Մելիքաշենի սբ. Հարություն եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է գյուղի ծայրամասում՝ ճանապարհի եզրին (նկ. 1)։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Ըստ բարավորի վրայի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1889 թվականին։ Արձանագրության մեջ ասվում է. «Մելիքջալու գեղջ բնա/կիչքս շինեցինք Սբ. Յարու/թեան եկեղեցիս 1889 թ.» (նկ. 2, 3)։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, միանավ թաղակապ բազիլիկ է։ Ծածկը, որ թիթեղապատ է եղել, չի պահպանվել (նկ. 4)։

նկ. 3 Եկեղեցու մուտքի բարավորի արձանագրությունը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 2 Եկեղեցու մուտքի բարավորի արձանագրությունը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 4 Եկեղեցու արտաքին տեսքը արևմուտքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, ունի հինգ լուսամուտ, որից մեկը հարավային, երեքը արևելյան և մեկը արևմտյան կողմերից։ Կառուցված է կոպտատաշ դարչնագույն քարով, իսկ անկյունային եզրաքարերը, շքամուտքը և լուսամուտների շրջանակները սրբատաշ են։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է (նկ. 5)։

նկ. 5 Եկեղեցու տեսքը ներսից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր, բացակայում էին տանիքի թիթեղները։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին և հավանաբար դա է պատճառը, որ գրավոր տեղեկությունները նրա մասին սակավ են։ Մեր նկարագրությունը հենվում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

Մելիքաշենի սբ. Հարություն եկեղեցին
Մելիքաշենի Սբ. Հարություն եկեղեցին
Մելիքաշենի Սբ. Հարություն եկեղեցին
Արցախ