Գերեզմանոցի տարածքում պահպանվել են բազմաթիվ, ինչպես պարզ, անմշակ սալաքարերից դրված տապանաքարեր, այնպես էլ կանոնավոր մշակված օրորոցաձև հուշաքարեր խաչքարերի բեկորներ (նկ․ 2, 3, 4)։ Դրանց մեջ առանձնանում է գերեզմանոցի կենտրոնում, ծառին հենված 13-րդ դարին բնորոշ մի ամբողջական խաչքար (նկ․ 5): Այն ունի հյուսածո քանդակներով լայն քիվ: Ստորին մասում կենտրոնական խաչաթևի երկու կողմերում և նրանցից ներքև տեղադրված պատկերաքանդակը ներկայացնում է այսպես կոչված «ընտանեկան դիմանկար», որը նույնպես Արցախի խաչքարային պատկերաքանդակի հիմնական թեմաներից է։