Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունը
Տեղադրությունը Մելիք Շահնազարյանների համար որպես տոհմական տապանատուն է ծառայել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղի հարավարևելյան կողմում գտնվող Կուսանաց անապատի գավիթը (նկ․ 1; Կուսանաց անապատի մասին մանրամասն տես՝ Ավետարանոցի Կուսանաց անապատ)։
2020 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Տապանատան մասին որոշ տեղեկություններ են հայտնում Մ․ Բարխուդարյանցը և Ե․ Լալայանը (Բարխուտարեանց 1895, 96; Լալայեան 1897, 43-45)։ Մասնավորապես Մ․ Բարխուդարյանցը նշում է․ «Անապատս ունի և գաւիթ, որ շինուած է նոյն ոճով, երկարութիւնն 5 մետր 75 սանթիմ, լայնութիւն 8 մետր 90 սանթիմ (հարաւից հիւսիս)։ Ինչպէս անապատս եղած է յատուկ կուսանոց, նոյնպէս գաւիթս եղած է յատկապէս դամբարան Մէլիք Շահնազարեանի իշխանական ցեղին։ Գաւթումս ամփոփուած են Մանուէլ վարդապետի, Մէլիք-Միրզայի, Մէլիք-Յիւսէյինի, Մէլիք-Յովսէփի և սոցա տիկնանց մարմիններն» (Բարխուտարեանց 1895, 96)։
Նկարագրելով Ավետարանոցի Կուսանաց անապատը՝ Ե․ Լալայանը գրում է «Անապատի արևմտեան կողմում կայ մի աղեղնաձև կամարակապ ձեղունով անսիւն գավիթ՝ 6 մետր երկ․ 9 մետր լայնութեան, իւրաքանչիւր պատին մի փոքրիկ պատուհանով։ Սա եղած է Մէլիք Շահնազարեանների իշխանական ցեղի դամբարանը։ Այստեղ գտնւում են Մանուէլ վարդապետի, Մելիք Միրզայի, Մելիք Հիւսէինի, Մելիք Յովսէփի, սրանց կանանց և մայրապետի գերեզմանները» (Լալաեան 1897, 43, նկ. 2, 3, 4)։
19-րդ դարի սկզբներին կացարանի ամենատարածված տիպը եղել է մեկ բաժանմունքից բաղկացած գլխատունը, ինչը լավ երևում է հատկապես Վերին թաղամասի բնակարաններում: Գլխատներից շատերը կառուցված էին թեք լանջի վրա՝ կիսագետնափոր էին, կառուցված էին անտաշ քարերով, կրաշաղախով: Ներսում ունեին պատերի մեջ արված խորշեր, բուխարիներ, մուտքերը կամարաձև էին (Սարգսյան 1997, 13-14): Սկսած 1840-ական թվականներից գլխատները սկսում են վերակառուցվել, սրանց կցակառուցվել են կամ ոչ հեռու կառուցվել նոր սենյակներ, որոնք ունեին պատուհաններ, թաղածածկ էին կամ հարթ ծածկով, ներքուստ խորշերով և բուխարիներով: Այս կացարանները առջևից ունեին սրահ (նկ. 2, 3): Ռելիեֆով պայմանավորված շատ նոր բնակարանները կառուցվում էին հիմնական կառուցապատումից դուրս, մեկ առանցքի երկարությամբ, միմյանց կից: Հաճախ այսպիսի տները կառուցվում էին գլխատների տեղում (Սարգսյան 1997, 16-18):
«Կովկասի տարածքների ու ցեղերի նկարագրման նյութերի ժողովածու»-ի մեջ Ավետարանոցին նվիրված մի հոդվածում նշվում է «Վանքն ունի մեկ գավիթ հարավարևմտյան կողմում։ Այստեղ են թաղված որոշ բարեպաշտ միանձնուհիներ ու մելիքներ (СМОМПК 1894, 79)։ Հոդվածի հեղինակ Ե․ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ այստեղ «թաղվել է վանքի շինարար Վաչագան թագավորի դուստրը։ Նա նաև «Կուսանաց-անապատայի» առաջին միանձնուհին է» (СМОМПК 1894, 81; նկ․ 5, 6)։
Կուսանաց անապատի մասին տեղեկություն է հաղորդում նաև Ս․ Բարխուդարյանը․ «․․․արևմուտքում ունի փոքր գավիթ, որը և ծառայել է որպես դամբարան մելիքների ու նրանց ընտանիքների, ինչպես և մայրապետների համար։ Հնում ասյտեղ եղել են ավելի շատ հանգուցյալներ․ հրատարակիչները դրանցից հիշատակում են Մանվել վարդապետին, Մելիք Միրզային, Մելիք Հուսեյնին, Մելիք Հովսեփին և մայրապետներին․ ցավոք՝ դրանցից ոչ մեկի տապանագրերը չեն արտագրվել» (ԴՀՎ, 148; նկ. 7, 8):
Մելիք Շահնազարյանների տապանատունը հիշատակում է նաև Շ․ Մկրտչյանը, նշելով, որ «Կուսանաց անապատի եկեղեցու գավիթն ուղղանկյուն թաղածածկ շենք է, ունի 6 մ երկարություն, 9 մ լայնություն։ Այն ծառայել է իբրև Մելիք-Շահնազարյանների տոհմական դամբարան։ Այստեղ են գտնվում Մանվել Վարդապետի, Մելիք Միրզայի, Մելիք Հուսեյնի, Մելիք Հովսեփի և նրանց կանանց գերեզմանները» (Մկրտչյան 1980, 124):
Հարկ է նշել, որ Կուսանաց անապատում գտնվող տապանաքարերին անդրադարձել են և ադրբեջանցիները, որոնց մասին գրում է Հ․ Պետրոսյանը։ Այսպես, ոմն Ռզաևը «․․․նկարագրում, և աղվանական, ապա թուրք-օղուզական է հայտարարում, օրինակ, Ավետարանոցի 18-րդ դարի և 19-րդ դարի սկզբի տապանաքարերը, անշուշտ չիմանալով դրանց ժամանակը և անտեսելով նրանց վրայի ընդարձակ հայերեն արձանագրությունները։ Իսկ ահա թե ինչ է հայտնում այդ տապանաքարերից մեկի արձանագրությունը.
«Այս է տապան մէլիք Շահնազարի
Որդի Մելիք Յիսեին. թվ :ՌՃՁԵ: (1736):
Ոգեմ զբանս գովեսդի
Ի վերայ Մէլիք Հուսեյնի,
Զոր գրեցի այս տապանի:
Սա էր տէր երկրին Վարանդայի
:ԼԵ: (35) մասն գեղի.
Սայ էր հացով, սեղանով լի,
Ողորմէր ամեն ազգի.
Կերպարանօքն էր գովելի,
Թագ պարձանք Հայոց ազգի,
Յոյժ կոդորեաց ազգէն դաջկի,
Պատերազմեաց յետ օսմանցի,
Սա ոչ ետ հարկ թագաւորի,
Ամուր պարիսպ էր աշխարհի:
Որ է եաշն թվին :ՌՃԾԸ: (1709):
Արդյո՞ք կներեր Ռզաևին իր նախնի թուրք-օղուզը, որ նա օղուզ է համարում նրան, ով ներկայանում է որպես հայ ազգի պարծանք, տաճիկներին կոտորող և օսմանցիների դեմ կռվող» (Պետրոսյան 2010, 145)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Կուսանաց անապատի եկեղեցու գավիթն ուղղանկյուն թաղածածկ շենք է, լուսամուտներով, ունի քառակուսի հատակաձև (6,4 x 6,4 մետր, ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Հուշարձանը մինչև պատերազմը բարվոք վիճակում էր։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
- Լալաեան 1897 - Լալաեան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք , Թիֆլիս:
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., Երևան, 1982:
- Պետրոսյան 2010 - Պետրոսյան Հ․ Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը) /Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, էջ 137-148:
- СМОМПК 1894 - Сборник материалов для описания местностей и племен Кавказа, вып. 19, с.78 -83.
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր -ԱՀ ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի վկայագիր։
Ասկերանի շրջան
Արցախ