Հոռեկավանք (Գլխովանք)

Տեղադրություն

Հոռեկավանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում, Թալիշ գյուղից 3,9 կմ արևմուտք, լեռան հյուսիսային անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1103 մ բարձրության վրա։ Այժմ օկուպացված է Արդբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

Վանքի  հիմնադրման մասին գրավոր տեղեկություն է պահպանվել Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացու) «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքում։ Ըստ այդ պատմության Աղվանից եկեղեցու հիմնադիր Եղիշա առաքյալի նահատակության վայրում տարիներ անց հրաշքով հայտնվում են նրա մասունքները։ Ուռեկան գյուղի Ստեփանոս քահանան փախցնում է սրբի գլուխը, բերում է իր հայրենի գյուղն ու ամփոփում այստեղ։ Հետագայում այստեղ են բերվում սրբի մնացած մասունքերն էլ, որոնք հետո տեղափոխվում և ամփոփվում են Ներսմիհրի միաբանությունում (Կաղանակատուացի 1983, 11-12), որն այսօր ավելի հայտնի է «Եղիշա առաքյալի վանք» անունով։ Կարելի է ենթադրել, որ սրբի գլուխն այդպես էլ մնում է Ուռեկան-Հոռեկում կառուցված մասունքարան-եկեղեցում, քանի որ ինչպես այս, այնպես էլ հետագայում այլ մասունքների ձեռքբերման և այստեղ ամփոփելու պատմություններում էլ այն կոչվում է Գլխո վանք (Կաղանակատուացի 1983, 208, 212, 218, 234, 237)։

Վանքի շուրջն են գտնվում պատմական Ուռեկան գյուղի ավերակները, որից էլ վանքը ստացել է իր երկրորդ անվանումը՝ Հոռեկավանք (նկ․ 1, 2)։ Համալիրից 60 մ հյուսիս-արևմուտք, գտնվում է Գյուլիստանի իշխաններ Մելիք-Բեգլարյանների ապարանքները, հյուսիս-արևելյան կողմում է գտնվում Մելիք-Բեգլարյանների տոհմական գերեզմանոցը (նկ․ 3, տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84-%d5%a2%d5%a5%d5%a3%d5%ac%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d6%80%d5%b8%d6%81-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%84/

Նկ. 1 Վանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից, 2019թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։

Վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, արևմտյան կողմում գտնվող միաբանների սենյակներից և գերեզմանոցից (նկ․ 4)։ 19-րդ դարի վերջերին «Վանուցս արևմտեան կողմում դեռ կանգուն են միաբանից սենեակներն, որ շինուած են բոլորովին քարուկիր և թաղակապ: Բայց այժմ վանքումս չկայ ո՛չ վանահայր, ո՛չ միաբան և ո՛չ իսկ պահապան, վասն որոյ հետզհետէ քայքայուում է ամենայն ինչ» (Բարխուտարեանց 1902, 230):

Նկ. 4 Վանքի հատակագիծը, Ս․ Այվազյան, Հոռեկավանքի պեղման-մաքրման աշխատանքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012 թթ․, Ստեփանակերտ, 2015, էջ 145։

Եկեղեցի

Վանքի ներկա եկեղեցին կառուցվել 1279 թվականին։ Մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը (նկ․ 5) հայտնում է․ «Ի քահանապետու|թե[ան] տ[է]ր Ստեփաննոսի զ|շինող եկեղեցոյս զտ[է]ր| Յոհաննէս յիշեցէք ի Ք[րիստո]ս նա|եւ զծնողս եւ զեղբարսն իւր|։ Թիւ ։ՉԻԸ։» (ԴՀՎ 5, 102)։ Այն ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինություն է։ Կառուցվել է կոպտատաշ և անմշակ քարերով, կրաշաղախով։ Ներքուստ սվաղված է, հարավային և հյուսիսային պատերին ունի ընդհանուր 5 որմնախորշ, որից երեքը` խորանում։ Լուսավորությունը կատարվել է արևելքից և արևմուտքից, դեպի ներս լայնացող երկու լուսամուտներով։ Միակ մուտքը բացված է արևմուտքից։

Նկ. 2 Հոռեկավանքը նախքան մաքրման և պեղման աշխատանքները, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 3 Մելիք Բեգլարյանների տոհմական գերեզմանոցը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 5 Եկեղեցու մուտքի արձանագիր բարավորը, 2019 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։

Եկեղեցին  առանաձնանում է ուղղանկյուն ապսիդով, բարձր բեմով։ Բեմի տակ, ինչպես պարզել են պեղումները (դրանք անց են կացվել 2012 թվականին, հնագետ՝ Գ․ Սարգսյան, ճարտարապետ՝ Ս․ Այվազյան), գտնվում են ուղղանկյունաձև հատակագծով թաղակապ ծածկով երկու մասունքարանները, որտեղ սկզբնապես ամփոփված են եղել մասունքները: Հետագայում դրանք վերակառուցվել են, երևի կատարվել են նոր թաղումներ և կանգնեցվել 14-15-րդ դարեր խաչքարեր (նկ․ 6)։ Մատուռները լուսավորվել են արևելյան կողմից բացված փոքր լուսամուտներով։ Մատուռ-մասունքարնները կառուցվածքով նման են Ջրվշտիկ վանքի Վաչագան Բարեպաշտ թագավորի  դամբարան մատուռին, սակայն ունեն ավելի փոքր չափեր։ Մատուռ-ավանդատների ընդհանուր մուտքը բացվում է բեմառէջքի կենտրոնական հատվածից, ներսում՝  հյուսիսից և հարավից ունեն առանձին մուտքեր ։

Բեմի աստիճանները տեղակայված են հյուսիսային և հարավային պատերին կից, յուրաքանչյուրից պահպանվել են  երեք աստիճանահարթակ՝ կառուցված սրբատաշ քարերով։ Բեմի հյուսիսային պատի մեջ կա երկու որմնախորշ, հարավային պատին՝ մեկ, նախատեսված եկեղեցական իրերի համար։ Հյուսիսային  պատի ստորին որմնախորշը ավելի ուշ շրջանի վերակառուցման արդյունք է, տարբերվում է մյուս երկուսից, այն ավելի մեծ է չափերով, վերնամասը կամարակապ է, խորշի հատակը հավասար է բեմահարթակին, արևելահայաց պատին ագուցված է խաչքար։

Նկ. 6 Մատուռ-ավանդատները, լուս․ “My Photo TOUR-Armenia“ ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/MyPhotoTOUR/photos/a.222366887782781/3858087110877389.

Գավիթ

1284 թվականին Եկեղեցուն հարավից կցվել է գավիթ-տապանատունը։ Մուտքը բացված է արևմուտքից։ Շինարարական արձանագրությունը  փորագրված է գավթի մուտքի բարավորին (նկ. 7)․ «Յաշխարհակալ| տէրութե[ան] Ապաղա խանին| եւ ի հայրապետութե[ան] տ[է]ր Ստեփանն|ոսի և ի պարոնութե[ան] Նորադինին եւ Սրա|ադինին և Գուրզադինին։ Ես տ[է]ր Յոհա|ննէս շինեցի զգաւիթս յիշատակ ինձ| եւ եղբարց եւ ծնողաց իմոց ։ՉԼԳ։» (ԴՀՎ 5, 102)։

Նկ. 7 Գավթի մուտքի բարավորի արձանագրությունը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Գավիթը քառակուսի հատակագծով շինություն է, կառուցված անմշակ քարերով և կրաշաղախով, չափերը՝ 7x7 մետր։ Ծածկը հենվում է չորս հատվող կամարների վրա։ Հետաքրքրական են ծածկի հատվող կամարները, որոնք նույնպես կառուցված են կիսամշակ և կոպտատաշ քարերով։ Լուսավորության համար բացված է երկու լուսամուտ՝ հյուսիսից և արևմուտքից (կենտրոնից դեպի հյուսիս շեղված)։ Գավթի ներսում պատերին առկա են նվիրատվական և հիշատակային արձանագրություններ, խաչապատկերներ, ագուցված են մի քանի խաչքարեր (նկ․ 8)։ Արձանագիր են նաև գավթի որոշ տապանաքարեր (նկ․ 9, 10, 11)։

 

Նկ. 9 Գավթում հուղարկավորված վանականների տապանաքարերը, լուս․ “My Photo TOUR - Armenia“ ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/MyPhotoTOUR/photos/a.222366887782781/3858088367543930:

Նկ. 10 Իշխանի տապանաքարը, 2019 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։

Նկ. 8 Գավթի հարավ-արևելյան խորշի մեջ ագուցված խաչքարը, 2019 թ․, լուս․ Ս․ Դանիելյանի։

Նկ. 11 Աբրահամ Սարկավագի տապանաքարը, լուս․ “My Photo TOUR - Armenia“ ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/MyPhotoTOUR/photos/a.222366887782781/3858089394210494:

Զանգակատուն

Գավթին արևմուտքից կցվել է զանգակատունը։ Այն սլացիկ բարձր շինություն է, կառուցվել է ավելի ուշ՝ 13-րդ դարի վերջին կամ 14-րդ դարի սկզբին։ Շինությունն ունեցել է քառասյուն ռոտոնդա, քառանիստ բրգավոր վեղարով, որը սակայն չի պահպանվել։

Վանքի շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոցը, հարթ, խիտ դասավորությամբ տապանաքարերով առանձնանում է հատկապես վանքի արևմտյան հատվածի փոքր հրապարակը (նկ․ 12, 13, 14)։

Գլխո վանքը պարսպապատ չի ունեցել։ Վանքից 20 մետր արևմուտք, կիսավեր վիճակում պահպանվել է 19-րդ դարասկզբի քառասենյակ  թաղակապ հյուրատունը։

 

Նկ. 13 Վանքի արևմտյան հրապարակում գտնվող ուղղանկյունաձև տապանաքարը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Նկ. 12 Վանքի ընդհանուր տեսքն արևմուտքից, լուս․ 2019 թ․, Ս․ Դանիելյանի։

Նկ. 14 Վանքի արևմտյան հրապարակում գտնվող ուղղանկյունաձև տապանաքարի կողային խաչաքանդակը և թվակիր արձանագրությունը, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Գրականություն

  1. Կաղանկատուացի 1983 – Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
  2. Բարխուտարեանց 1902 – Բարխուտարեանց Մ., Պատմութիւն Աղուանից, Տպարան Մայր Աթոռ Սրբոյ Էջմիածնի, Վաղարշապատ։
  3. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
  4. Սարգսյան Գ, Այվազյան Ս․, Հոռեկավանքի պեղման-մաքրման աշխատանքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012 թթ․, Ստեփանակերտ, 2015, էջ 138-146։
Հոռեկավանք (Գլխովանք)
Հոռեկավանք (Գլխովանք)
Մարտակերտի շրջան
Արցախ