Ներքին Սզնեքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Համաձայն այժմ բակում ընկած մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1849 թվականին և կոչվել է Սուրբ Աստվածածին. «Այս է Աստ[ու]ածածնի/ Ս[ու]րբ եկեղէցիս Սէազ/նեքու. յիշատակ էլի/կըն շինէցին։ Թվին/ :ՌՄՂԸ: էր» (նկ․ 2)։ «Յիշատակէլի/կըն շինեցին» հասկանում ենք, որ «հիշվածները շինեցին»: Հնարավոր է, որ եղել է և մի այլ արձանագրություն, ուր նշվել են եկեղեցին կառուցողների անունները:
Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունում, ուր հեղինակը նշում է․ «Ներքին Սզնեք գիւղ. հիմնուած է մօտ Վերին Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն․ եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92․ ար 377․ իգ․ 350» (Բարխուտարեանց 1895, 99)։
Եկեղեցու շուրջը, հիմնականում հարավային բակում գտնվում է ուշ միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը, որտեղ եկեղեցու հարավային պատին կից պահպանվել են մի քանի ուղղանկյունաձև տապանաքարեր, որոնք պատկանել են գյուղի հոգևորականներին։ Տապանաքարերից ամենահինն ունի հետևյալ արձանագրությունը. «Այս է տապան զարկար| Յովհանէսի որդի Տ[է]ր| Զաքարային, թվ[ին] :ՌՄՂԷ: (1848 թ․)»։ Սա ցուցում է, որ ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում (նկ․ 3)։
Այստեղ են գտնվում նաև եկեղեցու վերջին քահանաներ Հովհաննես Մանգասարյանի (1889 թ․) և Ղևոնդ Տեր Հովհաննեսյան-Մանգասարյանի (1901 թ․) շիրմաքարերը (նկ․ 4, 5)։
20-րդ դարի սկզբին եկեղեցին վերանորոգվել է։ Լայնացվել են լուսամուտներն ու մուտքը։ Այս պատճառով 1849 թվականի շինարարական արձանագրությամբ մուտքի բարավորը հանվել և տեղադրվել է բակում, տապանաքարերի հարևանությամբ (նկ․ 2)։
Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել։ Շենքը վերածվել է պահեստի։ Ներսում կատարվել են հավելյալ կառուցումներ, որոնց մնացորդները պահպանվել են առ այսօր։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով (չափ․ 13x8,6 մետր) միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական դեղնավուն կրաքարով, թերթաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են միայն, որմնասյուները, կամարաքարերը, որմնախորշերի, դռների, լուսամուտների շրջանակները և անկյունքարերը։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից որմնասյուների և որմնակամարի վրա (նկ․ 6, 7)։
Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին կից են երկու ավանդատները։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան կամարակապ որմնախորշեր, որոնք նախատեսված են եղել եկեղեցական և ծիսական իրերի համար։ Եկեղեցին ունեցել է բարձր բեմ, որը ձևախեղվել է խորհրդային վերակառուցումների պատճառով (նկ․ 8)։
Հյուսիսային պատին՝ ավանդատանը կից, կամարակապ որմնախորշի մեջ մկրտության խաչաձև ավազանն է (նկ․ 9)։
Մուտքը հարավից է։ Լուսավորվել է արևելյան և հարավային ճակատներից բացված մեկական լուսամուտներով։ Մյուս կողմերից եկեղեցու շենքը մխրճված է թեքադիր լանջի հողաշերտի մեջ։
Տանիքի ծածկասալերը նախնական տեսքով չեն պահպանվել։ Խորհրդային տարիներին այն ծածկվել է մետաղական թիթեղներով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Ներքին Սզնեք գյուղը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական թեժ գործողությունների գոտում է գտնվել։ Գյուղն ուժգին հրետակոծության և գնդակոծության է ենթարկվել, բարեբախտաբար եկեղեցին չի վնասվել։ 2020 թվականի նոյեմբերից հետո Ներքին Սզնեքը հայտնվել է սահմանային գոտում։ Եկեղեցին չի վերանորոգվել, սակայն գտնվում էր ոչ վթարային վիճակում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթման հետևանքով գյուղը հայաթափվել է, իսկ հուշարձանի ճակատագիրը մնում է անհայտ։
Գրականություն
-
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Ներքին Սզնեքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ