Մսմնայի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղի կենտրոնում (նկ․ 1)։

 

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Պատմական ակնարկ

Սբ․ Աստվածածին  եկեղեցին կառուցվել է 1881 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը, ով ի թիվս այլ մանրամասների, նշում է, որ «եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանան գալիս է Ղաւախան (Կավահան) գիւղից» (Բարխուտարեանց 1895, 108)։

Թեև եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին, սակայն պատերին ագուցված խաչքարերը և զարդաքանդակ բեկորները վկայում են, որ այստեղ սրբատեղի է եղել առնվազն 12-13-րդ դարերից սկսած (նկ․ 2, 3)։

Նկ. 2 Հյուսիսային ավանդատան պատին ագուցված խաչքարի բեկորը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Նկ. 3 Հարավային ավանդատան պատին ագուցված խաչքարը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կրաքարով և կրաշաղախով (նկ․ 4)։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային զույգ որմնասյուներից բարձրացող որմնակամարների վրա։ Արտաքինից պսակվում է երկլանջ տանիքով։ Սրբատաշ են միայն անկյունաքարերն ու կամարաքարերը։ Եկեղեցու կիսաշրջանաձև խորանին կից գտնվում են ավանդատները: Խորհրդային տարիներին եկեղեցին վեր է ածվել պահեստի, հատակը բարձրացվել է, ավանդատների դռները՝ փակվել (նկ․ 5)։ Եկեղեցու հյուսիսային պատի խորշի մեջ, ավանդատանը կից պահպանվել է մկրտության խաչաձև ավազանը (նկ․ 6)։

Միակ մուտքը հարավից է, որը տեղակայված է կենտրոնից դեպի արևմտյան անկյունը: Լուսավորվել է արևելյան ճակատում բացված երեք և հարավային ու արևմտյան ճակատներում բացված մեկական լուսամուտներով (նկ․ 7,8)։ Հարավային լուսամուտը չի պահպանվել, այն խորհրդային տարիներին քանդվել-մեծացվել է։ Եկեղեցու հարավային ճակատին, մուտքի բարավորին պահպանվել է եկեղեցու շինարարության տարեթիվը, ըստ որի՝ եկեղեցին կառուցվել է 1881 թվականին (նկ․ 9)։

Նկ. 4 Եկեղեցու ներսը հարավ-արևմուտքից , լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Նկ. 7 Քանդված և լայնացված հարավային լուսամուտը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Նկ. 5 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Նկ. 8 Մկրտության ավազանը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Նկ. 6 Արևմտյան պատը ներսից, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Նկ. 9 Մուտքի բարավորը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2022թ․։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին չի գործում, տանիքի կղմինդրածածկը չի պահպանվել։ Խորհրդային տարիներին եկեղեցու տանիքը ծածկվել է ասբեստե թիթեղներով, որն այժմ վնասված և խարխուլ վիճակում է։ Տանիքին ծառեր և բուսականություն են աճել։ Նախքան 2020 թվականի պատերազմը և պատերազմի ընթացքում եկեղեցին չի տուժել։

Գրականություն

  1. Բարխուտարեանց  1895    -  Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Մսմնայի սբ․ Աստվածածին եկեղեցին
Մսմնայի սբ․ Աստվածածին եկեղեցին
Մարտունու շրջան, գյուղ Մսմնա
Արցախ