Ներքին Հոռաթաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Ներքին Հոռաթաղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է, որը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին և գործել մինչ խորհրդային կարգերի հաստատվելը։
Գյուղի մասին հակիրճ տեղեկություններ է փոխանցել Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ, որտեղ նշում է․ «Հոռաթաղ, որ կից է Կուսապատի այգիներին, թէպէտ կազմում է առանձին գիւղ, սակայն ծխաթիւն անբաժան է» (Բարխուտարեանց 1895, 155)։ Ըստ երևույթին գյուղի եկեղեցու հոգևորականն այստեղ էր գալիս հարևան Կուսապատից։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով 16․2x7․5 մետր չափերով և 9․6 մետր բարձրությամբ եռանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական դեղնավուն կրաքարով և կրաշաղախով։ Ամբողջապես երեսպատված է կիսամշակ և սրբատաշ քարերով։ Թաղածածկը հենված է 8 պատկից և 4 առանձին սյուների և դրանցից բարձրացող կամարների վրա (նկ․ 2, 3)։ Արտաքուստ ունի դեպի հյուսիս և հարավ նվազող երկթեք տանիք։ Արևելքից խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Ունի կիսաշրջանաձև խորան և բարձր բեմ։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան մեկական պահարան-խորշեր։
Լուսավորվել է խորանի կենտրոնական հատվածից բացված և դեպի ներս լայնացող փոքրիկ ուղղանկյուն լուսամուտից, ևս մեկ փոքրիկ լուսամուտ բացվում է արևմտյան ճակատից (նկ․ 4)։ Մյուս, ավելի մեծ կիսակամար վերնամասով երկու լուսամուտները տեղակայված են հարավային և հյուսիսային կողմերում։
Միակ մուտքը բացված է հարավային ճակատի կենտրոնական հատվածից։ Մուտքի կամարաձև շրջանակը հարդարված է գնդաձև զարդաքանդակներով և խաչաքանդակներով (նկ․ 5)։ Հյուսիսային պատին՝ ավանդատանը կից, գեղեցիկ հարդարված շրջանակով կամարակապ որմնախորշի մեջ մկրտության ավազանն է։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է այլ նշանակությամբ։ Արցախի անկախության շրջանում այն վերանորոգվել և կրկին գործել է որպես եկեղեցի։
Սբ․ Աստվածածին եկեղեցին 2020 թվականի պատերազմի ժամանակ չի վնասվել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով Արցախն ամբողջությամբ բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հոռաթաղ գյուղի բնակչությունը բռնությամբ տեղահանվել է։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Ներքին Հոռաթաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ