Նոր տվյալներ Ծովատեղ գյուղի Կարմիր եկեղեցու վերաբերյալ

Տեղադրությունը

Կարմիր եկեղեցի համալիրը, որը հայտնի է նաև Մելիք Փաշայանների դամբարան անունով, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի արևելյան կողմում՝ հին գերեզմանոցի տարածքում, մի բլրի վրա (նկ․ 1)։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Մեր կայքն արդեն ներկայացրել է այս հետաքրքիր հուշարձանը (Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը)):

Ներկա քննությունը, հաշվի առնելով հուշարձանում իրականացված պեղման աշխատանքները, նոր հանգամանքներ է պարզում:

Նկ. 1 Կարմիր եկեղեցին և գերեզմանոցը, լուս․ Վ․ Սաֆարյանի։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին տեղեկություններ են պահպանվել Սարգիս Ջալալյանցի, Մակար Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի աշխատություններում (Ջալալեանց 1858, 333-334; Բարխուտարեանց 1895, 106-107; Լալայան 1897, 49-50)։

Համաձայն Ս․ Ջալալյանցի՝ Ծովատեղ գյուղի «յարևելս կոյս ի վերայ փոքրիկ բլրոյ գոն խիտ առ խիտ շիրիմք, յորոց միջի գտանի քառախորան սագաշեն եկեղեցի, յորոց երեքն են ընդ երկրաւ, իսկ մին կիսով չափ ի վեր քան զմակերևոյթ հողոյ, ... ըստ որում ի նոսա են գերեզմանք Մելիքաց բազմաց, ընդ որո և շիրիմք մելիք Փաշայի և Սահակ եպիսկոպոսի,․․․» (Ջալալեանց 1858, 333)։

Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ «Այս անուամբ է կոչուում Մէլիք Փաշաեանցների դամբարանն, որ կայ գիւղիս արևելեան կողմում, ոչ այնքան հեռի, մի բլրակի վերայ։ Դամբարանիս շուրջն հանգիստներ են հնուց խիտ առ խիտ ամփոփուած, որի մէջ կան և խաչազարդ տապանաքարեր։ Դամբարանս ստորերկրեայ է և բաղկացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ, Բ-ն միջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է, Դ-ն փոքր մատուռ է։ Լայնութիւնից լայնութիւն պատկից մատուռներս հաղորդակցութիւն ունին միմեանց միջնադռներով։ Ա-ն մեծ մատուռն վնասուած է գագաթնագիծ ճեղքուածքով, որի հարաւային պատն և դուռնն միայն են երևում. քանզի ստորերկրեայ են բոլոր մատուռներս» (Բարխուտարեանց 1895, 107):

Այսպիսով, եթե Սարգիս Ջալալյանցը խոսում է մեկ քառախորան եկեղեցու մասին, որի միայն մեկ խորանը «կիսով չափ բարձր է հողի մակերևույթից», իսկ «երեքը հողի տակ են», ապա Մակար Բարխուդարյանցը նշում է ՝ «Դամբարանս ստորերկրեայ է և բաղկացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ, Բ-ն միջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է, Դ-ն փոքր մատուռ է»։

Եկեղեցու կառուցման արձանագրությունը տեղում չի պահպանվել։ ժամանակին այն տեսել են Սարգիս Ջալալյանցն ու Մակար Բարխուդարյանցը։ Ս․ Ջալալյանցը գրում է. «Ի դրան եկեղեցուաց ։ՋԾԵ։ թուին Ես Պետրոս եպիսկոպոս յիշատակ է եկեղեցի զվանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց» (Ջալալեանց 1858, 333)։ Այսինքն, ըստ Սարգիս Ջալալյանցի, եկեղեցին կառուցվել է 1506 թվականին, և այն կառուցել է Պետրոս եպիսկոպոսը: Ըստ Մակար Բարխուդարյանցի ընթերցման եկեղեցին կառուցվել է 1621 թվականին Դավիթ եպիսկոպոսի կողմից. «Թվ. :ՌՀ: Դաւիթ եպիսկոպոս. յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց» (Բարխուտարեանց 1895, 108)։ Բարխուդարյանցին կրկնում է Երվանդ Լալայանը՝ բառացիորեն մեջբերելով Բարխուդարյանցի ընթերցածը (Լալայան 1897, 149): Այսպիսով, Մակար Բարխուդարյանցն ու Երվանդ Լալայանը եկեղեցու կառուցման թիվ են նշում 1621 թվականը։

Նշենք, որ եկեղեցու խորանի հյուսիսային ու հարավային կողմերում տեղադրված խաչքարերի արձանագրություններն ունեն 1576 և 1586 թվականները (նկ. 2, 3):

Նկ. 2 Խորանի հյուսիսային կողմի արձանագիր խաչքարը, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 3 Խորանի հարավային կողմի արձանագիր խաչքարը, 2022 թ., լուս․ Վ․Սաֆարյանի։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Կարմիր եկեղեցին միանավ թաղածածկ, կիսաշրջանաձև խորանով կառույց է (նկ․ 4, 5)։ Եկեղեցու միակ մուտքը բացվում է հարավից։

Խորանի արևելյան հատվածում պահպանվել է փոքր, դեպի ներս լայնացող լուսամուտը։

Ծովատեղի եկեղեցին կառուցվել է կոպտատաշ քարով։

Նկ. 4 Կարմիր եկեղեցին արևմուտքից, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 6 Կարմիր եկեղեցին մինչև պեղումները, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 8 Արձանագիր քար, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 5 Կարմիր եկեղեցու հատակագիծը, 2022 թ., չափումները՝ Մ․ Սարգսյանի։

Հնագիտական պեղումների արդյունքները

Եկեղեցու ամբողջ դահլիճը 0,50-0,80 մետր հաստությամբ ծածկված է քարի ու հողի կույտով, այս շերտի տակ սկսվում է մաքուր կավահողի շերտ:

Կարմիր եկեղեցին բուսականությամբ պատված և ավերակված վիճակում էր (նկ․ 6, 7)։ 2022 թվականին այստեղ իրականացվել են պեղման և մաքրման աշխատանքներ (Հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Վարդգես Սաֆարյան, ճարտարապետ՝ Մանվել Սարգսյան)։

Հնագիտական պեղումների հիմնական նպատակն էր գտնել մելիք Փաշայաններին պատկանող դամբարանը, սակայն համապատասխան թաղումներ այդպես էլ չեն հայտնաբերվել։ Փոխարենն ի հայտ են եկել տարբեր ժամանակներին պատկանող խաչքարերի բեկորներ (նկ․ 7), արձանագիր քարեր (նկ․ 8), խեցանոթների բեկորներ տանիքի ծածկի սալերի մասեր, խաչքարերի երկու բեկոր (նկ․ 9)։

Նկ. 7 Խաչքարերի բեկորներ, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 9 Խեցանոթների բեկորներ, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Մասնավորապես հետաքրքիր է 12-13-րդ դարերին վերաբերող խաչքարի ներքնամասը, որը որպես շինաքար տեղադրվել է եկեղեցու ավագ խորանի հյուսիս-արևելյան անկյունում։ Այն ներկայացնում է Արցախի այդ ժամանակի խաչքարերում բավականին տարածված, «ընտանեկան դիմանկարի» թեման, ուր հարազատների միջավայրում ներկայացված է հանգուցյալը: Արձանագրությունը, թեև վնասված է, բայց տեքստը հիմնականում հնարավոր է վերականգնել. «[Ես Գ]որգ/ [կա]նգեցի [խ]աչս ի վ[եր]ա տապանակ/[ի ո]րդո իմ/ [Թ՞]եւանի: Որ կարդ/[աք՝ յաղաւթս յիշեցէք]» (նկ․ 10):

Նկ. 10 Արձանագիր խաչքարր խորանի հյուսիս-արևելյան անկյունում, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Եկեղեցու հարավային պատի մեջ, հորիզոնական դիրքում ագուցված են 12-13-րդ դարերի այլ խաչքարեր ևս (նկ. 11, 12), իսկ հյուսիսային և արևմտյան պատերում որպես շինաքար օգտագործվել են տապանաքարեր (նկ․ 13-15):

Խորանի հարավային ու հյուսիսային հատվածներում տեղադրված խաչքարերը ամրացված են կրաշաղախով, ընդ որում խաչքարերի ստորին զարդանախշ մասերը մնացել են շաղախի տակ:

Նկատի ունենալով, որ Մ․ Բարխուդարյանցի նշած դամբարան-մատուռը կարող է լինել հարավային ավանդատան տակ, ուստի հետախուզական հորատում է դրվել հարավային խաչքարի առջևի հատվածում։ Մատուռի հետքեր չեն գրանցվել, բայց բացվել է մի հիմնահողային թաղում՝ առանց դագաղի: Հանգուցյալի ուղղվածությունն արևմուտք արևելք է, ձեռքերը՝ փորին ծալած։

Նկ. 11 Եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված 12 –13 -րդ դարերի խաչքարեր, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 12 Եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված 12 –13 -րդ դարերի խաչքարեր, 2022 թ., լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 13 Հյուսիսային պատի տապանաքարից մեկը, 2022 թ., լուս․ Վ․Սաֆարյանի։

Նկ. 14 Արևմտյան պատի տապանաքարերը, 2022 թ., լուս․ Վ․Սաֆարյանի։

Նկ. 15 Արևմտյան պատի տապանաքարերը, 2022 թ., լուս․ Վ․Սաֆարյանի։

Մաքրելով դահլիճը՝ բացվել է հյուսիսային պատի հատվածը, որտեղ տեղադրված է մի տապանաքար: Հետաքրքիր է, որ այդ պատին կից՝ դրսից, բացվել է ևս մեկ թաղում հարավայինին զուգահեռ, ինչը թուլ է տալիս եզրակացնել, որ եկեղեցի-մատուռը կառուցվել է հին գերեզմանատան վրա, որի տապանաքարերը առատորեն օգտագործվել են նոր կառույցում։

Պեղումների շնորհիվ հուշարձանը մաքրվել ու դիտարժան է դարձել։ Մաքրման աշխատանքները հնարավորություն են տվել նաև չափագրել եկեղեցին։

Գրականության ցանկ

1․ Ջալալեանց 1858 - Սարգիս Ջալալեանց Ճանապարհորդութիին ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփղիս։

2․ Բարխուտարյանց 1895 - Մակար եպիս․ Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արոր», Բաքու։

3․ Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ, «Հայաստան» հրատ․, Երևան:

Նոր տվյալներ Ծովատեղ գյուղի Կարմիր եկեղեցու վերաբերյալ
Ծովատեղ գյուղի Կարմիր եկեղեցի
Ծովատեղ գյուղի Կարմիր եկեղեցի
Արցախ