Ճապկուտի եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին (նկ. 1, 2) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Սանասարից (Կուբաթլի) 15 կմ արևմուտք, Սեթանց գետակը սնուցող առվակներից մեկի ափին տեղադրված Ճապկուտ գյուղում: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ․ 1 Ճապկուտի եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, լուս. Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիա ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/438497309606941/posts/3284260418363935/ :

Նկ․ 2 Ճապկուտի եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. «Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիա» ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/438497309606941/posts/3284260418363935/ :

Պատմական ակնարկ

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ Ճապկուտը հիշատակում է որպես Տաթևի վանքին հարկ վճարող Քաշունիք գավառի խոշոր բնակավայրերից մեկը (Օրբէլեան 1910, 375)։ Հիմք ընդունելով  ճարտարապետական-հորինվածքային լուծումները և ագուցված խաչքարերն ու տապանաքարերը՝ եկեղեցին 17-րդ դարի կառույց է: 18-րդ դարի երկրորդ կեսից տեղում հաստատված քրդերը կառույցն օգտագործել են տնտեսական նպատակներով (նկ․ 3)։

Նկ․ 3 Ճապկուտի եկեղեցու տեսքը ներսից, լուս. «Հայ զինվոր» կայքէջից՝ http://www.hayzinvor.am/34835.html :

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Պատերի ստորին հատվածներում և անկյուններում օգտագործված են ավելի մեծ չափերի կոպտատաշ քարեր։ Կառույցը ուղղանկյունաձև միանավ բազիլիկ է, արտաքին 13․70x8․15 մետր չափերով (Կարապետյան 1999, 191, նկ․ 4)։ Արևելյան կողմում տեղավորված են պայտաձև խորանն ու միակ ավանդատունը (խորանից հարավ), ինչի արդյունքում խորանը շեղված է կենտրոնական առանցքից դեպի հյուսիս։ Պահպանված միակ մուտքը հարավային կողմում է։ Բարավորը միակտոր քար է, երեք խոշոր խաչաքանդակներով և ուղեկցող ավելի փոքրաչափ խաչերով։ Բարավորի վրա պահպանվել է նաև կառուցման արձանագրությունը «Թ. :ՌՂ:» (1641 թվական)։ Մուտքի եզրաքարերը տապանաքարեր են (նկ. 5): Եկեղեցին ունի երկու լուսամուտ արևելյան պատի վրա, որոնցից մեկը բացվում է դեպի ավագ խորան, իսկ մյուսը դեպի ավանդատուն։ Եվս երկու լուսամուտներ էլ առկա են հարավային պատի մեջ։ Պատերի մեջ օգտագործվել են 13-17-րդ դարերի բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր (նկ․ 6)։

Նկ․ 5 Ճապկուտի եկեղեցու մուտքը, լուս. «Հայ զինվոր» կայքէջից՝ http://www.hayzinvor.am/34835.html :

Նկ․ 4 Ճապկուտի եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 191։

Նկ․ 6 Ճապկուտի եկեղեցու մուտքից ձախ օգտագործված տապանաքար, լուս. «Հայ զինվոր» կայքէջից՝ http://www.hayzinvor.am/34835.html :

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացրել է Ճապկուտ գյուղն ու եկեղեցին (Կարապետյան 1999, 191)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Ճապկուտի եկեղեցին պատերազմից առաջ և հետո ոչ մի էական փոփոխության չի ենթարկվել (նկ․ 7)։

Նկ․ 7 Ճապկուտի եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ս․ Կարապետյան։

Գրականություն

1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:

2․ Օրբէլեան 1910 – Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս։

Ճապկուտի եկեղեցին
Ճապկուտի եկեղեցի
Ճապկուտի եկեղեցի
Արցախ