմշակ քարից ։ Շքամուտքը, պատուհանների, խորանի և ավանդատների շրջանակները, պատերի անկյունային եզրամասերն ու ներքին կամարները սրբատաշ են (նկ․ 3)։ Ունի 15,7 մետր երկարություն, 8,2 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն։ Միակ մուտքը բացվում է հյուսիսից: Շքամուտքի բարավորը զարդանախշ է, իրականացված Շուշիում և շրջակայքում լայնորեն տարածված բուսա-երկրաչափական ոճով, անարձանագիր է (նկ․ 4)։ Լուսավորությունը ստանում է հյուսիսային, արևելյան և հարավային կողմերից բացվող 6 փոքր լուսամուտներից։ Հյուսիսային պատի մեջ գտնվում է մկրտարանի քարե ավազանը (նկ․ 5)։
Արևմտյան պատը դրսի կողմից մեծամասամբ թաղված է հողի մեջ, որի վերին հատվածը և արևմտյան պատին հենված թաղի մի մասը քանդված է։ Եկեղեցու շուրջը գտնվում է գերեզմանոցը։

նկ. 5 Մկրտության ավազանը, 2017 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 2 Եկեղեցին ներսից, 2017 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 3 Եկեղեցի ներսից, 2017 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 4 Եկեղեցու մուտքը, 2017 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում, ռազմական գործողությունների և հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Բարխուտարեան 1895 – Բարխուտարեան Մ․, Արցախ, Բագու։
- Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
- Կարապետյան 1999 – Կարապետյան Ս, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
Հողերի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ