Շոշի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Տեղադրությունը
Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղամիջում (նկ. 1, 2):


Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։
Պատմական ակնարկ
Սուրբ Ստեփանոս եկեղեցին համաձայն հյուսիսային մուտքի բարավորի վրայի կիսաեղծ շինարարական արձանագրության (նկ. 3) կառուցվել է 1655 թվականին. ‹‹… շինեցաք զսուրբ Ամենափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ննջեցելոց. ի հայրապետութեան Աղուանից տեառն Երեմիայի … եւ ի մերոցս նահանգի աթոռն … տէր Գրիգորն եւ տէր Դավիթ եպիսկոպոսաց: Ես մեղաւորս տէր Դաւիթ էրեցս եղէ պատկառ. Յիշ[եցեք] ի տէր հանդերձ :ԺԵ: (15) քահանայիւ. զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի տէր. թվ. :ՌՃԴ: (1655) էր: Յաղաւթս յիշեցէք: Տէր Յիսուս Քրիստոս Աստուած ողորմեա ննջեցելոցն›› (ԴՀՎ 5, 145-146): Արձանագրությունը որոշ տարբերություններով հանդերձ, իր «Արցախ» աշխատության մեջ առաջինը հրատարակել է Մակար Բարխուդարյանցը: Թեև արաձանգրությունը եկեղեցին կոչում է սուրբ Ամենափրկիչ, այն գյուղում հայտնի է Սուրբ Ստեփանոս անվամբ (Բարխուտարեանց 1895, 133)

Նկ. 3 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղածածկ շինություն է։ Կառուցված է հիմնականում կոպտատաշ և անտաշ փոքր քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն մուտքի քարերը, եկեղեցու անկյունաքարերը և լուսամուտների անկյունաքարերը (նկ. 4, 5 Կառույցի սկզբնական լուսամուտները (ինչպես օրինակ արևելյան ճակատի պահպանված լուսամուտը) փոքր են, հետագայում՝ թերևս 19-րդ դարում կամ խորհրդային տարիներին, երբ շինությունն օգտագործվել է տնտեսական նպատակներով հարավային և հյուսիսային պատերին բացվել են ևս երկու անհամաչափ մեծ լուսամուտներ։ (նկ. 6, 7)։ Եկեղեցին, ինչպես նշում է Մակար Բարխուդարյանցը, ‹‹կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 60 սանթիմ›› (Բարխուտարեանց 1895, 132):

Նկ. 4 Եկեղեցու անկյունայի ճակատներից, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 6 Եկեղեցու հյուսիսային ճակատի լուսամուտը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 5 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 7 Եկեղեցու հարավային ճակատի լուսամուտը, լուս. Ա․ Գրիգորյանի:
Եկեղեցու պատերի մեջ կարելի է տեսնել խաչքարերի բեկորներ, որոնց վրա կան արձանագրություններ (նկ. 8, 9): Այսպես, բեմի ճակատին ագուցված է խաչքարի բեկոր թվակիր արձանագրությամբ. ‹‹Թ[վին] :ՌՃԴ: էր (1655 թ.)››, սրա կողքին ագուցված է ևս մի խաչքարի բեկոր ‹‹թվ[ին] :ՌՃ: (1651)››, ևս մի խաչքարի բեկոր ագուցված է եկեղեցու հյուսիսային ավանդատան մուտքի ճակատին, վրա կարդում ենք. ‹‹Թի[ի]ն :ՌՃԿԱ: (1712 թ.)›› (ԴՀՎ, 5, 146): Ներքուստ ընդարձակ այս շինության թաղակապ ծածկը հենվում է աղոթասրահի երկայնական պատերի որմնամույթերից սկզբնավորվող կամարների վրա (նկ. 10, 11):

Նկ. 8 Եկեղեցու պատի մեջ ագուցված խաչքարի արձանագիր բեկոր, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 10 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 9 Եկեղեցու բեմի ճակատի մեջ ագուցված արձանագիր խաչքարի բեկոր, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 11 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին թեև չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, սակայն գտնվում է վթարային վիճակում, առկա են խոշոր ճաքեր պատերին, տանիքին փլվածքի հետևանքով անցք է գոյացել (նկ. 12):

Նկ. 12 Եկեղեցու տանիքի վնասված հատվածը, լուս. Ա․ Գրիգորյանի։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, «Արօր»։
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պ. 5, Արցախ, Երևան, 1982։
Շոշի Սբ․ Ստեփանոս եկեղեցին
Արցախ