Ղևոնդաց անապատը
Տեղադրությունը
Ղևոնդաց կամ Ղևոնդիկ (բարբառային ձևով Ղոնդիկ) անապատը գտնվում է Մարտունու շրջանում, լեռան կատարին՝ Սարգսաշեն, Մոշխմհատ, Զարդարաշեն, Ղարաբուլաղ և Ավետարանոց գյուղերի արանքում (նկ․ 1)։ Շրջապատված է անտառներով և ճարտարապետության ու բնության ներդաշնակ միասնության օրինակ է։
Նկ․ 1 Ղևոնդաց անապատի ընդհանուր տեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Պատմական ակնարկ
Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկություններն այս համալիրի մասին սակավ են։ Երվանդ Լալայանը մեջբերում է Սարգիս Ջալալյանցի լսած ու գրի առած ավանդույթն այն մասին, որ «Սբ Ղևոնդ երիցի ազգականները Վարանդայում պտտվելով, նրա նշխարներից գտել են, բերել ամփոփել այդտեղ և կառուցել եկեղեցի» (Լալայան 1898, 45)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Ղևոնդաց անապատը պարսպապատ համալիր է։ Համալիրի կազմում են եկեղեցին, գավիթը, զանգակատունը, հյուրատունը, խցերը, ջրհորը։ Անապատի տարածքում պահպանվել են նաև խաչքարեր (նկ․ 2)։ Սրանք, ինչպես նաև շինությունների ավերակներն ու նաև տեղաբնակների ավանդազրույցները վկայում են, որ անապատը ժամանակին հոգևոր և կրթական կարևոր կենտրոն է եղել։ Պահպանված ավերակների հորինվածքն ու հարդարանքը թույլ են տալիս բուն եկեղեցական կառույցները թվագրել 13-րդ դարով: Հետագայում դրանք մի քանի անգամ ավերվել և վերակառուցվել են։ Եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները վերաբերում են 17-18-րդ դարերին (Մկրտչյան 1985, 171, 172)։
Նկ․ 2 Անապատի տարածքի խաչքարերից, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Եկեղեցին արևելյան կիսաշրջան խորանով, առանց ավանդատների միանավ սրահ է (նկ․ 3): Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատում։ Բեմը բարձրադիր է (0,8 մետր աղոթասրահի հատակից բարձրացված է, նկ․ 4)։ Խորանում կան երկու պատուհան-խորշեր։ Այստեղ՝ արևելյան պատի մեջ բացված է փոքրիկ պատուհան։ Աղոթասրահը ծածկված է գլանաձև թաղով։ Եկեղեցու ներսն ամբողջովին սվաղված է։
Նկ. 3 Ղոնդիկ անապատի համալիրի հատակագիծը, Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха (второе издание), «Парберакан», 1989 Ереван, էջ 138։
Նկ. 4 Եկեղեցու խորանը, լուս․ ՀՃՈՒ հիմնադրամի:
Գմբեթարդի եզրային որմնամույթերն ու նրա վրա հենվող կոշտացնող կամարը շարված են համեմատաբար խոշոր և սրբատաշ քարերով, մինչդեռ եկեղեցին ամբողջապես կառուցված է անմշակ քարով (նկ․ 5)։ Մուտքի հյուսիսային մասում պահպանվել է մի փոքրիկ արձանագրություն «Թվին :ՌՃԷ:» (1658 թ.)»։ Մուտքի բարավորի քարն ու եզրաքարերը թափված են։ Աղոթասրահում պահպանվել է մի խաչքար, որն ունի XII-XIII դարերի խաչքարերին բնորոշ զարդանախշեր։
Հատակագծային և ծավալատարածական հորինվածքով եկեղեցին հիշեցնում է Սուրբ Հակոբավանքի և Բռի եղցու եկեղեցիները։ Պետք է նշել, որ Բռի եղցիում երկու եկեղեցիներ են բացվում գավթի մեջ, իսկ այստեղ միայն մեկն է կցված։ Բռի եղցու եկեղեցիներից մեծն իր չափերով նույնական է Ղևոնդաց անապատի եկեղեցուն (Մկրտչյան 1985, 162,163)։ Հակոբավանքի եկեղեցիները կրկնում են հատակագծային հորինվածքը, բայց ունեն ավելի մեծ չափեր և ավելի բարձր բեմ։
Նկ. 5 Համալիրի ընդհանուր տեսքը հարավ արևմուտքից, լուս․ ՀՃՈՒ հիմնադրամի:
Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է ուղղանկյունաձև հատակագիծ ունեցող գավիթը։ Այն ծածկված է գլանաձև թաղով, որի կոշտացնող կամարները հենվում են երկայնական պատերի որմնամույթերին։ Գավթի ներսույթը լուսավորվում է հարավային պատի փոքր լուսամուտի հաշվին։ Դռան հյուսիսային կողմում անաղարտ պահպանված արձանագրություն կա՝ «ՌՄԻԵ-ին (1775) յիշատակ է գաւիթս Զաքարիա, Յովսէփ և Մելքոն վարդապետանց» (Բարխուտարեանց 1895, 92)։
Գավթին արևմտյան կողմից կցված և երկայնական առանցքի վրա է գտնվում զանգակատունը։ Այն ունի քառակուսի հատակաձև։ Հյուսիսային և հարավային կողապատերի երկայնքով (46 սմ լայնքով) նստարաններ են կառուցված։ Բարավորի վրայի արձանագրության մեջ նշված է, որ 1900 թվականին վանքը վերանորոգվել է՝ տանիքները թիթեղապատվել են, թարմացվել է սվաղը, բարեկարգվել՝ բակը։ Զանգակատան մուտքի երկու կողմերում կանգնեցված են 12-13-րդ դարերի արձանագրակիր երկու խաչքարեր (նկ․ 6), որոնցից մեկը կրում է «:ՈԾԱ: (1202 թ.) թվականը։
Նկ․ 6 Զանգակատան հարավային կողմում գտնվող խաչքարերը, լուս․ ՀՃՈՒ հիմնադրամի:
Եկեղեցուց հարավ-արևելք է գտնվում հյուրատունը (նկ․ 7)։ Այն հյուսիս-հարավ առանցքով ձգված երկհարկանի կառույց է։ Արևելյան ճակատապատում, մեծ սալաքարի վրա առկա է հետևյալ արձանագրությունը․ «Ի յիշատակ հանգուցեալ Գէորգի-բեկ Առստամեան Մելիք-Յովսէփեանի՝ կառոյց զկրկնայարկ սենեակն դուստր նորա Քեթեւան ժամհարեան, յամի 1896» (նկ․ 8)։ Հյուրատան առաջին հարկը թաղակապ է, երկու մասի բաժանված։ Պատերում կան պատրհան-խորշեր և բուխարիներ։ Երկրորդ հարկի ավերակները հուշում են, որ շենքն ունեցել է պաշգամբ, լայն պատուհաններ և գերանածածկ է եղել։
Վանքը պարսպապատված է։ Պարիսպներից ներս՝ արևելյան կողմում պահպանվել է ջրհորը։ Այն շարված է քարերով և սվաղված։ Ունի մինչև 10 մետր խորություն և 4 մետր լայնություն։ Ջրհորի բերանը փակված է 40 սմ տրամագիծ ունեցող կափարիչով։
Նկ․ 7 Ղևոնդաց անապատի հյուրատունը, լուս․ ՀՃՈՒ հիմնադրամի:
Նկ․ 8 Ղևոնդաց անապատի հյուրատան կառուցման արձանագրությունը, լուս. Հ․ Պետրոսյանի։
Վանական համալիրի տարածքում կան տասնյակ գերեզմանաքարեր։
Վերոնշյալ ներկայացումից հետևում է, որ Ղևոնդաց անապատը զարգացած միջնադարում և նոր ժամանակներում եղել է Արցախի կարևոր ուխտատեղիներից մեկը և ժամանակի ընթացքում պարբերաբար վերանորոգվել է (նկ․ 9)։
Նկ․ 9 Անապատի վերանորոգման արձանագրությունը, լուս. Հ․ Պետրոսյանի։
Մատենագրական քննություն
Ղևոնդաց անապատի տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Մկրտչյան 1985, 171-172): Անապատի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև հեղինակի գրքի ռուսերեն հրատարակության մեջ (Мкртчян 1989, 138-139):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Մինչև 44-օրյա պատերազմը անապատի տարածքում պարբերաբար մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Պատերազմից հետո վիճակի մասին տեղեկություններ չկան:
Գրականության ցանկ
- Լալայան 1898 - Լալայան Ե․, Վարանդա, (արտատպված «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս։
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., Արցախ, «Արօր», Բագու:
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ., Երևան:
- Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха (второе издание), «Парберакан», Ереван․
Մարտունու շրջան
Արցախ