Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Մատաղիս գյուղի կենտրոնում (նկ. 1)։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Պատմական ակնարկ

Համաձայն հարավային մուտքի բարավորին փորագրված արձանագրության, եկեղեցու շինարարությունն ընթացել է 1892-98 թվականներին։ Արձանագրության մեջ ասվում է. «Շինեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս Մատաղիսա միաբան ժողովուրդականաց։ Սկսած է 1892 թ., ավարտված 1898 թ.» (նկ. 2)։ Մ. Բարխուդարյանցի 1894-95 թվականների այցելության ժամանակ եկեղեցին դեռ կիսակառույց էր և անկնունք  (Բարխուտարեանց 1895, 231)։

նկ. 2 Եկեղեցու մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական բաց դարչնագույն կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 15,07 մետր երկարություն և 8,16 մետր լայնություն (նկ. 3, 4)։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է։ Կիսաշրջան բեմը բարձր է, ունի երկու ավանդատուն, թաղակապ է, տանիքը՝ հողածածկ (նկ. 5)։

Մուտքը հարավային կողմից է, արևելյան կողմից բացվում է երեք, հարավային կողմից երկու, իսկ  արևմտյան կողմից՝ մեկ լուսամուտ։

նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը արտաքինից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 5 Եկեղեցու ընդհանուր տեսքը ներսից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքը արտաքինից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Մատաղիս գյուղում Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թեժ մարտեր են ընթացել և հայտնի չէ, ինչ չափով է հուշարձանը տուժել։ Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից սոցիալական կայքերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, ինչպես են զինվորական հագուստով մի քանի տղամարդ մտնում եկեղեցի, ջարդում սրբապատկերները։ Տեսանյութում երևում է նաև, որ հատակին կոտրված լցված են տարբեր առարկաներ (Մշակութային վանդալիզմ Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցում - Monument Watch)։

 

 

Մատենագրական քննություն

Եկեղեցին համեմատաբար նոր է կառուցվել, ինչի պատճառով սկզբնաղբյուրները սակավ են։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցին
Մատաղիսի Սբ. Եղիշա եկեղեցին
Մատաղիսի Սբ. Եղիշա եկեղեցին
Արցախ