Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը

Տեղադրությունը

Պլաճուր աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի վերնամասում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս՝․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային շտեմարան։

Պատմական ակնարկ

Աղբյուրի կառուցման շինարարական արձանագրությունը գտնվում է ձախակողմյան ճակատին ագուցված միակտոր քարի վրա․ «Այս է յիշատակ/ Խուռի Մեժլումե/անց։ Սկսել է 1892/, վերջացրել է իւր/ թօռը Հրանդ/ Իսր․ Ստեփանեանց/, 1919 թ․» (նկ․ 2):

Նկ․ 2 Աղբյուրի արձանագրությունը, լուս՝․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային շտեմարան։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով աղբյուրն ունի 9 մետր երկարություն, 1,8 մետր լայնություն, 3,1 մետր բարձրություն: Բաղկացած է երկու կամարակապ բաց սրահներից, ունի մեկ ընդհանուր ուղղանկյուն նավ։ Կառուցված է տեղական սպիտակ թերթաքարով, կամարները և ճակատը սրբատաշ են։ Տանիքը թիթեղապատ է։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Աղբյուրը գործող էր և գտնվում էր լավ վիճակում։ 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը
Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը
Մարտունու շրջան
Արցախ